Հասարակություն

Ձեր կյանքի պուրակը ձեր գլխին կպնի

Ձեր կյանքի պուրակը ձեր գլխին կպնի

Կյանքում առաջին անգամ եմ դիմում հակակոռուպցիոն մարմնին: Դիմելու ձևն էլ չգիտեմ, այ մարդ: Կարճ ասած՝ հարգելի հակակոռուպցիոն մարմին, մի հատ տեղներիցդ շարժվեք ու հետաքրքրվեք, թե ինչով են զբաղված նիկոլենք Երևանի բուսաբանական այգում: Նախապես ասեմ, որ վերջերս այն կողմերում երևացել է Նիկոլի բանջարաբոստանային կուլտուրաներից ամենաակնառու կուլտուրան՝ Դդումը: Կարծում եմ՝ այս փաստն արդեն ինքնին խոսում է այն մասին, որ Փաշինյանի աշխատակազմին էլ են տեղեկություններ հասել, որ նիկոլենք բուսաբանական այգում ինչ-որ մախինացիաներ են անում, որոնք պետք է հանրությունից ծածուկ մնան: Այգու մասին իմ նախկին հրապարակումներին, մեծարգո հակակոռուպցիոն մարմին, դու այդպես էլ չարձագանքեցիր՝ համարելով, որ անելիք չունես: Բայց դա այդպես չէ, և հիմա իսկը գործին խառնվելու ժամանակն է:

Ասեմ, որ միայն դեգեներատ կառավարությունները կարող էին որոշում կայացնել «Կյանքի պուրակ» կառուցել արդեն իսկ կանաչապատ և բարեկարգ տարածքում: Մեր կառավարությունը դա արել է: Երևանում կարծես ուրիշ տեղ չկար «Կյանքի պուրակ» կառուցելու, և պիտի այն կառուցեին հենց բուսաբանական այգու տարածքում՝ կանաչ ծառուղիների, հաստաբուն ծառերի, տնկարանների, մի կերպ խելքի բերված ոռոգման համակարգի, գեղատեսիլ կասկադի, հնամենի խաչքարի և, ներողություն, խորհրդային տարիների զուգարանի հաշվին: Բացի այդ՝ Երևանի բուսաբանական այգին ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի՝ Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնն է, որ գիտահետազոտական հաստատություն լինելուց զատ նաև Հայաստանի անտառների ու կանաչապատ տարածքների վերականգնման ամենապատասխանատու օղակներից մեկն է: Պատասխանատու այն իմաստով, որ դեգեներատների կառավարությունն իր հիմար նորամուծություններով չայլանդակի Հայաստանի ֆաունան ու ֆլորան:

Ինչևէ, ամեն ինչ սկսվեց 44-օրյա պատերազմում մեր դեգեներատ կառավարության կրած խայտառակ պարտությունից հետո: Կապիտուլյացիայից մոտ մեկ տարի անց, եթե չեմ սխալվում Իտալիայից 5 հազար ծառ էին բերել (այս թիվը պետք է ստուգվի) և հայտարարում էին, թե դրանք տեղափոխվելու են Երևանի բուսաբանական այգի՝ որպես մեր հերոս տղաների կյանքի խորհրդանիշ: Բերված ծառերը տեղափոխվեցին, նույնիսկ տնկվեցին այգում: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ հետո: Այո, այսպես կոչված «կյանքի» ծառերը մեռան՝ մի մասը չհարմարվելով մեր կլիմային, մի մասը՝ ծարավից, մի մասն էլ անսիրտ վերաբերմունքից: Իսկ հիմա հաշվեք թե հատը 50-60 հազարով քանի ծառ էին բերել Երևան: Տուտը չեք գտնի, ոչ մի հաշվետվություն չկա: Հարցնես՝ կասեն բա ամոթ չի՞ նման հարց եք տալիս, բա մենք մեզ թույլ կտա՞նք զոհված տղաների թվից անգամ մեկ ծառ պակաս գնել: Ծիծաղելի է… Եկեք չմոռանանք, որ դուք մեր զոհված տղաներին պլյուս-մինուս հարյուրով էիք հաշվում… 

«Կյանքի պուրակ» և «մահվան իշխանություն». համատեղելի՞ բաներ են, արդյոք սրանք: Ինչպե՞ս կարող է մահվան իշխանությունը կյանքի պուրակ կառուցել: Դա նույնն է, թե Նիկոլը գնա Եռաբլուր և կեղծ ծնկի գա նահատակների շիրիմների առաջ: Ո՞ւմ աչքերն են ուզում կապել բուսաբանական այգու տարածքում ինչ-որ պուրակ հիմնելու այս «գրանդիոզ» ծրագրով, որ միլիոնավոր դոլարների արժողություն ունի: Տեսեք-տեսեք՝ մենք հարգում ու փառաբանում ենք մեր հերոսներին: Ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, էլի հարգեիք ու փառաբանեիք, բայց ինչո՞ւ դա չարեցիք Երևանի կենտրոնում՝ քաղաքապետարանի հարակից այգում, որտեղ «վեր է խոյանում» մարտի 1-ի անմահ զոհերի անձեռակերտ հուշակոթողը: Հավանաբար այդքան միլիոններ այստեղ ծախսել հնարավոր չէր այո՞, տարա՞ծք էր պետք՝ աչքից հեռու, թույլ պաշտպանված տարա՞ծք: Եվ որոշվեց, որ դա պետք է արվի Երևանի բուսաբանական այգու հաշվին: Ասենք՝ էլ ի՞նչ բուսաբանական այգի, էլ ի՞նչ բուսաբանության ինստիտուտ, էլ ինչ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա… Հիմա պատրաստվում են բոլորին քշել ակադեմիական քաղաք, որն իր հերթին փող լվալու հրաշալի հնարավորություններ է ընձեռում մեր դեգեներատ կառավարությանը:

