Հայաստանյան հեղափոխությունն, իրոք, խժռո՞ւմ է իր զավակներին՝ ինչպես Սանասարյան Դավիթն է ձևակերպել իր վերջին գրառումներից մեկում: Թե, այնուամենայնիվ, տվյալ դեպքը այն չէ, ինչ տեղի էր ունենում 18-րդ դարավերջին հեղափոխական Ֆրանսիայում: Որովհետև այնտեղ, նախ, գործարկվում էր «հեղափոխական» գիլյոտինը (մահապատժի գործիքը): Երկրորդ, այնտեղ ողջ իշխանությունն էր փոխվում՝ գիլոտինի միջոցով ուղարկվելով, ենթադրաբար, ավելի արդար աշխարհ: Ու դա կատարվում էր այնքան անսպասելիորեն, որ մարդիկ չէին իմանում, թե հաջորդ առավոտյան արթնանալիս ինչ իշխանության ներքո են օրն անցկացնելու: Իսկ Հայաստանում գիլյոտինի մասին մարդկանցից շատերը չեն էլ լսել: Եվ իշխանությունն էլ յոթ տարի մնում է նույնը, եթե իշխանություն ասելով հասկանանք ընդամենը մեկ անձի՝ երբեմնի «դուխով» Նիկոլի իշխանությունը: Այնպես որ իմ երբեմնի լավ բարեկամ Դավիթը սխալվում է՝ հեղափոխությունը մեզանում չի խժռում իր զավակներին: Ուրիշ հարց, որ անձամբ ինքն է ընկել վերը նշված անձի դրբի տակ: Իսկ դա արդեն բոլորովին այլ հարց է, ու հենց այդ այդտեղ էր Դավթի ողբերգությունը:
Բացատրեմ՝ հեղափոխությունից անմիջապես հետո Սանասարյանը, որպես ՊՎԾ ղեկավար, արդյունավետորեն պայքարում էր նախկինների դեմ: Դա չէր կարող առաջ չբերել իր «դուխով» ընկերակցի նախանձն ու նույնիսկ վախը: Ով, չնայած իր երկնած «1+1+1…» գաղափարին, իրականում հենց միայն մեկն էր ու միակը: Եվ Դավթի «հեղափոխական» հեղինակությունը նրա մեջ չէր կարող չառաջացնել սեփական անձի բացառիկ լինելու գիտակցությունը կորցնելու վախը: Ու այդ դեպքում նշանակություն չուներ, որ Դավիթը կարող էր նման մտքեր չունենալ: Որովհետև այն օբյեկտիվ բնույթ ուներ, ինչն ամրապնդվում էր Դավթի կողմից Ֆեյսբուքում առաջադրվող այն հարցադրումներով, թե որ պետական հիմնարկն էր լինելու ՊՎԾ-ի ուսումնասիրության հերթական թիրախը: Ինչը հսկայական ոգևորություն էր առաջացնում ֆեյսբուքահայության շրջանում: Դա անձամբ գիտեմ, քանի որ մասնակցել եմ այդ հարցումներին, և, բնականաբար, ծանոթ եմ առաջարկություններին:
Հենց դա էր պատճառը, որ ՊՎԾ ղեկավար նշանակվելուց ընդամենը ութ ամիս անց Դավիթի մեկ սխալն ուռճացվեց ու դարձվեց պատմություն: Իսկ դա այն էր, որ առողջապահական բնագավառի ուսումնասիրությունից հետո պարզվել էր, որ դիալեզի համար անհրաժեշտ նյութերի ներկրումը նախկինների օրոք մոնոպոլիզացվել էր: Ու փոխանակ դրա մասին խոսվեր հրապարակայնորեն, որոշվել էր, որ այդ շուկա կարող է մուտք գործել իր շրջապատից մեկը՝ կարծեմ տեղակալը, որ նաև ընկերն էր: Ինչը սովորական երևույթ էր այն օրերին, նույնն է նաև այսօր: Եվ այդ անձի բացած ընկերությունն, ի դեպ, կապ չուներ այդ ոլորտի հետ: Որքան հիշում եմ, դա փայտի գործ անող ՍՊԸ էր: Եթե այսօր ՔՊ-ական որևէ մեկի նկատմամբ գործ հարուցվի այդ հիմքով՝ դա կվերածվի զավեշտի: Կարծում եմ, որ Դավիթն էլ է հասկանում դա:
