Եկեք խոստովանենք, որ մենք շատ բան ունենք «սովորելու» Նիկոլ Փաշինյանից։ Իհարկե, խոսքն այն դարակազմիկ «գաղափարախոսությունը» սերտելու մասին չէ, որի մասին նա դասախոսություններ է կարդում տարբեր լսարաններում, կամ իր չնաշխարհիկ մտքերի՝ «Իրական ու պատմական» Հայաստանների մասին, ոչ էլ այն «հայտնագործության» մասին է, թե՝ Արարատը Հայաստանի տարածքում չէ եւ Հայաստանի ամենաբարձր գագաթը Արագածն է։ Ուսանելու արժանի գիտելիք չեն անգամ այն եզակի «բացահայտումները», թե՝ հարկ վճարելը ճիշտ է, քանի որ պետությունը հարկերի հաշվին է գոյատեւում՝ թոշակ, աշխատավարձ տալիս, ոչ էլ այն, որ ՀԴՄ կտրոն խփելն ավելի լավ է, քան չխփելը եւ հարկատուն էլ մերօրյա «հերոսն» է։ Մենք երկրի ղեկին հայտնված մարդուց պետք է նրա որակներն ընդօրինակենք՝ սխալներ թույլ տալու «համարձակությունը», շրջապատի զգացմունքները ոտնահարելու լկտիությունը, ազգային արժեքներից հրաժարվելու անամոթությունը, նախկին ասածներից, նախկինում հայտարարած սկզբունքներից հրաժարվելու ցինիզմը։ Պետք է պարզենք, թե ինչպես է կարողանում մարդկանց անտեղի տեղը վիրավորել, հանգիստ օրենք խախտել, անօրինական հրահանգներ իջեցնել, երեսպաշտության դասեր տալ հանրությանը։
Նրա ինքնավստահությունը պետք է ընդօրինակենք։ Այն ինքնավստահությունը, որով նա մի ողջ ժողովրդի եւ երկու պետության ճակատագիր է որոշում՝ չվախենալով ոչ մարդկային, ոչ աստվածային դատաստանից։ Այն ինքնավստահությունը, որով կարելի է սպիտակը սեւ ներկայացնել, կորուստները՝ ձեռքբերում, անկումը՝ վերելք եւ չամաչել այդ ակնհայտ կեղծիքից ու ստերից։ Թե ինչպես կարելի է սուտը դիտարկել որպես նորմալ երեւույթ, անամոթությունը՝ համարձակություն, մեր գլխին կախված ռիսկերը՝ ազատագրվելու եւ ինքնիշխանության ամրապնդման ճանապարհ։