Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանը վերջապես գտավ իրեն հասկացողին

«Հրապարակ». Փաշինյանը վերջապես գտավ իրեն հասկացողին

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր հերթական ստուգողական այցելությունն էր կատարել մարզերից մեկը: Ստուգել էր ճանապարհի վերանորոգման ընթացքը, խոսել գյուղացիների հետ՝ միաժամանակ զբաղվելով նախընտրական քարոզչությամբ: «Հրապարակն» էլ կարճ անդրադարձել էր այդ հանդիպումներից մեկին։ «Քեզ էի ման գալիս»,- Իծաքարի բնակչին ասաց Փաշինյանը, երբ նա նշեց, թե ուշադիր լսում է Փաշինյանի ամեն ելույթը, հատկապես, երբ ասել է՝ «ժողովրդին սովորեցրել են չաշխատել»։ Իծաքարցուն ի պատասխան՝ Փաշինյանը ոգեւորվեց. «Վերջապես մի մարդ կա, որ ինձ հասկանում է, քեզ էի ման գալիս»։ «Սաղ օրը իմ գործը դա է՝ քո ասածները տարածում եմ մեր ժողովրդի մեջ»,- նշեց իծաքարցին։ 

Նիկոլին եւ նրան հասկացողներին եմ ուզում դիմել` բաց նամակի տեսքով: Իրականում ինքը քեզ չի հասկանում, Նիկոլ: Եթե հասկանար, ապա մյուսների նման կասեր՝ ձեռքս կոտրվեր, 2021-ի հունիսին քեզ ձայն չտայի: Ժողովրդի չաշխատելուց «բողոքում» է գյուղացին, որը չարքաշ կյանք է վարում, չնայած տարվա մեծ մասը հողի հետ կռիվ է տալիս: Դա ես տեսել եմ իմ աչքերով, իսկ եթե իծաքարցի ծերունին նկատի ունի ոչ թե գյուղացիներին, այլ քաղաքաբնակներին, ապա, վստահաբար, այդ գաղափարը փոխ է առել հենց իր սիրելի վարչապետից, որի ամեն ելույթն ինքը տարածում է համագյուղացիների շրջանում:  

Ինչպես երեւում է, ինքն այն մարդկանցից է, ովքեր գրագիտության պակասի բերումով միշտ իշխանության կողքին են: Ենթադրում եմ, որ նա խորհրդային երկրում իշխանության համակիր էր, եթե անգամ կուսակցական տոմս չուներ: Այնուհետեւ դարձել է ՀՀՇ-ի համակիր, երբ շարժումը, իսկ հետո նույնանուն կուսակցությունը վերցրեց իշխանությունը: Ավելի ուշ եկան ԼՏՊ-ի բնութագրած՝ ղարաբաղյան կլանը ներկայացնող Քոչարյանն ու Սարգսյանը: Ու ինքը կրկին իշխանությանը փողով կամ առանց դրա ձայն տվողներից էր: Ու, վստահաբար, այդ տարիներին Նիկոլի մասին լսած էլ չկար, ուր մնաց, թե նրա ասածները տարածեր ժողովրդի մեջ, ի տարբերություն տողերիս հեղինակի, որը Նիկոլի ընտանեկան օրաթերթի նյութերը տարածում էր իր ծանոթների շրջանում: 

Մեր պետության դժբախտությունն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հույսը հենց նմաններն են, ի տարբերություն «Սինգապուրյան հրաշքի» ճարտարապետ Լի Քուան Յուի, որը հենվում էր գրագետ ու օժտված մարդկանց վրա: Ինչ վերաբերում է իծաքարցու նմաններին, ապա Լի Քուան Յուն անընդհատ նրանց դաստիարակում էր: Օրինակ, Սինգապուր կղզու միջով անցնող ջրանցքի վրայի նավակ-տնակներում ապրող մարդկանց բնակեցրեց բազմահարկերում, որպեսզի նրանք ջրանցքը չօգտագործեն որպես կենցաղում օգտագործվող ջրի աղբյուր եւ որպես ֆիզիոլոգիական կարիքների բավարարման վայր: Կամ՝ կղզու գյուղական բնակիչներին վերաբնակեցրեց բազմահարկերում եւ արգելեց բնակարաններում պահել ընտանի կենդանիներ: Ու իր անմիջական կառավարման 3 տասնամյակում կառուցեց հարեւանների (եւ ոչ միայն) նախանձը շարժող՝ զարգացած քաղաք-պետություն:         
Փաշինյանը մեկնել էր մարզ՝ նաեւ մարզասրահների գույքի (գնդակներ, ցանցեր, կախիչներ, ցնցուղներ եւ այլն) որակը ստուգելու: Բայց այդ հարցում եւս պետք է տխրեցնեմ իծաքարցի հայրիկին. բոլոր այդ ստուգումները վարչապետի պաշտոնին հարիր չեն: ՀՀ Սահմանադրությունում նշված  այդ պաշտոնի գործառույթները, ու դրանց մեջ ստուգումների իրականացում առկա չէ: Ավելի պարզ ասած՝ դրա համար գոյություն ունեն իշխանության տարբեր օղակներ՝ Իծաքարի համայնքապետարան, Տավուշի մարզպետարան, համապատասխան տեսչություն: Եթե դրանք զբաղվեն այն գործով, ինչին իրենք կոչված են, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կզբաղվեր իր անմիջական պարտականություններով ու Գանձաքար-Իծաքար հատվածում չէր հետեւի, ասենք, Հ-36 (Մ-4), «Նավուր-Բերդ-Այգեպար» հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: 

ՀԳ. Վերջերս ասում էր, որ Իսրայելի ու Սինգապուրի օրինակը բերողներն ինչ-որ բան չեն հասկանում, երբ համեմատում են ՀՀ հետ: Ես Սինգապուրում չեմ եղել` իր նման, բայց Լի Քուան Յուի 900 էջանոց ինքնակենսագրականը, այդ քաղաք-պետության մասին բազմաթիվ տեսանյութեր դիտելը բավարար են, որպեսզի պարզ լինի ՀՀ բոլոր ղեկավարների եւ «Սինգապուրյան հրաշքի» ճարտարապետի միջեւ առկա անջրպետը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image