Քաղաքականություն

Խաչատրյան-Բեգոյան․ չաշխատողների տանդեմը՝ ընդդեմ կոռուպցիայի

Խաչատրյան-Բեգոյան․ չաշխատողների տանդեմը՝ ընդդեմ կոռուպցիայի

Նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ մասնակցել կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին ու Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նաեւ ելույթ է ունեցել եւ ասել․ «Իմ զգացողությամբ՝ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան․․․ արդարադատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա»։ Սրանք զգացողություն չեն, սրանք իրականություն են։ Խոսենք ապացույցներով։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Մհերի Խաչատրյանը նախկինների օրոք, սկսած 2003 թվականից, աշխատել է դատախազության տարբեր ստորաբաժանումներում, 2017-2018 թթ․ եղել է Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետը Գարեգին Վլադիմիրի Բեգոյանն է, որը նախկինների օրոք աշխատել է ոստիկանությունում, հետո՝ Հատուկ քննչական ծառայությունում, 2014-2021 թթ․՝ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ (աղբյուր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կայք․ www.anticorruption.am)։ Հատուկ քննչական ծառայությունը հիմա չկա, այս կառույցի հենքի վրա ձեւավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Դատախազությունը հսկում, վերահսկում է հետաքննության եւ նախաքննության մարմինների համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող մինչդատական քրեական վարույթի օրինականությունը։ Ստացվում է, որ նախկինների օրոք Սասուն Խաչատրյանը եղել է Գարեգին Բեգոյանին հսկողն ու վերահսկողը։ Հիմա երկուսն էլ թավշյա թիմի անդամներ են եւ նախկիններին անվանում են թալանչի։ Սասուն Խաչատրյանն ու Գարեգին Բեգոյանը նախկինների օրոք պետությունից աշխատավարձ են ստացել ապօրինությունների դեմ պայքարելու համար, ընդ որում` մեկին հանձնարարվել են հատկապես կարեւոր գործերի քննությունները, մյուսին՝ դրա հսկողությունը․ բավականին պատասխանատու աշխատանք։ Բայց, ըստ Խաչատրյանի ու Բեգոյանի այսօրվա թիմի, նախկինում Հայաստանում կոռուպցիան ծաղկում էր։ Ուրեմն Սասուն Խաչատրյանն ու Գարեգին Բեգոյանը չեն կարողացել կամ չեն ցանկացել պայքարել կոռուպցիայի դեմ, չնայած դրա համար են աշխատավարձ ստացել։ Մեկը լավ չի քննել, մյուսը լավ չի հսկել, ու Հայաստանում ծաղկել է կոռուպցիան։ Պետական տարբեր օղակներում աշխատողները, այդ թվում` Սասուն Խաչատրյան-Գարեգին Բեգոյան տանդեմը, նախկինների օրոք տապալել են կոռուպցիայի դեմ պայքարը։ Հիմա հեղափոխական իշխանությունները նույն տանդեմին են վստահել նույն պայքարը։

Ուժային կառույցի ներքին անվտանգության վարչությունը կառույցի ամենակարեւոր վարչություններից է` մյուս ստորաբաժանումների աշխատանքն է հսկում։ Օրինակ, Հակակոռուպցիոն կոմիտեի կանոնադրության 42-րդ հոդվածի համաձայն, ՆԱՎ-ն ամրապնդում է կարգապահությունը, կանխարգելում, հայտնաբերում, խափանում, բացահայտում կոմիտեի ծառայողների թույլ տված խախտումները, այդ խախտումները ծնող պատճառների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում կոմիտեի նախագահին։ 

Եթե Սասուն Խաչատրյանն ու Գարեգին Բեգոյանը նախկինում տապալել են իրենց վստահված աշխատանքը, ո՞րն է երաշխիքը, որ հիմա հաջողելու են։ Չեն հաջողել այն ժամանակ, չեն հաջողելու հիմա։ Դա են վկայում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման համաթիվ» զեկույցները։ Թավշյա Հայաստանում՝ 2018-ից հետո, այս ցուցիչը տատանվում է 42-47-ի հատվածում․ 0՝ բացարձակապես կոռումպացված, 100՝ բացարձակապես մաքուր սանդղակով։ 2022-ին նահանջ ենք գրանցել։ 2020-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նկատել է․ «Աշխարհի երկրների մոտավորապես կեսի մոտ համարյա մեկ տասնամյակ է, ինչ նկատվում է լճացման վիճակ, երբ նրանց ԿԸՀ արժեքները չեն փոփոխվում։ Սա ցույց է տալիս, որ կոռուպցիայի արմատական պատճառների սանձահարմանն ուղղված այդ երկրների կառավարությունների ջանքերը հայտնվել են փակուղում։ Երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից փոքր են»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասած տեղապտույտն ուրիշները նկատել են դեռեւս 4 տարի առաջ՝ լճացում, փակուղի։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Եթե նախկիններին հայհոյում ես, որակում թալանչի ու կոռուպցիայի դեմ պայքարը վստահում այդ թալանչիների օրոք պայքարը տապալած մասնագետին, հաջողություն չես ունենա։ Ձախողված ես ի սկզբանե։ Այլ խոսքով՝ 10 միլիոն ծառ, տիեզերքում հայկական արբանյակ, ամպագոռգոռ անուններով այլ ծրագրերի նման, թավշյաները տապալել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։

ՀԳ․ Սասուն Խաչատրյանն ու Գարեգին Բեգոյանը կարող են մխիթարվել, որ իրենք միակ նախկինները չեն, նրանց կողքին կարող են կանգնել Սասուն Միքայելյանը, Տիգրան Հակոբյանը, Անդրանիկ Քոչարյանը․․․ եւ շատ ուրիշներ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image