Բայց 2019-ի սկզբներին դա դարձավ հիմք, որպեսզի Դավիթն ազատվեր զբաղեցրած պաշտոնից: Ու քանի որ այդ քայլն ճիշտ հաշվարկված էր, Դավթի հեղինակությունն անկում գրանցեց: Դրան նպաստեց նաև իր կողմից կուսակցություն բացելն ու ամսական կտրվածքով կլոր սեղանի շուրջը Նիկոլի հետ քննարկումներին մասնակցելը: Որպես ցուցիչ վկայակոչեմ վերջինիս ֆեյսբուքյան գրառումներին «լայքերի» քանակի բազմակի (մի քանի հազարից մի քանի հարյուրի) անկումը: Մի քիչ զարմանալի կարող է թվալ Հայաստանի իրավապահ և հատկապես «անկախ» դատական համակարգի կողմից արժեք չունեցող գործի ձգձգումը վեցուկես տարով: Հատկապես որ վաղուց Սանասարյանը վտանգ չէր ներկայացնում Նիկոլի համար: Բայց դե անքննելի են Հայաստանում սատանայի երկրապահ՝ վարչապետի աթոռից կառչած անձի գործերը: Թեև դա միայն առաջին հայացքից, իսկ իրականում ամեն ինչ ունի իր պարզ բացատրությունը: Հաջորդ տարի տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, ու Դավիթն իր կուսակցությամբ անպայման պետք կգա իր երբեմնի բարեկամին ու վերադասին: Իսկ մեկ տարին բավարար ժամանակ է, որպեսզի Դավթի հիմնադրած կուսակցությունն ակտիվանա: Ու 2016-ի հունիսին փախցնի այն ձայները, որ կարող էին հասնել իրական ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժին: Ու այդ պատճառով էլ մեկ-երկու օր առաջ Երևանի քրեական դատարանը հրապարակեց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործով՝ հանցակազմի բացակայության հիմքով արդարացման դատավճիռը:
Ինչևէ, այն որ Դավթի գործը թխված էր, հետագայում խոստովանեց ԱԱԾ-ի պետի պաշտոնից հրաժարական ներկայացարծ Արթուր Վանեցյանը: Վերջինս մի անգամ հայտարարեց, որ Նիկոլը հատկապես կենտրոնացած էր Դավթի «գործն» առաջ մղելու վրա: Չնայած, ըստ Վանեցյանի, այդ ժամանակ շատ ավելի ծանր գործեր կային, որ ջրվում էին Նիկոլի հրահանգով (Վանեցյանն այլ բառեր էր օգտագործել, սակայն իմաստը դա էր): Իսկ Դավիթը երևի մինչև վերջերս վստահ էր, որ իր թշնամին Վանեցյանն է և ոչ թե Նիկոլը: Դրանում ես կասկած չունեմ, քանի որ 2-3 տարի առաջ ֆեյսբուքյան իր գրառումներից մեկի մեկնաբանությունում փորձեցի բացել Դավթի աչքերը, բայց դա հաջողություն չունեցավ: Դավիթն այնքան միամիտ էր, որ չէր հասկանում, որ Նիկոլն այն անձը չէր (և չէ), ով թույլ կտար, որ մեկ ուրիշն իր նման հեղինակություն ու ազդեցություն ունենա զանգվածների վրա: Ի դեպ, դա ես զգացել եմ 2013-ին՝ երբ վերջինս նախաձեռնեց ՔՊ շարժումը, որի առաջին արձագանքողը Հայաստանից (իր խոստովանությամբ) ես էի: Ու հենց առաջին նամակագրական շփումներից ինձ համար արձանագրեցի, որ ինքն այլ տեսակետ ընկալելու և ընդունելու ընդունակ մարդ չէ:
ՀԳ. Ինչ մնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այսօրվա ֆեյսբուքյան գրառումներին՝ ասեմ հետևյալը. «դոմփելու» մասին որ իմացա՝ մտածեցի ԱԲ-ի ձեռքի գործն է՝ հավատս չէր գալիս: Հետո հիշեցի մանկապղծության առումով կաթոլիկ եկեղեցու (ԱՄՆ-ում) բարձրաստիճան սպասավորների պատմությունը, որի ժամանակ գործադիր իշխանությունն իրեն շատ կոռեկտ պահեց: Մի խոսքով՝ վարչապետ ունենք, աշխարհը չունի: Մնում է, որ մենք էլ չունենանք նման վարչապետ: