Ներքին գործերի նախարարության ձեւավորումից հետո արտակարգ իրավիճակների նախարարությունը պիտի լուծարվի։ Նոր ձեւավորված ներքին գործերի նախարարությունն այս պահին ներառում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը։ ԱԻՆ-ը, սակայն, միայն փրկարար ծառայությունը չէ, նախարարությունն այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ունի, օրինակ, աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչությունը, իրավաբանական վարչությունը, ֆինանսատնտեսական վարչությունը, արտաքին կապերի վարչությունը, գույքի կառավարման վարչությունը, քարտուղարությունը, կադրային քաղաքականության բաժինը, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, առաջին բաժինը։
Կան նաեւ նախարարության ենթակայության ներքո գործող ՊՈԱԿ-ներ, այլ կազմակերպություններ՝ պետական ռեզերվների գրասենյակը, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Սեյսմիկ պաշտպանության արեւելյան ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Ներկայում ներքին գործերի նախարարությունում փրկարար ծառայությունը համակարգող փոխնախարարը Դավիթ Համբարյանն է, ով նախկինում զբաղեցնում էր ԱԻ փոխնախարարի պաշտոնը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռեւս գործում է, թեեւ նրա ենթակայությունից հանվել է փրկարար ծառայությունը եւ միացվել ՆԳՆ-ին։ ԱԻՆ աշխատակիցները մտահոգված են, որ իրենցից շատերը գործազուրկ են դառնալու, քանի որ ամիսներ հետո նախարարությունը պիտի լուծարվի, եւ հայտնի չէ, թե ներկայիս աշխատակիցներից քանիսն աշխատանք կունենան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ վստահեցրին, որ այս պահին աշխատանքը կորցրած մարդիկ չկան, սակայն թե քանի հոգի աշխատանքը կկորցնի նախարարության լուծարումից հետո, ԱԻՆ լրատվական բաժնի պետ Հայկ Կոստանյանն ասաց, որ ապագայի հարց է։
«ԱԻՆ աշխատակազմն այս պահին իր տեղում է, աշխատում է, միայն փրկարար ծառայությունն է տեղափոխվել ՆԳՆ, մյուսներն ամեն մեկն իր աշխատանքին է, այդ թվում՝ Ձեր կողմից նշված իրավաբանական վարչությունը, ֆինանսատնտեսական վարչությունը եւ մյուս վարչությունները, որոնք դեռ ԱԻՆ-ի կազմում են։ Ինչ վերաբերում է ԱԻՆ-ի լուծարվելուն, ապա հստակ ժամանակացույց չկա, բայց նախնական խոսքը մայիս-հունիս ամիսների մասին է, իսկ ինչ վերաբերում է ԱԻՆ-ի լուծարումից հետո աշխատակիցների ճակատագրին, ապա լինելու է հետեւյալ կերպ․ երբ ներքին գործերի նախարարությունն ունենա արդեն իր հաստիքացուցակը, կբացվեն մրցույթներ տարբեր վարչություններում վարչության պետերի, տեղակալների, շարքային աշխատակիցների՝ քաղծառայողների եւ պայմանագրայինների հաստիքների համար։ ԱԻՆ այն աշխատակիցները, որոնք կցանկանան շարունակել իրենց աշխատանքը ներքին գործերի նախարարության կազմում, պիտի մասնակցեն այդ մրցույթներին եւ հաղթելուց հետո աշխատանքի անցնեն ՆԳՆ կազմում։ Իսկ թե քանիսը կդիմեն, քանիսը կանցնեն, դա արդեն ապագայի հարց է, այս պահին այդ մասով ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց ԱԻՆ խոսնակը։ Նա նաեւ նշեց, որ ԱԻՆ ենթակայության ներքո գործող բոլոր ՊՈԱԿ-ներն անցնելու են ՆԳՆ ենթակայության ներքո։