Տավուշի մարզի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները դժգոհ են` հանձնաժողովների անդամների մի փոքր մասն է ստացել հունիսի 7-ի իրենց աշխատանքի վարձատրության գումարը, մնացածներին չէին վճարում։ Աշխատավարձի վճարումը վերսկսվեց հունիսի 22-ին։
Այդ գումարները վճարվում են միայն ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով։ 3-4 տարի առաջ Տավուշի մարզի Բերդ քաղաքում փակվել է այդ բանկի մասնաճյուղը։ Բերդ համայնքի 21 տեղամասային ընտրական հանձնաժողովների 210 անդամները (ներառյալ ընտրատեղամասերում առկա սարքերի վրա աշխատողները) իրենց աշխատավարձը ստանալու համար ստիպված են գումար և ժամանակ ծախսել` Բերդ համայնքից Իջևան հասնել, որտեղ ՎՏԲ-Հայաստանի մասնաճյուղն է գործում։
Ստացած գումարն էլ մեծ չէ, ընտրական հանձնաժողովների անդամի և քարտուղարի աշխատավարձը կազմում է նվազագույն ամսական աշխատավարձի չափ՝ 75 հազար դրամ, հարկերը հանած՝ 73 հազար դրամ։