Մի խոսքով՝ այգին ամբողջությամբ տակնուվրա են արել, մի քանի մետր բորդյուր են շարել, մի քանի «բուլչնիկ» տեղադրել, որոշ տեղերում շեբեն փռել, խառըխշտիկ խողովակաշարեր ու էլեկտրալարեր անցկացրել, մի քանի էլեկտրասյուն տնկել և քանդել այգու միակ զուգարանը: Այսքանն արված է, չեմ ուրանա: Բայց այս ամենի հետ միասին հազարավոր ծառեր են հատել, գրեթե ոչնչացրել այգու կենդանական աշխարը, բնավեր դարձրել տասնյակ հազարավոր թռչունների, քանդել կասկադը, տարել-կորցրել այգու հիմնադրման ժամանակ այս տարածքում հայտնաբերված խաչքարը, ողջ այգին կորցրել փոշու, ցեխի և, հազար ներողություն, ք.քի մեջ: Չգիտեմ, գուցե ես լավ չե՞մ հասկանում, գուցե «Կյանքի պուրակը» հենց այսպե՞ս են կառուցում:

Այս ընթացքում այգու մի քանի տնօրեն փոխվեց: Պատճառն անհայտ է: Այդ մարդիկ, հավանաբար, չուզեցան իրենց ստորագրությունները դնել «Կյանքի պուրակի» շինարարական աշխատանքների կատարողական ի տակ, որպեսզի հետո չդատվեն: Հակակոռուպցիոն մարմին, լսո՞ւմ ես: Ավինյանի մատն է խառը այս գործում, իսկ Ավինյանը, ինչպես գիտեք, ոչինչ, նույնիսկ մետրոյի կայարան չի կառուցում: Պետք է զգոն լինել: Նկատվում է նաև Նիկոլի ձեռագիրը՝ այգու անվտանգության ուժերը քսանապատկվել են: Ո՞ւմից են պաշտպանում բուսաբանական այգին, յա թե չէ՝ «Կյանքի պուրակը»: Ավինյանից ու Նիկոլից բացի այս տարածքում են հայտնվել նաև իրական Հայաստանի շատ օլիգարխներ, որոնց ականջները երևում են կիսակառույց «լուռ» (առանց երաժշտության) սրճարանի, հսկա ավտոկայանատեղիի, այգուց օտարման ենթակա (հավանական) հողակտորների հետևից: Արդեն իսկ զգացվում է բնակարանաշինության հևքը: Աչք էլ չենք հասցնի թարթել ու կտեսնենք, որ այգուց ընդամենը Ռուբինյանց փողոցով բաժանված բազմահարկերի շարունակությունը «Կյանքի պուրակի» ներսն է անցել:

Սա էլ է հետաքրքիր: Բուսաբանական այգին, ուրեմն, մինչ այս ցանկապատված տարածք էր: Լավից-վատից ցանկապատ կար, նաև՝ երկու մուտք, որոնցով վճարովի հիմունքներով ելումուտ էին անում քաղաքացիները: Այդ գումարներով այգին գոյատևում էր, աշխատում, հանգիստ պարգևում մարդկանց: «Կյանքի պուրակը», որքան հասկանում եմ, չի կարող փակ լինել կամ քաղաքացիների համար վճարովի: Դա նոնսենս կլինի: Եվ ուրեմն ի՞նչ պետք է անեն մեր դեգեներատները, որպեսզի բուսաբանական այգու մուտքը լինի վճարովի, իսկ «Կյանքի պուրակինն»՝ անվճար: Չենք կարծում, որ Նիկոլի դեգեներատ կառավարությունը այնքան գումար կհատկացնի, որ այգին գոյատևի և աշխատի բացառապես պետության հաշվին: Հետևաբար, մնում է, որ բուսաբանական այգու մնացորդացը պարսպով բաժանվի «Կյանքի պուրակից», որպեսզի այն չզրկվի իր «եկամտի» վերջին փշրանքներից: Իսկ դա արդեն նշանակում է «այգուց տարածք գողանալ» և հատկացնել այլ նպատակի:

Սա է իրողությունը, մեծարգո հակակոռուպցիոն մարմին: Մեկ էլ չմոռանամ ասել, որ վերջին շրջանում խիստ պակասել է շինարարների թիվը: Տեխնիկա էլ գրեթե չի մնացել: Նման դեպքերում ասում են՝ կամ փողն է պրծել, կամ գործը: Ես ձեզ, հարգելի հակակոռուպցիոն մարմին, վստահեցնում եմ, որ գործը հաստատ չի պրծել: Եվ ուրեմն, մի հատ հետաքրքրվեք՝ ինչո՞ւ է պրծել այս գրանդիոզ ծրագրի փողը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image