«Հայաթ Թահրիր ալ Շամի» զինյալների կողմից Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը գրավելուց հետո, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 14-ին Դամասկոս-Երևան ուղիղ չվերթով Հայաստան կժամանի սիրիահայերի առաջին խումբը։
«Հրապարակի» հետ զրույցում Հովհաննես Ալեքսանյանն ասաց, որ դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի կեսը նախատեսված էր Հալեպ-Երևան չվերթի վերաբացում և այդ հետաձգված չվերթը՝ իսլամիստների կողմից Հալեպի օդանավակայանը գրավելուց հետո տեղափոխվել էր Դամասկոս՝ Դամասկոս-Երևան երթուղով իրականացնելու համար:
«Այս ընթացքում Հալեպում բնակվող տասնյակ ընտանիքներ հասցրել էին դուրս գալ քաղաքից, երբ առաջին մեկ-երկու օրերին դեռևս հնարավոր էր ոչ թե կենտրոնական Հալեպ-Դամասկոս ավտոմայրուղով, այլ երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից: Մի մասը կենտրոնացած էր Լաթաքիայում, զգալի մասը՝ Դամասկոսի շրջանում: Ահա այս հայրենակիցների զգալի մասն անշուշտ ցանկություն ուներ Դամակսոս-Երևան չվերթով գալ Հայաստան: Ուզում եմ նշել, որ մի մեծ խմբաքանակ հայրենակիցների, ովքեր տարբեր պատճառներով ուզում էին Սիրիան լքել, ավելի արագ, Բեյրութ-Երևան չվերթներով մի մասն արդեն Հայաստանում են, մյուս մասը ձեռք են բերել տոմսեր: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը գործընկեր կազմակերպությունների, անհատների միջոցով շուրջ երկու տասնյակ օդանավի տոմսեր էր ձեռք բերել անվճար՝ ոչ պետական միջոցներով, բարերարների միջոցով և այս պահի դրությամբ, ըստ էության, Դամասկոսի, Լաթաքիայի և Հալեպի օդանավակայաններից, որոնք միջազգային օդանավակայաններ են, անցումային իշխանությունները միջազգային չվերթ իրականացնելու թույլտվություն չեն տվել: Ստացվում է, որ այս չվերթը չեղարկվում է, բայց հայրենակիցների մի զգալի մասը արդեն Բեյրութ-Երևան չվերթով՝ կոմերցիոն չվերթներով վերադառնում են Հայաստան»,-ասաց Ալեքսանյանը:
Կան նաև սիրիահայեր, ովքեր դեպքերի արագ զարգացման և նոր անցումային իշխանությունների կողմից տրված խոստումներից հետո նախընտրել են առայժմ մնալ Սիրիայում և վերադառնալ Հալեպ:
«Եվ մեզ խնդրել են անգամ ձեռք բերված տոմսերը ետ վերադարձնել: Այս պահին այսպիսի տեղեկատվություն ունենք: Ուզում եմ նշել նաև, որ Բեյրութ-Երևան չվերթները մեկի փոխարեն շաբաթական երկուսն են արդեն դեկտեմբեր ամսին»,-նշեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակիցը:
Թե քանի սիրիահայ էր տոմս ձեռք բերել, Ալեքսանյանն ասաց, որ չի կարող ասել՝ «Ալ Շամ» ավիաընկերությունից է պետք հետաքրքրվել։
Սակայն տեղեկացրեց, որ Բեյրութ- Երևան չվերթով ժամանող անհատներ և ընտանիքներ եղել են և հայրենադարձության կենտրոնում Սիրիայից հայրենակիցներ են ընդունել:
«Քանակը դժվար է նշել, քանի որ հայրենակիցների մի մասը օդանավի տոմսերը ձեռք են բերում կամ սիրիական անձնագրով կամ հայկական անձնագրով և նրանցից շատերը Հայաստանի քաղաքացի են ու դժվար է հստակ թիվ նշել: Ցանկալի կլիներ, որ ուղիղ չվերթ երաշխավորվեր, բայց նոր իշխանությունները իրենց որոշումով, գիտեք, ուզում են գործարկել պետական մարմինները, պետական կառույցները, այդ թվում նաև օդանավակայանները, որոնք գտնվում են տրանսպորտի նախարարության ենթակայության ներքո, այդպիսի թույլտվություն չեն տվել և սա է պատճառը, որ Հալեպ-Երևան կամ Դամասկոս-Երևան չվերթներ դեռ հնարավոր չի եղել իրականացնել»,-ասաց Ալեքսանյանը:
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը համայնքների հետ աշխատանքներ իրականացնելիս մշտապես կապի մեջ է դեսպանությունների հետ՝ դրանք կլինեն Դամասկոսում ՀՀ դեսպանությունը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսարանը, Բեյրութում ՀՀ դեսպանությունը կամ նույնիսկ Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը, քանի որ անցած տարի Իսրայելում ռազմական գործողությունների պատճառով մեր հայրենակիցներին տարհանելու խնդրի առաջ էին կանգնել․ կապի մեջ են նաև համայնքային կառույցների հետ:
«Մենք հաճախ ուղղորդում ենք մեր հայրենակիցներին, ովքեր դիմել են մեզ, օրինակ, վիզայի ստացման, փաստաթղթերի փոփոխման, մկրտության թերթիկների, մկրտության վկայականների կնքման խնդրանքով և այլն: Մշտական կապի մեջ ենք և այդ կապը նոր չի ձևավորվել»,- շեշտեց Հովհաննես Ալեքսանյանը:
Հարցին, իսկ որևէ ծրագիր կա՞, թե Հայաստան տարհանված սիրիահայերին որտեղ են ապրելու տեղ հատկացնելու կամ ինչպես են ապահովելու մեր հայրենակիցներին սնունդով ու այլ պարագաներով, ինչպես են իրականացնելու առողջապահական, կրթության, աշխատանքով ապահովելու հարցերը, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի վարչության պետն ասաց, որ այս պահի դրությամբ այդպիսի մի ծրագրի մշակման փուլում են և ունեն նաև նախկինից գործող ծրագրեր։ 2011-ից ինչ սկսվել է սիրիական հակամարտությունը, ավելի քան տասը տարի ՀՀ կառավարությունը հաստատել է սիրիահայերի անվճար պետական առողջապահական աջակցության ծրագիր, որը մինչև հիմա էլ գործում է: Արտահերթության սկզբունքով վիրահատական և առողջության վերականգնման անվճար պետական միջոցառումներից սիրիահայերը օգտվում են և այս ծրագիրն իր արտահերթության և հրատապ լուծումներով բացառիկ ծրագիր է, գործել է նաև սիրիահայերի բուհերի, ուսուցման, սուբսիդավորման ծրագիր և ունեն գործընկեր-կազմակերպություններ, որոնց միջոցով կկարողանան որոշակի աջակցություն տրամադրել՝ իհարկե չեն կարողանա ամբողջ ծավալով դա ապահովել՝ շեշտեց Ալեքսանյանը:
«Մենք համապատասխան զեկույց և առաջարկություններ ներկայացնելու ենք և հուսով եմ, որ այդ մասին շուտով կունենանք հրապարակելիք նյութ»,-եզրափակեց Հովհաննես Ալեքսանյանը: