ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, որքան էլ մասնագիտացել է մանիպուլյացիայի առումով, այնպես էլ չգիտակցեց, որ միշտ չէ, որ իր խոսքը ճշգրիտ թիրախավորված է լինում: Այսինքն, երբ ինքը շարունակ խոսում է նախկինների օրոք թալանվածը հատիկ առ հատիկ հետ բերելուց, դա դեռևս գործում է: Գործում է, քանի որ ուղղված է կիսագրագետ մարդկանց, որոնց համար մեր երկրի գլխավոր հարցը մնում է հենց այդ երևույթը: Դա, բնականաբար, ուղղված չէ հանրության գրագետ հատվածին, որի համար պետության ճակատագիրն ավելի առանցքային է, քան թե նախկինների գործունեության վրա սևեռվելը: Սակայն երբ վերջինս փորձում է, իր կարծիքով, դրական մեսիջներ հղել մարդկանց, արժանանում է միայն անտարբերության պատին: Ու դա լավագույն դեպքում, քանի որ գրագետ հատվածը դրա կարիքը չի զգում, իսկ թալանը հետ բերելու կողմնակիցների շրջանում դա բարձրագույն մաթեմատիկայի պես անհասկանալի բան է:
Նշանակություն չունի, որ ասվածը կարող է լինել կյանքով և փորձով հաստատված ճշմարտություն: Օրինակ այսպիսի՝ «Միայն աշխատելը բավական չէ՝ հաղթահարելու աղքատությունը, պետք է աշխատանքը լինի արդյունավետ և հիմնված գիտելիքի վրա»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտակարգ զարգացում ապրած երկրներն առաջնորդվել են հենց այդ տրամաբանությամբ: Որ մեկի անվանումն էլ տանք՝ Հարավային Կորեա, Սինգապուր, Մալայզիա, կամ էլ լատինամերիկյան պետություններինը, բոլորն էլ հենց այդ մտածողության շնորհիվ են հասել հսկայական հաջողությունների: Դրանցից Սինգապուրն, օրինակ, փոխանակ սևեռվելու գաղութարար նախկինների (տվյալ դեպքում՝ անգլիացիների, իսկ այնուհետև ճապոնացիների) արածների վրա՝ ողջ ուշադրությունը դարձրել է մարդկանց մտածողությունը վերափոխելու և տնտեսությունը զարգացնելու վրա: Եվ հենց դա էլ ապահովել է նախաձեռնած գործերի հաջողությունը: Մեկ օրինակը բավարար է, որպեսզի հասկանալի լինի, թե մարդկային ինչ մատերիալի հետ գործ ուներ «Սինգապուրյան հրաշքի» հեղինակ, վարչապետ Լի Քուան Յուն: Փոքրիկ այդ կղզու հյուղակներում բնակվող մարդկանց համար բարձրահարկ շենքեր կառուցելով ու նրանց դրանցում բնակեցնելուց հետո բացահայվել էր, որ բազմաթիվ մարդիկ բնակարաններում ածու հավեր են պահում: Իսկ բնակիչներից մեկն էլ հաջողեցրել էր կով հասցնել 9-րդ հարկ ու պահել այդտեղ (այդ օրինակն առկա է Յուի ինքնակենսագրական աշխատությունում):
Եվ այնպես չէ, որ Սինգապուրը երեսուն տարի կառավարող վարչապետը ժողովրդավար էր: Նույնիսկ ավելին, ամերիկացիները բազմիցս մեղադրել են նրան, որ խորհրդարանական ընտրությունները միշտ շահում էր իր ղեկավարած կուսակցությունը: Բայց իրենք տեսնում էին, որ, նախ, Սինգապուրը պատվար էր ընդդեմ կոմունիստական գաղափարների տարածման, և երկրորդ՝ երկրում տիրում էին օրենքն ու օրինականությունը: Եվ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ հաշիվ էին մաքրում նախկիններից՝ սեփական արատները «չտեսնելով»: Ինչպես նաև ղեկավար պաշտոնների էին նշանակվում գրագետ ու կազմակերպչական շնորհով օժտված անձնավորություններ՝ որքան էլ դրանք հաճելի չլինեին անձամբ վարչապետի քիմքին: Էլ չեմ խոսում ԽԾԲ-ական մեխանիզմի բացակայության մասին ընդհանրապես, ինչը ծաղկում է մեզանում:
Այնպես որ եթե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իրականում ցանկություն ունի գոնե ինչ-որ դրական բան անել մեր երկրի համար, ապա պետք է կողմնորոշվի՝ կա՛մ նախկինների հետևից է ընկնում, կա՛մ էլ վերջ է տալիս հասարակությունը պառակտելուն ու ողջ ջանքերն ուղղում է երկիրն իրապես զարգացնելուն: Բայց քանի որ կյանքը ցույց տվեց, որ նա ընդունակ չէ երկրորդ տարբերակն առաջ տանելուն, ապա մեզ մնում է նրան իր պաշտոնից հեռացնելն ու ադեկվատ ղեկավարով երկրորդ ուղղությունը բռնելը: