Քաղաքականություն

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պետք է իրերը հավաքի ու գնա ՀԷՑ-ից

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը պետք է իրերը հավաքի ու գնա ՀԷՑ-ից

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը երեկ հայտարարեց, որ «ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործով հաղթել» են: Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանին՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաեւ՝ ««ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։ Ավելի կոնկրետ՝ դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները եւ որեւէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։

Սա նշանակո՞ւմ է, որ ՀԾԿՀ-ն պետք է իր կողմից ՀԷՑ-ում կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանին հետ կանչի պաշտոնից։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի անունից երեկ մի ջայլամային հայտարարություն տարածվեց, որ իրենք իրավասու չեն գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, «հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով». «Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որեւէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետեւել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման եւ կատարման ընթացակարգեր ապահովելուց հետո»: 

Փորձեցինք ՀԾԿՀ նախկին նախագահ Գարեգին Բաղրամյանին լսել, պարզվեց՝ նա հանգստանում է, հավես չունի մենաբանություններ տալու եւ մեծահոգաբար խորհուրդ տվեց կարդալ օրենքներն ու հասկանալ, եթե՝ ոչ,  մեկնաբանություններ խնդրել իրավաբաններից։

ՀԷՑ իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, որին Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ մտնելուն պես ապօրինի ազատել է, կարծիք հայտնեց, որ արբիտրաժի որոշմամբ ոչ միայն Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները կասեցվում են, այլեւ ՀԷՑ-ում վերականգնվում է մինչ վերոնշյալ օրենքների ընդունումն առկա «ստատուս քվոն»․ «Դատարանի վճիռը պարտավորեցնում է՝ մինչեւ հիմնական հայցի քննության ավարտը ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, խոսքը ՀԾԿՀ վարույթի մասին է, ժամանակավոր կառավարչի նշանակման։ Ստատուս քվոն պետք է պահպանվի, քանի որ արբիտրաժն արձանագրել է հետեւյալը, որ կատարվող եւ կատարվելիք գործողությունները կարող են վնասել հայցվորի՝ այս պարագայում՝ սեփականատիրոջ իրավունքները՝ շատ լուրջ եւ անդառնալի։ Այս վճռից հետո Ռոմանոս Պետրոսյանն իրերը պետք է հավաքի ու հեռանա ՀԷՑ-ից, նորմալ պարագայում ես պետք է հետ գնայի ՀԷՑ՝ այս որոշումից հետո, իսկ Հանձնաժողովը՝ կասեցնի ՀԷՑ-ի դեմ վարույթը»։

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանի դեմ սկսված պատերազմում ՀԾԿՀ-ն եւս անմասն չմնաց, ՏԿԵ նախարարության ներկայացրած հաղորդման հիման վրա՝ ՀԾԿՀ նախագահը, միանձնյա որոշմամբ, վարչական վարույթ հարուցեց ՀԷՑ-ի դեմ, ու սեփականատերերից վերցվեց ընկերության կառավարումը։ Ավելին՝ ՀԷՑ-ին զրկեց բողոքարկելու եւ որոշումը կասեցնելու հնարավորությունից։ Այն պարագայում, երբ կարող էր ժամանակավոր կառավարիչ նշանակելու փոխարեն, այլ կանխարգելիչ միջոցներ կիրառել, ասենք՝ առաջարկել ընկերությանը՝ վերացնել ենթադրյալ խախտումները։ Բայց հանձնաժողովի նախագահը նախընտրեց հենց այն տարբերակը, որի մասին ի սկզբանե հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այն է՝ վերցնել ընկերության կառավարումը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով։ Ուստի նախ իր խմբակի միջոցով հակասահմանադրական օրենքներ ընդունեց, ապաեւ՝ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո կառավարիչ գործուղեց ՀԷՑ։ Ի դեպ, Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան՝ իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։ «Փաստաբաններն արդեն դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,- ասաց նա։ 

Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումները, Ղազինյանի պնդմամբ, պարտադիր կատարման ենթակա են, չնայած ժամկետներ չի սահմանվում վճռի կատարման համար, սակայն ողջամիտ ժամկետում այն պետք է կատարվի, Ղազինյանի կարծիքով՝ մի քանի ժամը, առավելագույնը մեկ օրն էլ բավարար է․ «Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարման ենթակա է մեր իսկ կողմից ստորագրված պայմանագով, հակառակ դեպքում, իհարկե, միջազգային դատարանները հարցը չեն դնում, որ գալու ենք ձեզ կախենք, բայց եթե միջազգային արբիտրաժ է, դու էլ միացել ես, ենթադրվում է, որ պետք է կատարես։ Ի վերջո, խելագարության կանխավարկածով չենք առաջնորդվում, ենթադրվում է՝ կան նաեւ սանկցիաներ»։

«Եթե պատասխանողը չի կատարում վճիռը, հակառակ կողմը կարող է դիմել այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները (գույքը), եւ պահանջել կատարողական վարույթ» կամ դիմում նոր արբիտրաժային հայցով՝ վնասների փոխհատուցման համար։ Եթե որոշումը չկատարվի, կարելի է նոր դատական/արբիտրաժային գործընթաց սկսել՝ պահանջելով լրացուցիչ վնասներ վճիռը չկատարելու հիմքով»,- նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Արբիտրաժի որոշմանը երեկ անհեթեթ պատասխան է տվել նաեւ կառավարությունը։ «Ստոկհոլմի առեւտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները եւ վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը եւ հետագա չարաշահումների կանխարգելումը: Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միեւնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաեւ ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման կարգերը եւ ընթացակարգերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դավիթ Ղազինյանը վստահ է․ «Մեր՝ արբիտրաժ դիմելուց հետո դատարանն այդ հարցերը տվել է ՀՀ կառավարությանը՝ որ ինչ կարծիքի եք այս երեւույթների վերաբերյալ, իրենք ինչ որ հիմա գրել են, ենթադրում եմ, որ գրել են նաեւ արբիտրաժին, բայց դատարանը հաշվի չի առել, ստանալով կառավարության պատասխանը, ասել է՝ ոչ, իմ պատասխանը սա է»։ Ինչ վերաբերում է կառավարության մանեւրին, թե ժամանակավոր կառավարչին այլ նպատակով են գործուղել ՀԷՑ, Ղազինյանը հիշեցրեց՝ ըստ իշխանության ընդունած օրենքների, կառավարիչն անսահմանափակ իրավունքներ ու լիազորություններ ունի․ «Ամբողջությամբ ստանձնում է գլխավոր տնօրենի պարտականությունները, բայց, օրինակ, մենք ունենք այսպիսի կարգ, որ գլխավոր տնօրենների տեղակալներին կառավարիչը չի կարող ազատել, պետք է համաձայնեցնի տնօրենների խորհրդի հետ, մինչդեռ ինձ ազատելիս անտեսել են այդ կարգը։ Աբսուրդ լիազորություններ են վերապահել, որ սեփականատերերի կողմից ստեղծված տնօրենների խորհուրդը ինքը կարող է միանձնյա փոխել, սա սեփականության իրավունքի ոտնահարում է»։ Նույն օրենքով սահմանել են նաեւ, որ անգամ ՀԷՑ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չունի միջամտել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորություններին։ Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, չի կատարի արբիտրաժային դատարանի որոշումը, ՀԷՑ-ի սեփականատերերն էլ կշարունակեն պայքարը․ «Հավանաբար, իրենք խնդիր են դրել՝ հոգնենք, թեւաթափ լինենք, չպայքարենք, բայց սխալվում են, մենք մինչեւ վերջ ենք գնալու»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image