Զարմանալի էր, նախորդ օրը, երբ անընդհատ Ֆեյսբուքն էի «թերթում» ու լրատվական կայքերն էի բացում-փակում, ծնվեց այսօրվա գրվելիք հոդվածի գաղափարն ու վերնագիրը: Վերնագիրը հենց այն էր, ինչ դուք տեսնում եք հիմա:
Չգիտեմ, դա ներքին կանխատեսում էր, թե, ինչպես սերբ Նիկոլո Տեսլան էր անվանում, «տիեզերքում թաքնված միջուկից» ստացված տեղեկատվություն: Որովհետև հավաքական ընդդիմության հաղթանակին հավատում էինք բոլորս՝ նույնիսկ գործող իշխանությունը: Այլապես գիշերվա կեսին նրա ներկայացուցիչները մեռելային դեմքերով հաղթանակ չէին հայտարարի՝ փորձելով ապահովել իրենց վերընտրությունը:
Ինչևէ, կոռուպցիան պետական ինստիտուտների խորքային քայքայման գործընթաց է: Երբ քեզ թվում է, թե պետական ապարատը գործում է, ու երկրում էլ լուրջ խնդիրներ չկան: Բայց ինչ-որ ժամանակ անց անհնար է դառնում նորմալ պետական կառավարումը: Ու դա հանգեցնում է կա՛մ խռովությանը և կա՛մ հարևաններից որևէ մեկի կողմից այդ պետության տարածքը զավթելուն: Չնայած առաջին տարբերակը ևս կարող է ավարտվել պետության կործանմամբ: Կոռուպցիայի ամենավտանգավոր տեսակը քաղաքական կոռուպցիան է: Այն, ինչի միջով անցնում են նորանկախ պետությունները: Որոնք կա՛մ հաղթահարում են այդ սպառնալիքը, կա՛մ էլ տասնամյակներով վերածվում են բռնապետությունների:
Անկախ Հայաստանում քաղաքական կոռուպցիան եղել է էն գլխից: Բայց այն աննորմալ չափերի հասավ հենց գործող իշխանության օրոք: Այսինքն, այն իշխանության, որ հաստատվեց ժողովրդի ուսերի վրայով: Ու դա կատարվեց առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո: Ու ինչպես մնացած բոլոր կարգախոսները կամ խոստումները՝ այդ մեկը ևս, ինչպես պարզվեց, գրված էր ավազի վրա: Ու այսօր, հետընտրական այս փուլում հանգիստ կարելի է պնդել քաղաքական կոռուպցիայի հաղթարշավի մասին:
Իսկ ո՞րն է քաղաքական կոռուպցիան: Դա այն դեպքն է, երբ իշխանություն ունեցող քաղաքական ուժը, նախ, կատարում է օրենսդրական փոփոխություն, ինչը մրցակիցների հետ հարաբերություններում արտոնություն է տալու այդ ուժին: Քանի որ պետական բոլոր լծակները գտնվում են նրա իշխանության ներքո: Այնուհետև օրենսդրական այդ փոփոխությունը կյանքի է կոչվում ընդդեմ մրցակիցների/ընդդիմության: Նիկոլական Հայաստանում օրենսդրական այդ փոփոխությունը վերաբերում էր ընտրակաշառքներին: Եվ արտաքնապես թվում է, թե գործող իշխանությունը կյանքի է կոչում իր տված խոստումներից մեկը՝ պայքարը կոռուպցիայի դեմ: Իրականում այն, ինչ տեղի էր ունենում վերջին տարում ու հատկապես նախընտրական ժամանակահատվածում, ոչ թե պայքար էր կոռուպցիայի դեմ, այլ հենց կոռուպցիայի հաղթարշավ:
Առաջնագծում, բնականաբար քննչական կառույցներն էին, հատկապես՝ հակակոռուպցիոնը: Որի վրա էր դրված ընտրակաշառքների բաժանման կամ դրա խոստման առումով կեղծ պատմություններ սարքելու ու դրանց հիման վրա ընդդիմադիրներ ձերբակալելու «սուրբ» պարտականությունը: Ձերբակալվում էին ոչ միայն շարքային ակտիվիստներ, այլ տարածքային ընդդիմադիր շտաբների աշխատակիցներ՝ նախագահով հանդերձ: Եվ օրվա վերջում նրանց ազատ են արձակել՝ ասելով, թե շփոթվել են: Ոստիկանական և քննչական պեսպրեդելը հասել էր այն աստիճանի, որ կեղծ մեղադրանքով ձերբակալվել են տեղամասային հանձնաժողովների կազմից՝ ընդդիմադիր նախագահներ և քարտուղարներ: Սա հենց քաղաքական կոռուպցիայի հաղթարշավի դրսևորում էր: Իսկ երբ լրագրողները կամ իրավապաշտպանները հայտնաբերում էին իշխանության ներկայացուցիչ իրական ընտրակաշառողների, դրանց առումով բացարձակ ոչ մի գործողություն չէր կատարվել: Նման բան պատկերացնել անգամ հնարավոր չէր մերժված նախինների օրոք:
Վերն ասվեց, որ քաղաքական կոռուպցիան քայքայում է պետական կառույցները: Հիմա բերենք երկու օրինակ՝ գողությունից մինչև մարդասպանություն, որ կատարվել է ծածուկ, և ընդդիմադիր քաղաքական ակտիվիստի գործունեություն: Առաջինի դեպքում պետք է գտնել կատարողին և գողոնը կամ սպանության գործիքը: Իսկ այնուհետև հիմնավորել կասկածյալին առաջադրված մեղադրանքը: Այդ ամենի համար պահանջվում է մտավոր և ֆիզիկական աշխատանք, ինչպես նաև երկար ժամանակ: Երկրորդի դեպքում «կասկածյալն» աչքի առաջ է, նրան հայտնաբերելու կարիք չկա: Նրա գործունեությունը բնութագրում են նախապես մշակված շտամպով և գործն ուղարկում դատարան: Այսինքն, չի պահանջվում ո՛չ աշխատանք և ո՛չ էլ ժամանակ: Գործող իշխանությունը երկրորդի համար տալիս է մեդալ ու պարգևավճար, իսկ առաջինն ընկնում է երկրորդ պլան: Պարզ չէ՞, պետական կառույցն աստիճանաբար դեգրադացվելու է ու չի կարողանալու կատարել հասարակական կարգուկանոնի պահպանության պարտականությունը:
Ահա այսպիսի ապագա է մեզ սպասվում նախորդ օրվա քվեարկությունից հետո: Եթե, իհարկե, վարչապետի աթոռից կառչած անձին հաջողվի պահպանել իշխանությունը: