Այո, ռուսատյացությունը հակահայկականություն է՝ ընդունեք դա, թե ոչ: Այն այդպիսին է եղել 100 տարի առաջ՝ երբ շղարշվել է հակաբոլշևիզմով: Այն առավել այդպիսին է մեր օրերում: Եվ երբ Ռուսաստանի նկատմամբ ադեկվատ մոտեցումը փոխարինվում է ամեն ռուսականը մերժելու մոլագար ձգտումով, խնդիր են ունենում ոչ թե նրանք, այլ մենք: Այդպես է եղել 100 տարի առաջ, այդպես է «ժողովրդավարության բաստիոնի» պարագայում: Եթե պարտություն ենք կրում պատերազմում, այն էլ՝ խայտառակ, ունենում ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, ու դա կատարվում է իշխանության ապաշնորհության կամ դավաճանության (և կամ երկուսը միասին) պատճառով... Եթե պարտությանը նպաստում է իշխանություն կրողների ռուսատյացությունը, ապա ի՞նչ է դա՝ եթե ոչ հակահայկականություն: Հայրենասիրությունն, ի դեպ, գլխից մեծ դուրս տալը չէ նրանց հասցեին, ովքեր չեն պատասխանում (եթե այդքան դուխով եք՝ Իլհամի դեմ խոսեք, նրա՝ ձեզ ստորացնելուն պատասխանեք): Եվ ոչ էլ նաև՝ գոյություն չունեցող ինքնիշխանությունը տարփողելը, այլ աշխարհակարգային փոփոխություններին առավել հարմարվելը: Ու այդ փոփոխությունները, ձեր ասելով, հայրենիք-պետության օգտին ծառայեցնել կարողանալն է հայրենասիրությունը:
Դա՝ մեկ, և երկրորդ. ռուսատյացությունը նիկոլականության մեդալի մյուս կողմն է: Դեմ լինելով Նիկոլին, բայց միաժամանակ լինել ռուսատյաց՝ դա անհեթեթություն է: 2018-ին ՀՀ վարչապետ կարգվելով՝ այդ օրերի «դուխով» Նիկոլը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է հարմարվի Հայաստանում կատարված փոփոխություններին: Ռուսները հարմարվեցին, արդյունքում մենք կորցրինք Արցախն ու բազմահազար մարդկային կյանք: Եվ եթե այսօր ևս դեմ ենք ռուսներին, ապա պետք է պատրաստ լինենք նոր կորուստներ ունենալուն: «Հակառուսականության», որպես երևույթի, մյուս կողմն էլ թուրքերին ու ռուսնեևրին նույն նժարին դնելն է: Իրականում դրանք մեզ համար նույն կշեռքի հակադիր նժարներն են: Թուրքիայի հետ Ռուսաստանն, իհարկե, ունեցել քաղաքական «մերձեցման» պահեր: Ինչը կարելի է իսկապես բնորոշել որպես մեկ նժարի վրա դրվածություն:
Սակայն այդ երկու նախկին կայսրությունների հարաբերությունները եղել են շատ ավելի թշնամական, քան եվրոպական այլ պետություններինը: 16-20-րդ դարերում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տեղի է ունեցել 12 խոշոր պատերազմ: Իսկ պատերազմների ժամանակ էլ Բալկանյան թերակղզուց բացի պատերազմական թատերաբեմ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանը: Ոչ մի այլ երկիր այդքան պատերազմ չի մղել Թուրքիայի դեմ: Բայց բնական է, որ թուրքերն ու ռուսները ժամանակ առ ժամանակ կարող էին ունենալ նաև դաշնակցային հարաբերություններ՝ երբ դա պահանջել են իրենց շահերը: Ու այդ պահերին՝ չգիտես ինչ աննորմալ պատահականությամբ, անկախություն ձեռք բերած մեր երկրի ղեկավարությունը վարակվում է հակառուսականության բացիլով: Ու արդյունքում տուժում է Հայաստանը: Առաջինը 100 տարի առաջ էր, երկրորդը՝ Նիկոլի վարչապետության օրոք:
