Մշակույթ

Մինչ օրս չի վերականգնվել տնօրենի պաշտոնում

Մինչ օրս չի վերականգնվել տնօրենի պաշտոնում

Այս տարվա գարնանը Երեւանի առաջին ատյանի դատարանն անվավեր ճանաչեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Դատարանը որոշել էր նաեւ ԿԳՄՍՆ-ից, հօգուտ Անի Եղիազարյանի, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, ինչպես նաեւ՝ վերականգնել նախկին աշխատանքում։

Հիշեցնենք․ նախորդ տարվա նոյեմբերին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացրին առանց ԿԳՄՍ նախարարի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար։ Սակայն Անի Եղիազարյանը բացատրել էր, որ դա տարեսկզբին թանգարանի նախանշված ծրագրերում նախատեսված հրավեր-այց է եղել Հարավային Ամերիկայի երկու երկիր՝ Ուրուգվայ եւ Արգենտինա։

Թանգարանի նախկին տնօրենը, սակայն, մինչ օրս չի վերականգնվել տնօրենի պաշտոնում, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը։ Իսկ թանգարանի տնօրենի պարտականություններն այս տարվա հունվարից վստահվել են Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին: 

Անի Եղիազարյանի փաստաբան Սահակ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե գործն ինչ ընթացքի մեջ է։ «Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունել է վարույթ, եւ նոյեմբերի սկզբներին կլինի վերաքննիչ որոշումը, ու դրանով, ըստ էության, Վերաքննիչ դատարանը կավարտի գործի քննությունը»,- ասաց Ս․ Մանուկյանը եւ դժվարացավ ասել, թե ինչ զարգացումներ կլինեն, միայն հույս  հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը բողոքը կմերժի, որովհետեւ, ըստ էության, այն հիմնավոր չէ, բայց ո՞վ գիտե․ «Գուցե դատարանն այլ կարծիք ունենա, ամեն դեպքում, եթե հակառակը եղավ, մենք Վճռաբեկ դատարան ենք բողոքարկելու, նույնը՝ նաեւ իրենք, եթե որոշումն իրենց չբավարարի, իրենք էլ կարող են վերաքննիչի վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image