Հասարակություն

Մենք ոչ մեկի հետ չենք մրցում, մենք ընդամենը փորձում ենք մեր հայրենակիցներին հնարավորինս մատչելի մթերք ապահովել

Մենք ոչ մեկի հետ չենք մրցում, մենք ընդամենը փորձում ենք մեր հայրենակիցներին հնարավորինս մատչելի մթերք ապահովել

Փետրվարի 20-ից Պետական եկամուտների կոմիտեն խուզարկություններ է անցկացնում «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում, սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերը փակ էին։ ՊԵԿ-ը իր այդ գործողությունները բացատրել էր հետևյալ կերպ․

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:

Արդյունքում, ընկերությունը թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից համատեղ մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում 2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2022 թ. հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում 35 դեպքով իրականացվել են նաև տարբեր տեսակի ապրանքների հսկիչ գնումներ։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկությունները, կատարված 8 հսկիչ գնումների ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, 3 դեպքում էլ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։ Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։
Հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»։

Երեկ մեզ հետ զրույցում «Նոր Զովք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը ՊԵԿ գործողությունները ընկերության 24 տարվա գործարար բարի համբավի արատավորում, և անմեղության կանխավարկածի խախտում որակեց․

«Պետական եկամուտների կոմիտեի հայտարարության վերաբերյալ ես կարող եմ միայն  նշել անմեղության կանխավարկածը, որ բավարար չափի հետաքննություն դեռևս չարած, չավարտած, բավարար չափի ապացույցներ չունենալու պարագայում մերկապարանոց հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ընկերության 24 տարիների բարի համբավը վարկաբեկելու փորձ ընդամենը»։

Բանն այն է, որ ՊԵԿ-ում «Նոր Զովքի» նկատմամբ այս վերաբերմունքը նոր բան չէ: Տարբեր աղբյուրներից լուրեր են հասնում, որ մասամբ մրցակիցների պատվերով, իսկ այս ցանցի գլխավոր մրցակիցը Լֆիկի Սիթիներն են, մասամբ այն պատճառով, որ այս ցանցը ոմանք կապում են կաթողիկոսի անվան հետ եւ նրա սեփականատերերի թվում է Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականը, ՊԵԿ-ը բազմաթիվ վարչական վարույթներ է հարուցել այս ընկերության նկատմամբ: 2019 թվականից սկսած «Նոր Զովք» ՍՊԸ-ն բազմաթիվ վարչական հայցեր է ներկայացրել ՊԵԿ-ի դեմ, վիճարկելով ՊԵԿ-ի տուգանքները, վարչական ակտերը, դրանց մի զգալի մասով ընկերությունը շահել դատը։ Ընկերության փոխտնօրենին հարցրինք՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն դեռևս 2019 թվականից է ՊԵԿ-ի թիրախում․

«Նմանատիպ հայցեր եղել են, դատարանում մենք դատեր ենք շահել, եթե այդ բոլոր գործերի պատմությունները նայեք, ապա այնտեղ ավարտված գործեր կան, որտեղ մենք դատը շահել ենք, մեր կողմից հակընդդեմ հայցերը բավարարվել են և այլն։ Քանի որ չենք կարող ուսումնասիրել, թե մյուս տնտեսվարողների պարագայում ինչպիսին և ինչքան են եղել հայցերը, այդ պատճառով չեմ կարող միակողմանի տեսակետ հայտնել»,- պատասխանեց Խաչատրյանը։ Մենք մյուս սուպերմարկետներից ներկայացված հայցեր չհայտնաբերեցինք:

ՊԵԿ խուզարկություններին զուգահեռ համացանցում տարբեր օգտատերեր սկսեցին տեղեկություններ տարածել, որ խուզարկությունները պայմանավորված են նշված սուպերմարկետների ցանցերում ապրանքների համեմատաբար էժան գներով, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ այլ սուպերմարկետների ցանցերին, օրինակ՝ «Երևան Սիթիին», որի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը դեռևս 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի իշխանության սիրելի բիզնեսմեններից է։ Խաչատրյանին հարցրինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այս խուզարկությունների հետևում Ալեքսանյանը կանգնած լինի, քանի որ իրենց մրցակիցն է.

«Մենք ոչ մեկի հետ չենք մրցում, մենք ընդամենը փորձում ենք մեր հայրենակիցներին հնարավորինս մատչելի մթերք և տեսականի ապահովել, որովհետև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը հայտնի է իր մատչելիությամբ ու գնային շատ ճկուն քաղաքականությամբ, դա մեր որդեգրած սկզբունքն է։ Մրցակցության մասով բան չեմ կարող ասել, իսկ թե ովքեր են մեզ հետ մրցում, երևի իրենք կիմանան, չեմ կարող դրա մասին բան ասել։ Կարող եմ հավելել ի լրումն իմ խոսքի, որ երեկ տեղի ունեցած խուզարկություններն ու առգրավումները տեղի ունեցան կոպտագույն խախտումներով։

Նրանք նույնիսկ տեղեկացված չէին, թե ինչ են իրենք անում, իրավաբանական խումբը տոտալ անգրագիտություն դրսևորեց իր գործունեությունը կատարելու ընթացքում․ չէին տարբերակում պրինտերը համակարգչից, սկաները՝ ՀԴՄ սարքից, հանպատրաստից էին եկել, չունեին տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար թվով մասնագետներ, ընդ որում 1 մասնագետ ունեին, որին մեր անձնական մեքենաներով էինք մասնաճյուղից մասնաճյուղ տեղափոխում, որպեսզի կարողանայինք հնարավորինս շուտ մեր փակված մասնաճյուղերը արագ բացել, որովհետև քննչական խմբի գործողությունների հետևանքով տնտեսվարողը կրեց էական վնաս՝ տևական ժամանակ՝ ընդհուպ մինչև 8-10-12 ժամ մասնաճյուղերը փակ պահելով։ Այսօր էլ կան 2-3 մասնաճյուղեր, որոնք փակ են։ Մեր այն պնդմանը, որ մենք բաց ենք ցանկացած ինֆորմացիա տրամադրելու, այսինքն՝ բերեք ձեր այդ կրիչները և ներբեռնեք ամբողջ ինֆորմացիան, քննիչների պատասխանն այն էր, որ մենք չունենք կրիչներ, որպեսզի կարողանանք ներբեռնել։ Ես խոր հիասթափություն ապրեցի նրանց հանպատրաստի գործողություններից»,- պատասխանեց ընկերության փոխտնօրենը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image