Անդաստիարակ, անկիրթ մարդուն ամենից շատ մատնում է պոռոտախոսությունը, անհամեստությունը, իրենից խելացիներին ու ավագներին դասեր տալու, դիտողություն անելու հակվածությունը: Երբ տեսնում ես, որ երիտասարդ ու շատ բանի չհասած մարդը ո՛չ իր տարիքն է զգում, ո՛չ իր չափն է ճանաչում, ո՛չ գիտակցում է, թե ով է դիմացինը, եւ կարող է վիրավորել ու հեգնել, ծաղրել ու սաստել ցանկացած մեկին` կին լինի, մայր, ճանապարհ անցած մտավորական, փորձառու քաղաքական գործիչ, կյանքում ինչ-որ բանի հասած բիզնեսմեն, թե նախկին պաշտոնյա, հասկանում ես, որ մարդն անկիրթ է ու անդաստիարակ: Ահա` ինչ-որ տեղից հայտնված մի կին քաղաքագետ իշխանական թեզերն է եռանդով քարոզում, եւ ամեն խոսքից մեծամտություն, անհամեստություն, իր գիտելիքների ու վերլուծելու ունակության մասին չափազանցված կարծիքն է հորդում: Այս մյուսը դիկտոֆոն աշխատող լրագրող է, բայց դասեր է տալիս իր ապրած օրերի քանակով հոդվածներ գրած ու վաստակ ունեցող լրագրողին:
Այս երրորդը մի քանի թերի հարցազրույց է արել, մի երկուսի «դեմքին» թռել եւ իրեն թույլ է տալիս «դոգի» բառապաշարով ստատուս երկնել` իր ողորմելի ներքինն ի ցույց դնելով: Իսկ սա` բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվել է իշխանական բարձունքներում, շրջապատի քծնանքը շփոթել է իր արժանիքների հանդեպ անկեղծ ակնածանքի հետ եւ պրիմիտիվ դասախոսություններ է կարդում, իրենից փորձառու մարդկանց խելք խրատում: Հաջորդը կարծում է, թե իր բերանով աստվածային ճշմարտությունն է բարբառում, ոչ մի կասկած չունի իր խելքի ու վերլուծելու ունակության հետ կապված` համոզված տոնով վիճելի մտքեր է բարձրաձայնում, կասկած ու առարկություն չհանդուրժելով: Մինչդեռ կրթված ու դաստիարակված մարդը ե՛ւ կասկածներ է ունենում, ե՛ւ իր կարծիքը երբեք չի պարտադրում: