Հասարակություն

«Հրապարակ». Երբ ես իմ որդու սառած մարմինն էի փնտրում, իշխանությունը գինու փառատոն էր անում

«Հրապարակ». Երբ ես իմ որդու սառած մարմինն էի փնտրում, իշխանությունը գինու փառատոն էր անում

Հունվարի 27-ը որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու հարցի շուրջ ընդդիմությունն ու իշխանությունն այդպես էլ համաձայնության չեկան: Նախագծի հեղինակ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Մենք ուզում ենք սահմանել օր, երբ որ ՔՊ-ականը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի շիրիմի առաջ, դաշնակցականը կխոնարհվի հայրենիքի համար զոհված ՔՊ-ականի շիրիմի առաջ, եւ այսպես շարունակ», սակայն ընդդիմությունն անընդունելի համարեց օրվա ընտրությունը՝ Բանակի օրվա՝ հունվարի 28-ի նախորդ օրը, եւ դեմ քվեարկեց:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հունվարի 27-ը հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր սահմանելը ճիշտ չի համարում: Նրա համոզմամբ՝ այդկերպ իշխանությունը թիրախավորում է Բանակի օրը՝ հունվարի 28-ը․ «Այնուամենայնիվ, ենթատեքստը թիրախն է հայոց բանակի: «Զոհ» բառը զուգակցվում է բանակի հետ: Ավելի շատ փիառ ակցիա է»: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ես իրոք չեմ հասկանում․ ասում եք՝ թիրախը բանակն է, ինչո՞վ է թիրախը բանակը: Պարոն Մինասյան, հայրենիքի պաշտպանության համար զոհվածների գերակշիռ մեծամասնությունը հայրենիքի պաշտպանության համար զովել է բանակում, ակնհայտ է, չէ՞, այդ կապը, ես իրոք չեմ հասկանում՝ ի՞նչն է փիառ ակցիա: Այսքան զոհեր ենք ունեցել, վերջապես խաղաղություն է հաստատվել, վերջապես շունչ քաշելու ժամանակ ունենք, ու ես կարծում եմ՝ դա ամենաքիչն է, ինչ կարող ենք անել՝ նման օր սահմանելը, մեր զոհերի հիշատակը հարգելու համար»: Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ իշխանությանը ոչինչ չէր խանգարում ընդդիմության հետ համաձայնությամբ ընտրել հիշատակի օրը: Մինասյանը հիշեցրեց, որ մինչեւ 2-րդ ընթերցմամբ քննարկումը Ռուբինյանն առաջարկել էր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանել Խաչվերաց տոնին հաջորդող օրը, ինչն ընդունելի է եղել ընդդիմության համար, սակայն իշխող ՔՊ-ն հետո դեմ է արտահայտվել այդ առաջարկին եւ հիշատակի օր սահմանել հունվարի 27-ը:
«Կա մի խմբի կողմից պար­տա­դրանք, հետեւաբար՝ մեր խմբակցությունն այս վարքագծին դեմ է քվեարկելու, ոչ թե հիշատակմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ռուբինյանը բացատրեց՝ իշխանությունն ընտրել է հիշատակի այնպիսի օր, որը կապված չէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, իսկ Խաչվերաց տոնին հաջորդող օրվան ՔՊ-ն դեմ է եղել, որովհետեւ այդ օրը շարժական է, եւ հետո՝ Խաչվերացին հաջորդող մեռելոցի օրը հիշատակի օր է բոլոր ննջեցյալների համար, ոչ կոնկրետ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների: «Ինձ դուր է գալիս՝ ինչպես է Գեղամ Նազարյանը ձեւակերպում. առաջին օրը կհիշենք մեր երկնային բանակը, հաջորդ օրը՝ մեր երկրային բանակը»,- ասաց Ռուբինյանը: 

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանն այս մասին ասում է. «Հունվարի 27-ը սգո օր սահմանելն իշխանության համար ձեւական մի բան է: Հա, գուցե նրանք նաեւ ինչ-որ միջոցառումների էլ են մասնակցում, Փաշինյանն էլ լավ եղավ` դերասանի նման, բայց այն ժամանակ, երբ մենք մեր տղաների մարմիններն էինք փնտրում, նրանք ֆեստիվառներ ու փառատոներ էին կազմակերպում: Իրականությունը սա է: Երբ ես իմ որդու սառած մարմինն էի փնտրում, իշխանությունները գինու փառատոնի ժամանակ զվարճանում էին, ուրախանում, երգում, պարում: Այս իշխանության ամեն ինչը կեղծ է, անգամ նրանց բերած խաղաղությունն է կեղծ, ոչ մի դեպքում նրանք չեն կարող մեր երկրին խաղաղություն բերել»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image