Ոչ միայն Վրաստանում են անհանգիստ տրամադրություններ տիրում, այլեւ՝ Աբխազիայում: Աբխազական ընդդիմության որոշ հատված դեմ է Աբխազիայում ռուսական ընկերությունների ներդրումներին, վախենում են, որ ռուսական կապիտալն ամբողջությամբ կգրավի Աբխազիան: Ուզում են, որ Ռուսաստանն իրենց անվտանգությունն ապահովի, սակայն դա անի անշահախնդիր, նաեւ՝ ֆինանսավորի իրենց երկիրը։ Իրավիճակն այնքան էր սրվել, որ նույնիսկ նախագահն էր որոշել հրաժարական ներկայացնել, նոր ընտրություններ անցկացնել եւ այլն: Քաղաքագետ, Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Աբխազիայի իրավիճակին, ասաց․ «Բավականին դժվար է ասել, թե ինչ կլինի, բայց ես մի բան հստակ գիտեմ, որ Աբխազիայի բնակչությունը, որը շատ քիչ է, չունի այն ուժը, որպեսզի կարողանա ինչ-որ ձեւով ազդել Կրեմլի, Ռուսաստանի որոշման վրա։ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլու ռազմաքաղաքական արյունոտ ավանտյուրայից հետո այնտեղ մտան ռուսական զինվորականները, որից հետո այնտեղ տարածաշրջանի համար հզոր ռազմաբազա հիմնվեց՝ Աբխազիայում եւ Ցխինվալի մարզում: Ռուսաստանն Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչեց անկախ պետություններ, այս մարզերից յուրաքանչյուրի հետ հարյուրին հասնող համաձայնագրեր ստորագրեց, եւ այնտեղ կան ռուսական ռազմաբազաներ, ռուսական դեսպանություն եւ, իհարկե, ռուսական հատուկ ծառայություններ: Այնպես որ, Աբխազիան ղեկավարվում է հենց Ռուսաստանի կենտրոնից՝ вручную: Որովհետեւ նրանք հասկանում են Աբխազիայի իրավիճակը, չէ՞ որ Աբխազիան անեքսիայի չի ենթարկվել, այն ճանաչվել է որպես անկախ պետություն»:
Քաղաքագետը շեշտում է, որ, օրինակ, Կրասնոդարի մարզի ղեկավարն ու աշխատակազմն ավելի շատ անկախություն ունեն, քան Աբխազիայի ղեկավարությունը: Միեւնույն ժամանակ, ռուսական կողմը փորձել է շատ չգրգռել տեղի ժողովրդին, չնայած որ Աբխազիայի ժողովուրդը չի կարող ազդել ռուսական կողմի որոշումների վրա: «Ուժային հարաբերակցությունը տարբեր է, ամեն ինչ կախված է կենտրոնի բարի կամքից՝ ռուսական կենտրոնից: Եթե նրանք որոշեն, որ այս պահին ավելի ճիշտ է խաղաղեցնել ժողովրդին, կարող են իրենց որոշ որոշումներ հետ կանչել, որովհետեւ հիմնական խնդիրն այն է, որ հողն ու անշարժ գույքը գնում են Ռուսաստանի ներկայացուցիչները. մտահոգվում են, որ վերջում աբխազներին ոչինչ չի մնա, որ խորհրդարանը չպետք է նման օրենքներ ընդունի եւ այլն: Եվ ասել, որ աբխազները կհաղթեն իրենց բողոքի ակցիաներով, ելույթներով, ճիշտ չի լինի, որովհետեւ նրանք այդ ուժը չունեն: Բայց ձգձգելով ինչ-որ զիջումներ, ամեն դեպքում, կենտրոնը հասկանում է, որ Հյուսիսային Կովկասից էլ են հետեւում այնտեղ տեղի ունեցողին, դրա համար կանեն այն, ինչ նախկինում են արել, օրինակ, ինչպես Ցխինվալի շրջանում: Կասեն․ ընտրեք՝ ում ուզում եք, մենք ձեզ չենք թելադրում, թե ում ընտրել նախագահ… Ուզեցիք այս մեկին՝ լքեց պաշտոնը, մյուսը եկավ՝ դա ձեր գործն է: Ռուսների համար մեկ է, թե ով կլինի նախագահը, նա արդեն ապրիորի լսող է լինելու, որովհետեւ ամբողջությամբ՝ ֆինանսապես, ամեն առումով այդ ռեգիոնը կախում ունի կենտրոնից, այդ ռեգիոնն իր բովանդակությամբ առաջին հերթին ռուսական ռազմաբազայի տարածքն է»,- նկատեց Պետրե Մամրաձեն:
Իսկ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ռուսաստանը հրաժարվի Աբխազիայից կամ կորցնի այն։ Քաղաքագետն ասաց, որ դա կատեգորիկ բացառվում է՝ չի կարելի հավատալ դրան: «Եթե Ռուսաստանի իշխանությունն ինչ-որ մի շրջան տապալվի, ինչը կոչվում է իշխանության տապալման կոլապս, որից որեւէ պետություն ապահովագրված չէ, եւ, ինչպես Լենինն էր ասում, ինչն անընդհատ մեջբերվում է արեւմտյան գիտնականների մասին, որ կարող են անցնել տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ՝ ոչինչ չլինի, հետո, մի քանի օրվա ընթացքում տեղի ունենա մի բան, որը սովորաբար հարյուրամյակներ է տեւում: Հաճախ են ասում՝ ռուսական իմպերիան գոյատեւեց 3 դար, կանգուն էր, ամուր, ու 3 օրվա ընթացքում՝ 1917 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ․․․ ոչինչ չմնաց։ Մենք շատ լավ ենք հիշում, թե ինչպես էր նախագահ Ելցինը Մոսկվայից հայտարարում․ «Դիմում եմ հանրապետություններին՝ վերցրեք այնքան սուվերենիտետ, որքան կցանկանաք, որքան կկարողանաք մարսել, վերցրեք եւ ինքներդ տարեք այդ անկախությունն ու ինքներդ էլ լուծեք խնդիրները»: Եղե՞լ է նման բան՝ եղել է: Լինում է, երբ աշխարհաքաղաքական պատկերը փոխվում է, ու դրա հետ փոխվում է նաեւ էպոխան: Պատահական չէ, որ աշխարհի առաջատար փորձագետները 2020 թ․ իրադարձությունները Ղարաբաղում գնահատեցին որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեծագույն փոփոխություն: Հենց որ Էրդողանն ու Ալիեւը միասին ընդունեցին Բաքվում զորահանդեսը, ամեն ինչ փոխվեց․ այն, ինչ կար նախկինում, այլեւ չկա ու չի կարող լինել դեռ շատ երկար ժամանակ»,- նշեց Մամրաձեն:
Ճիշտ է՝ միաբեւեռ աշխարհը փլվել է, տուրբուլենտություն է, եւ ամեն ինչ հնարավոր է, բայց Պետրե Մամրաձեն կարծում է, որ Աբխազիայից հենց այնպես ռուսները չեն հրաժարվի, դա կլինի միայն այն դեպքում, եթե ամբողջ իշխանությունը ՌԴ-ում փլուզվի։