Հասարակություն

Դպրոցականները տխրեցին, քաղաքի հյուրերն ուրախացան, Մակրոնը զարմացավ

Դպրոցականները տխրեցին, քաղաքի հյուրերն ուրախացան, Մակրոնը զարմացավ

Երեկ Գյումրիում պատմական իրադարձություն էր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր Հանրապետության երկրորդ քաղաք ժամանել։ Քաղաքում ընդհանուր մթնոլորտը փոքր֊ինչ արտասովոր էր։ Ֆրանսիայի նախագահի այցի օրակարգը նախապես հայտնի էր, նախատեսված էր այցելություն քաղաքի թիվ 10 ֆրանսիական ուղղվածություն ունեցող հիմնական դպրոց։ Դպրոցում նախապատրաստական աշխատանքներն ընթացել էին մեծ ակտիվությամբ։ Ուսուցչական կազմն ու աշակերտները մեծ ոգևորությամբ էին սպասումով Ֆրանսիայի նախագահին։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ այս այցը ոսկե տառերով է գրվելու դպրոցի պատմության մեջ։ Դպրոցում հավաքվել էին նաև ֆրանսախոս գյումրեցիներ։ Աշակերտները պատրաստել էին ֆրանսիական պարային համարներ՝ նախատեսված հատուկ նախագահի համար։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով Էմանուել Մակրոնը չի այցելելու թիվ 10 դպրոց, ինչը մեծ հիասթափություն առաջացրեց դպրոցում՝ նրան սրտատրոփ էին սպասում։

Բայց մինչ այդ անվտանգության աշխատակիցները դպրոցի տարածքում հատուկ վարժեցված շներով զննություն էին իրականացրել, ուսուցիչներին ու աշակերտներին մետաղորսիչներով ստուգել։ Ամեն ինչ պատրաստ էր Ֆրանսիայի նախագահին դիմավորելուն։ Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրի ժամանեց ուղղաթիռով և անմիջապես ուղևորվեց Ամենափրկիչ եկեղեցու բակ, որտեղ Կոմիտասի Կռունկ երաժշտության կենդանի կատարման ներքո հարգանքի տուրք մատուցեց եւ ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Նույն ժամանակ Ամենափրկչի դիմացի փողոցում` Յոթ Վերք եկեղեցու տարածքում անցկացվում էր հանրային բողոքի ակցիա։ Գյումրեցիները միմյանց հարցնում էին՝ տեսնես Ազատության բաստիոն Ֆրանսիայի նախագահը տեղյա՞կ է, որ իրենից ընդամենը 50 մետր հեռավորության վրա տնային կալանք է կրում ՀԱԵ արքեպիսկոպոս, թեմակալ առաջնորդ Միքայել Սրբազանը։ Ակցիայի մասնակիցները ուզում էին Մակրոնի ուշադրությունը գրավել սրբազանի կալանավորման հարցի վրա՝ ընդգծելով, որ Սրբազանի նկատմամբ կատարվածը պետք է միջազգային արձագանք ստանա։ Բայց քանի որ Մակրոնի երթուղին խստորեն վերահսկվում էր իրավապահների կողմից, և թիվ 10 դպրոց էլ չայցելեց, ուստի շրջանցեց նաեւ այս ակցիան։

Այն, որ Ֆրանսիայի նախագահին տեսնելու համար մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, անհերքելի է։ Չնայած հորդառատ անձրևին` Վարդանանց հրապարակը լեփ֊լեցուն էր։ Ամենափրկչից հրապարակ հասնելու համար ընդամենը երկու րոպեն բավարար է, մինչդեռ Ֆրանսիայի նախագահին կես ժամից ավելի պահանջվեց, որպեսզի հասնի հրապարակում տեղադրված մեծ բեմին, որտեղ նախատեսված էր «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով մեծ համերգային միջոցառումը։
Ակնհայտ էր, որ Մակրոնն ինքն էլ շփոթված և հուզված էր գյումրեցիների նման ընդունելությունից ու չնայած թիկնապահները խստորեն հսկում էին նրան, նա փորձում էր շփվել բոլորի հետ, ձեռք էր մեկնում, հեռավար ողջույններ ու համբույրներ էր փոխանցում։ Անձրևանոցներով համերգը նույնպես տպավորիչ էր։ Մարդիկ հորդառատ անձրևին հրապարակ էին եկել երեխաների հետ, եկել էին Մակրոնին տեսնելու, բարձրակարգ համերգ լսելու։ Հանուն արդարության ասենք, որ այն, ինչ շաբաթներ առաջ չհաջողվեց Փաշինյանին` լցնել Վարդանանց հրապարակը, հաջողվեց Մակրոնին։ Պետք է արձանագրենք նաև, որ շատ էին քաղաքում հյուրերը, ովքեր հատուկ այդ օրը ժամանել էին Գյումրի՝ Մակրոնին տեսնելու, համերգը վայելելու։

Այցի նախօրեին մենք հարցախույզ արեցինք և պարզեցինք, որ քաղաքի ոչ մի հյուրանոցային համալիրում ազատ համար չկա։ Բայց ում հետ հաջողվեց զրուցել, մեզ ասացին, որ եկել են Պատրիկ Ֆիորիին, Տաթև Ասատրյանին, Սերգեյ Սմբատյանին եւ այլոց ըմբոշխնելու։
Տպավորություն կար, որ Գյումրի Մակրոնի այցը հատուկ է կազմակերպվել եւ այն քաղաքական իմաստ ունի։ Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն միջոց, անգամ օտարերկրյա հյուրերի վարկանիշն ու այցերն օգտագործել իր հեղինակությունը բարձրացնելու համար։ Այդ նպատակի համար ամեն ինչ արվեց՝ Մակրոնի հետ գրկախառնված, անբաժան քայլելուց, բեմում միասին կանգնելուց մինչեւ իրար ականջի փսփսալն ու անվերջ իրար ժպտալը, որ մարդիկ Մակրոնին ուղղված սիրուց Փաշինյանին էլ մի քիչ բաժին հանեն։
Արդյո՞ք Մակրոնի այցը կարողացավ բարձրացնել Փաշինյանի գահավիժած վարկանիշը՝ դժվար է ասել։ Գյումրեցիների տպավորությամբ՝ դա մեկօրյա, հիշվող այց էր, որը մնաց որպես խորհրդանշական իրադարձություն, բայց ոչ որպես ներքաղաքական փոփոխություն բերող գործոն։ Գյումրին նախկինում էլ է հյուրընկալել բարձր մակարդակի տարբեր հյուրերի՝ Հռոմի Պապից մինչև Քիմ Քարդաշյան, Վլադիմիր Պուտին, Ռիժկով ու Գորբաչով, սակայն այդ այցերը, որքան էլ կարևոր և հիշվող լինեին, էականորեն չեն փոխել գյումրեցիների քաղաքական հայացքները եւ իր իշխանությունների հանդեպ վերաբերմունքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image