Ինչևէ, ասվածը նշանակում է, որ մեր տարածաշրջանը չի կարող լինել ռուս-թուրքական շահերի համադրման վայր, քանի որ Կովկասի մատույցներին մոտեցող Ռուսաստանը ցանկություն ուներ իջնելու ավելի հարավ՝ դեպի Միջերկրական ծով և կամ Հնդկաստան: Հնդկաստան գնալու ցանկությունը շատ արագ մարեց, սակայն Սև ու Միջերկրական ծովերն իրար միացնող նեղուցներին տիրելու ձգտումը մնաց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ներառյալ: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ ռազմավարական առումով Հայաստանը կարող է լինել միայն ռուս-թուրքական շահերի բախման վայր: Իսկ դա հնարավոր է, եթե մենք շրջվում ենք դեպի Արևմուտք ու արդյունքում ստանում ենք ոչ թե Արևմուտքի պաշտպանությունը, այլ թուրքական սվինի հարված: Կամ էլ դեպի Արևմուտք մեր շրջվելը համընկնում է ռուս-արևմտյան բախումների փուլին: Իսկ որպեսզի դա համընկնի, մենք պետք է ուղղակի դադարենք բանական արարածներ լինելուց: Ինչն էլ հենց տեղի է ունենում նաև այս օրերին:
Դա՝ երրորդ, և չորրորդ. երբ արևմտամետ ընդդիմադիրները մեր դժբախտությունների մեջ մեղադրում են Պուտինին, ապա ստացվում է, որ «խեղճ հարիֆն» ի՞նչ կարող է անել, եթե Հայաստանին դեմ է Պուտինը (Պուտլերը կամ ավելի վիրավորական մեկ այլ մականունով ՌԴ նախագահը): Դա նույնն է, երբ անգրագետ զանգվածները փորձում են արդարացնել ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձին: Չգիտեմ, գիտակցում են դա, թե ոչ, բայց իրենց գրագետ համարողների ու անգրագետների միջև այդ կտրվածքով չկա որևէ էական տարբերություն: Միաժամանակ ստացվում է, որ ռուս-թուրքական ուժին, Նիկոլը լինի թե մեկ ուրիշը, հնարավոր չէ դիմակայել: Դա էլ բերում է բացասական ճակատագրապաշտությանը: Ռուսներին դեմ լինելով՝ արմտամետները խեղճություն են սերմանում մարդկանց մեջ:
Եվ մեր գրագետ արևմտամետները, չգիտես ինչու, մոռանում են, որ մեր տարածաշրջանն, այնուամենայնիվ, գտնվում է ռուսական ազդեցության գոտում: Եվ երբ ռուս-որևմտյան բախումնային փուլը փոխարինվում է համագործակցայինով, Արևմուտքում մոռանում են, որ Հայաստան անվանումով երկիրն անսահման ձգտում ուներ մերձենալու Եվրոպային: Ու դրա արդյունքում բավական մեծ կորուստներ ունեցավ, ու այդ երևույթը կրկնվում է հաջորդ շրջափուլում: Ի դեպ, այնպես չէ, որ Հայաստանի բնակչությունն էլ բանուգործը թողած՝ մտածում է, թե ինչպես արագ ինտեգրվի Եվրոպային: Արևմտամետների հավաքած 60 հազար ստորագրությունների քանակը թող ոչ մեկին շփոթության մեջ չգցի: Եվրադաշինքի իրական հեղինակությունը երևաց Գյումրիի ավագանու ընտրություններին՝ 4-5 տոկոս: Իհարկե, Գյումրիի արդյունքները չի կարելի ներկայացուցչական համարել ողջ հանրապետության առումով: Բայց եթե նույնիսկ կրկնակի ու եռակի ավելացնենք այդ քանակը՝ կստանանք ընդամենը 350 000 (պլուս-մինուս) չափահաս քաղաքացի: Ինչը նշանակում է, որ նույնիսկ այդ դեպքում ռուսատյացությունը չունի բավարար հանրային հենարան: Էլ չհաշված Ռուսաստանում աշխատելու հաշվին իրենց ընտանիքները պահող բազմահազար հայաստանցիներին: