ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: Պատճառը Գյումրու ավագանու ընտրությունների օրը նրա ոչ ադեկվատ վարքագիծն է: Նախքան դրան անդրադառնալն ասեմ, որ նախկինների օրոք Վիլենը («Նավակ ճոճողը») ինձ դուր էր գալիս իր ակտիվությամբ, անմիջականությամբ, կարելի է ասել՝ նաեւ ազնվությամբ: Բայց, բնականաբար, ոչ խելքով, որովհետեւ երիտասարդությունը, ինչպես անգլիական առածն է ասում, խելք ունենալու հատկանիշով չի փայլում (կամ, ավելի ճիշտ, չպետք է փայլի): Եվ, բացի դրանից, խելք ունեցողը չէր անի այն արարքները, որ Վիլենն էր անում: Բայց դա նորմալ էր. մենք ընդդիմադիրներ էինք, ու մեզնից հենց գործողություն էր պահանջվում եւ ոչ թե փիլիսոփայելու կարողություն: Բայց քանի որ ես վաղուց արդեն երիտասարդ չէի, ու մտածելու ունակությունը մեջս չէր ստորադասվում գործելուն, ավելի շատ դիտարկում էի, թե ինչ վարք են դրսեւորում համատեղ պայքարի ընկերներս:
Ինչեւէ, ենթադրում եմ, որ Վիլենն այն հերթական ՔՊ-ականներից է, ովքեր sms են ստանում մանդատը վայր դնելու խնդրանք-հորդոր-հրահանգով: Բայց հաշվի առնելով, որ վերջինս զերծ չէ ինքնասիրությունից, դա դժվար թե խոստովանի: Համենայնդեպս, ինքնասիրություն ուներ նախկինում իմ ճանաչած «Նավակ ճոճողը», բայց վաղուց հետը չեմ շփվել: Ամեն դեպքում, դա կներկայացնի այնպես, կարծես մանդատից հրաժարվելու որոշումը հենց ինքն է ընդունել: Սակայն նրա հրաժարականի տեքստի թեկուզ մակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ մի բան այնպես չէ: Եթե Վիլենը համարում է, որ իր մասնակցությամբ միջադեպերը վայել չեն ՀՀ ԱԺ պատգամավորի վարքին, ինչպես նաեւ «ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսեւորել անհարկի վարքագիծ», ապա փողոցում սեռական բնույթի հայհոյանք տվող անձն ինչպե՞ս է պատկերացնում իր նոր առաքելությունը: Այն է՝ իրականացնել «կուսակցության լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման» խնդիրը: Նման դեպքերում, սովորաբար, հենց կուսակցությունն է փորձում «շողուլի բերել» իր անդամի վարքը եւ ոչ թե հակառակը:
Վախենամ, որ ինքը շուտով պետք է զբաղվի ոչ թե «հարազատ» կուսակցության «առողջացման եւ կերպարանափոխման», այլ, որպես անկուսակցական, աշխատանք գտնելու հարցով: Որովհետեւ միայն այն հանգամանքը, որ խմած եւ, ըստ որոշ լուրերի, այլ նյութերի ազդեցության տակ գտնվող անձը սխալ է հանում «մեծարգո վարչապետի» հիմնադրած կառույցը, բավարար է, որպեսզի վերջինիս հաջորդ հորդորը վերաբերի կուսակցական տոմսը վայր դնելուն: Էլ չասած 2026-ին իշխանափոխության հնարավորության մասին խոսքը: Եվ հաշվի առնելով ժամանակին մեր ֆեյսբուքյան ընկերությունը (այդ օրերին ինչ-որ երիտասարդ ստեղծել էր «Ֆեյսբուքյան ակտիվիստներ» խումբը՝ այլոց թվում ինձ ու Վիլենին ներառելով դրանում)՝ ինձ թույլ տամ խորհուրդ տալ նրան, որպեսզի հետ վերցնի իր հայտարարությունը: Եվ եթե վստահ է, որ խնդիրներ չի ունենալու նիկոլական իրավապահ համակարգի հետ, միանա արդեն անկախ պատգամավոր Աղազարյան Հովիկին: Որովհետեւ, որքան էլ զարմանալի թվա, ինքն ու Հովիկն ունեն խառնվածքային նմանություններ: Եթե, իհարկե, վերջինս կարողանա պաշտպանել թե՛ մանդատը եւ թե՛ ընդհանրապես ազատությունը:
Ասեմ, որ նախկինում Վիլենին իսկապես սազում էր «Նավակ ճոճող» լինելը, եւ հայրենիքի հանդեպ նրա մեծագույն ավանդը կարող է լինել նիկոլական «նավակը» ճոճելը: Հաշվի առնելով նրա երիտասարդ լինելը եւ կյանքի փորձությունով անցնելը՝ նա կարող էր խորհրդարանում դառնալ այն կատալիզատորը, որը կհանգեցներ երկիրը Նիկոլից ազատելուն կամ, որ նույնն է՝ հետագա փորձանքներից ազատելուն: Լավ կլիներ, որ ինքը եւս, ինչպես ուրիշներին է հորդորում, լիներ «զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն» եւ մի քիչ էլ հայրենասեր, որպեսզի գիտակցեր, որ Փաշինյան Նիկոլի վարչապետությունը չարիք է Հայաստանի համար: Ու ինքն էլ, Սեւակի նման, կյանքի առումով սեփական որդուն խորհուրդներ տալու իրավունք ունենար: Որպեսզի վերջինս չլինի այնպիսին, ինչպիսին, օրինակ, այս բնույթի մարդիկ են. «Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում, երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է՝ ժպտո՛ւմ, պե՞տք է՝ լռո՛ւմ, պե՞տք է՝ իրենց մատն են տնկում…»: