Հասարակություն

Ինչ ընթացք կունենա առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը

Ինչ ընթացք կունենա առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը

Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի 10-12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողով։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք․ «Ի հետեւումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով առաջիկայում կայանալիք այս՝ Եպիսկոպոսաց ժողովին, այն համարել է «բեկումնային» ու ներկայացրել երեք հնարավոր սցենար, թե ինչ ընթացք կարող է ունենալ այդ ժողովն ու ինչ արդյունքների կարող է հանգեցնել։ Բովանդակային առումով՝ ընդհանուր գծերով համակարծիք լինելով քաղաքագետ Սուրենյանցի ներկայացրածի հետ, սակայն նկատենք, որ, մեր կարծիքով, այն «բեկումնային» չէ, այլ՝ «շատ կարեւոր», քանի որ բեկումնային կարող է դառնալ, օրինակ, Ազգային եկեղեցական ժողովը, որը կարող է հետեւել Եպիսկոպոսաց ժողովին, եթե, իհարկե, որոշվի, որ նման բան պետք է արվի։ Բացի այդ, կարծում ենք, որ այն, ամենայն հավանականությամբ, կընթանա «ոսկե միջինի» ճանապարհով, եւ արդյունքում կստացվի մի իրավիճակ, որը կարելի կլինի անվանել «ճգնաժամի կառավարում»։

Սա նշանակում է, որ առաքելական եկեղեցու վերնախավում, հավանաբար, սուր առճակատումներ չեն լինի։ Կփորձեն գտնել փոխզիջումային որոշումներ, որոնք կգոհացնեն եկեղեցական վերնախավում եղած բոլոր թեւերին։ Ի դեպ, Ռուսաստանն ուսումնասիրող մասնագետների շրջանում կա հայտնի թեզ, թե «Կրեմլը մեկն է, բայց այն ունի բազմաթիվ աշտարակներ»։ Թող շատ հանդուգն չդիտվի, սակայն առաքելական եկեղեցու պարագայում կարելի է կիրառել համարժեք մի թեւավոր խոսք․ «Մայր տաճարը մեկն է, բայց ունի մի քանի զանգակատուն»։ Պատկերավոր ասած՝ կլինեն թեժ քննարկումներ, բանավեճեր եւ այլն, սակայն վերջնական արդյունքում` եկեղեցական ներքին կյանքին առնչվող հարցերում կփորձեն գալ ընդհանուր հայտարարի՝ փոխզիջումային տարբերակի, որպեսզի, պատկերավոր ասած, «ե՛ւ մայր տաճարի միասնականությունը պահպանվի, ե՛ւ բոլոր զանգակատներից հնարավոր լինի լսել ղողանջները»՝ առանց մանրամասների մեջ խորանալու։

Սա չի նշանակի, թե տարիներով կամ տասնամյակներով կուտակված խնդիրները կկարգավորվեն, բայց գոնե կարճաժամկետ հեռանկարում եկեղեցական վերնախավում որոշակի կոնսենսուս կձեւավորվի։ Դա, ի դեպ, կարող է լինել «եկեղեցական վերնախավի նոր «ստատուս քվո»»՝ կրկին առանց փակագծեր բացելու։ Առավել հետաքրքիրն ու ինտրիգայինը թերեւս այն կլինի, թե Եպիսկոպոսաց ժողովը կկարողանա՞ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն հաղթահարելու առաքելական եկեղեցու վերնախավի եւ Հայաստանի գործող քաղաքական մեծամասնության վերնախավի միջեւ հակամարտությունը։ Սա կարող է լինել ժողովի օրակարգային ամենաբարդ հարցերից մեկը։

Եվ, ի վերջո, նկատի ունենալով Բագրատ ու Միքայել արքեպիսկոպոսների՝ վերջին օրերին «Հրապարակում» տպագրված հայտարարությունները եւ Մկրտիչ եպիսկոպոսի՝ այդ հայտարարություններին միանալու տեքստը, հարց է առաջանում, թե արդյո՞ք հնարավոր կլինի ապահովել երեք բարձրաստիճան եկեղեցականի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովի նիստերին, եւ եթե նրանք չմասնակցեն, նրանց բացակայությամբ կայացված որոշումների հետ կապված՝ իրենց համաձայնությունը կհայտնե՞ն, թե՞ ոչ, եւ եթե հայտնեն, ապա՝ ի՞նչ ձեւով։ Ի դեպ, այս հարցից մեծ մասամբ նաեւ կախված կլինի այն, թե արդյոք Հայաստանի իշխանությունները «եկեղեցական թեմատիկայի» հետ կապված հարցերում պատրաստ կլինե՞ն որեւէ զիջման գնալու, թե՞ ասպատակումը շարունակելու են մինչեւ վերջ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image