Այլ

Ամեն ուղերձից առաջ մարդիկ հույս են փայփայում՝ գուցե հրաժարակա՞ն տա․․․

Ամեն ուղերձից առաջ մարդիկ հույս են փայփայում՝ գուցե հրաժարակա՞ն տա․․․

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Ուղերձով դիմելու եմ ժողովրդին», երկիրը մի թաքուն շունչ է քաշում՝ գուցե այս անգամ հրաժարական տա՞։ Գուցե հասկացե՞լ է, որ իր իշխանությամբ Հայաստանը չի կարող գոյատևել։ Գուցե իր մոտ վերջապես հայրենասիրական միտք է արթնացել ու որոշել է հեռանալ՝ հանուն երկրի։ 
Երեկ էլ նույնն էր։ «Իմ ուղերձը ժողովրդին» հայտարարությունից  հետո հույսի փոքրիկ կայծ հայտնվեց մարդկանց աչքերում։ Մտածեցին՝ Ամերիկաներից վերադարձել, հասկացել է, որ իր ժամանակն անցել է, ու հիմա եկել է հրաժարականի մասին խոսելու։ Բայց չէ՛, նորից հիասթափություն։ Հրաժարական չէր, այլ հերթական «պատմական ուղերձը», որի մեջ միակ նորությունն այն էր, որ ինքը կրկին հերոս է, ժողովուրդը պիտի լռի, իսկ երկիրը պիտի գոյատևի՝ միայն իր գոյության շնորհիվ։

Ժողովուրդը, որ մի քանի վայրկյան առաջ արդեն շշնջում էր՝ «միգուցե հրաժարական տա», միանգամից ընկավ հուսահատության մեջ․ նույն ձայնը, նույն դեմքը, նույն դատարկ խոսքերը։ Ու կրկին չեղարկվեց ժողովրդի անգին երազանքը՝ լսել երկու կախարդական բառ․ «հրաժարական եմ տալիս»։ Ու այդպես ամեն անգամ․ ժողովուրդը սպասում է հույսով, իսկ Նիկոլ Փաշինյանը գալիս է հիշեցնելու, որ ժողովրդի համար ամենամեծ պատիժը  իր իշխանության գոյատևելն է։

Ուղերձից պարզվեց՝ ոչ թե հրաժարականի լուր է ժողովուրդը լսելու, այլ Թրամփի հետ ձեռքսեղմումից առաջացած էյֆորիայի է ականատես լինելու։ 

Էյֆորիկ, իրականությունից դուրս  վիճակում գտնվող Փաշինյանը  չէր կարող չհիշատակել իր սիրելի «խաղաղության դարաշրջանը»․ այն խաղաղությունը, որի անվան տակ զիջվում են հողերը, մոռացվում են զոհերը ու փակվում են մարդկանց բերանները։ Խաղաղություն, որ ավելի շատ հիշեցնում է պարտվածի լռություն, քան հաղթողի հպարտություն։

Ժողովուրդը սպասում էր երկու կախարդական բառերի՝ «հրաժարական եմ տալիս», բայց լսում է միայն կիսատ-պռատ խոստումներ, կեղծ խաղաղության հեքիաթներ ու ինքնագովերգական ճառեր։ Ժողովուրդը հուսով է՝ վերջապես կազատվենք, իսկ Նիկոլ Փաշինյանը սպասում է՝ իրեն կրկին ծափահարեն։

Իսկ ամենաողբերգականը այն է, որ ամեն ելույթից հետո մարդիկ արդեն հաշտվում են իրականության հետ․ եթե հրաժարական չկա, գոնե թող խոսքը կարճ լինի։ Բայց, ավա՜ղ, Փաշինյանը հրաժարականի փոխարեն տալիս է երկարաբեկ թատրոն՝ ժողովրդի նյարդերի հաշվին։

Այսպիսով՝ ամեն ուղերձ դառնում է ազգային լոտո․ ժողովուրդը խաղում է «հրաժարական» համարի վրա, բայց հաղթող համարը միշտ մնում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության հեքիաթն ու ինքնասիրահարվածի գովազդը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image