Հարցազրույց

2025-ը հրաշալի տարի էր, վերջապես ասֆալտ արեցին. Սոֆի Դևոյան

2025-ը հրաշալի տարի էր, վերջապես ասֆալտ արեցին. Սոֆի Դևոյան

«Հրապարակ» -ի զրուցակիցը պարուհի Սոֆի Դևոյանն է:

- Տիկին Սոֆի, 2025 թվականը մոտենում է ավարտին: Հաշված ժամեր և մուտք կգործենք 2026 թվական: Ինչպիսի՞ տարի էր 2025-ը Ձեզ համար:

- Օյ, ինձ համար հրաշալի տարի էր: Նոր ներկայացում բեմադրեցինք՝ «Անահիտ», որը շատ մեծ հաջողություն ունեցավ, այն այնքան սիրվեց, որ նորից ենք դնում: Ահագին հետաքրքիր պրոյեկտներ արեցինք, համերգներ տվեցինք, դպրոցներ բացեցինք նոր՝ մեր սաների համար:

- Որտե՞ղ եք նոր դպրոցներ բացել:

- Մի հատը՝ Արաբկիրում ենք բացել, արդեն 15 հատ դպրոց ունենք: Մի խոսքով՝ շատ լավ տարի էր և ես ցանկանում եմ մեր երկրի մարդկանց առողջություն, ցանկանում եմ, որ մենք լինենք միասնական, քանի որ այն այսօր շատ ակտուալ է մեր երկրի համար: Միասնականությունը կլինի մեր միակ փրկությունը: Պետք է միասին լինենք, իրար սիրենք, իրար հարգենք: Բոլորին ցանկանում եմ մեծ երջանկություն, հաջողակ տարի եմ ցանկանում և որ ամենակարևորն է՝ թող խաղաղություն լինի:

- Իսկ ինչո՞ւ եք հատկապես հիմա կարևորում միասնականությունը:

- Վերցրեք յուրաքանչյուր գործ, եթե Ձեր կողքին կան հավատարիմ մարդիկ, այն միանշանակ հաջողվում է կյանքի կոչել: Երբ մարդիկ միասին են, մեծ հաջողությունն անխուսափելի է: Միայնակ մարդը ինքն իրենով ոչինչ չի կարող անել:

- Իսկ Հայաստանի համար ինչպիսի՞ տարի էր 2025-ը:

- Ես կարծում եմ, որ շատ լավ տարի էր: Ես տեսնում եմ, թե ինչքան շատ լավ բաներ են անում: Օրինակ վերցնենք մեր գյուղի՝ Պտղնիի ասֆալտը: Միայն տեսնեք, թե ինչ ասֆալտ են գցել: Մենք տարիներ շարունակ մեր գյուղում նման ճանապարհ չենք ունեցել: Ու այդպես լիքը-լիքը լավ բաներ: Ես կցանկանայի, որ մեր երկրում ավելի շատ լավ բաներ լինեն, և մարդիկ գոհ լինեն իրենց քաղաքներից, գյուղերից և այլն: Ես մեր ժողովրդին լավատեսություն եմ ցանկանում: Մարդ կա, լավի մեջ էլ վատն է տեսնում, բայց մարդ էլ կա էն վատի մեջ անգամ, մի լուսավոր կետ գտնում է: Այն շատ կարևոր է մեր ազգի համար:

- Իշխանություններն ասում են, որ Ադրբեջանի հետ խաղաղություն են ցանկանում հաստատել: Ի՞նչ եք կարծում՝ այն հանարավո՞ր է:

- Ես միշտ եղել եմ խաղաղության, խաղաղասիրության և բարության կողմնակից: Դեռ ինչքա՞ն պետք է կռվեն երկրները, պատերազմեն: Ես բարության կողմնակից եմ: Այն ինչ-որ արել են մեր պապիկները, չգիտեմ, ի վերջո այսօրվա երիտասարդությունը…. ես կողմնակից եմ լավ հարաբերությունների….

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image