Հասարակություն

ՀՀ ՊՆ-ում գժե՞ր են աշխատում

ՀՀ ՊՆ-ում գժե՞ր են աշխատում

ՀՀ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ն․ Դավթյանը եւ ՀՀ միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության 11-րդ բաժնի պետ Գ. Հարությունյանը իր կենսաթոշակի հաշվարկների մեջ անճշտությունների մասին ՀՀ շարքային քաղաքացի Էդիկ Անդրեասյանի դիմումը մոտ մեկ ամիս ֆուտբոլի գնդակի նման իրար փոխանցելուց հետո վերջապես պատասխան են գրել Էդիկ Անդրեասյանին: Իսկ քաղաքացի Էդիկ Անդրեասյանը, ծանոթանալով այդ նամակների բովանդակությանը, հասկացել է, որ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ն. Դավթյանը չգիտի, թե ինչ է անում ՀՀ միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության 11-րդ բաժնի պետ Գ. Հարությունյանը: Բայց գուցեեւ գիտի, Էդիկ Անդրեասյանն ի՞նչ իմանա` ո՛չ մեկին է ճանաչում, ո՛չ մյուսին:

Մի խոսքով, Ն. Դավթյանը Գ. Հարությունյանին գրում է, որ Էդիկ Անդրեասյանի կենսաթոշակի հաշվարկի մեջ սխալ կա, եւ որ այնտեղ պետք է ավելացնել «Կիրշին» տրեստի 2-րդ շինվարչությունում նրա աշխատանքի ժամանակահատվածը: Գ Հարությունյանը, սակայն, Ն. Դավթյանի հայտնած այդ տեղեկությունը մի փոքր այլ կերպ է հասկանում եւ արդեն իր գրության մեջ նշում, որ «Կիրշինի» ժամանակահատվածը հաշվարկվել է, բայց, ահա, ՊՆ հարցում են ուղարկել, որտեղից պատասխան է ստացվել, որ 12.01.1992- 27.01.1996 ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում Էդիկ Անդրեասյան անունով մարդ չի եղել: Կայֆ ա, չէ՞:

Արա ՊՆ, դուք գիտե՞ք, որ 1992 թվին պատերազմ էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հրամանագրով պահեստի սպաների զորահավաք է եղել, որ այդ հավաքին բանակ է գնացել նաեւ Էդիկ Անդրեասյանը, որին նշանակել են Առաջին դեսանտա-գրոհային բրիգադի երկրորդ գումարտակի 1-ին վաշտի դասակներից մեկի հրամանատար: Մի քանի ամիս անց Էդիկ Անդրեասյանին առաջ են քաշել` նշանակելով գումարտակի շտաբի պետի տեղակալ:  Ավելի ուշ՝ 1994 թվականին, երբ զինադադար տեղի ունեցավ, Էդիկ Անդրեասյանին տեղափոխեցին ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ «Հայ զինվորի» խմբագրություն, որտեղից էլ 1996 թվականին նա զորացրվեց: Արա ՊՆ, այդ ամբողջ ընթացքում Էդիկ Անդրեասյանը, որպես Հայոց բանակի սպա, զենք է կրել` տրված ՊՆ-ի կողմից: Դուք գոնե տեղյա՞կ եք, թե այդ զենքն ուր է… Հանձնել եմ, հանձնել, մի անհանգստացեք: Եթե չհանձնեի, ինձ չէին զորացրի: Մի հատ լավ նայեք ձեր թղթերը:  Ես վստահ եմ, որ մեր ՊՆ-ն աշխարհի ամենաթափթփված հիմնարկներից մեկն է, գիտեմ, որ այստեղ անգրագետների, տուպոյների եւ անպատասխանատու մարդկանց մի հսկա բանակ է աշխատում: Բայց, քավ լիցի, մտքովս երբեք չեմ անցկացրել, որ այնտեղ կարող էին նաեւ գժեր աշխատել:

Էլ չերկարացնեմ: Հարգելի Միասնական սոցիալական ծառայություն, նորից վերահաշվարկեք թոշակս եւ մարդավարի վճարեք: Հարցը մի քանի հարյուր դրամը չէ, ես այդ թոշակի հույսին չեմ եւ այս աղմուկն էլ բարձրացրել եմ ոչ թե ինձ համար, այլ մեր բոլոր տարեց քաղաքացիների, որոնց տարատեսակ ձեւերով ֆռռացնում ու պահում եք սոցապ-հիմնարկությունների դռներին:

Ի դեպ, «Դպրություն» թերթում աշխատածս տարիներն էլ չէիք գտնում: Այդ ինչպե՞ս հանկարծ գտաք, երբ ձեզ ասացի, որ «Դպրություն» թերթում Նիկոլ Փաշինյանի հետ եմ աշխատել, ու չի կարող պատահել, որ Նիկոլի կենսագրության մեջ այդ տարիները լինեն, իսկ իմ կենսագրության մեջ` ոչ: Սա էլ՝ ձեզ հիշեցում այն մասին, որ Նիկոլն իմ աշխատանքային ընկերն է եղել, եւ ես կարող եմ գրեթե Նիկոլի նման բարկանալ եւ ոմանց փռել ասֆալտին… Նորից նամակ գրեք ՊՆ-ին, ասեք՝ հո դուք էշ չե՞ք, արա, ո՞նց թե Էդիկ Անդրեասյան անունով սպա չեք ունեցել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image