«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել, հայտնում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են, չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից ենթադրվում է, որ նա եղել է երիտասարդ, իսկ ոտքի ոսկորների համեմատությամբ՝ ունեցել է իր ժամանակաշրջանի համար բավականին բարձր հասակ՝ մոտ 1.80 մետր։
Բայց սա դեռ ամենը չէ. մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը։
Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից:


