Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը: Այն այս տարի կրում է «Գրադարանը՝ ներառականության հարթակ» խորագիրը եւ կանցկացվի ապրիլի 14-21-ը:
«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրին մասնակցում են ՀՀ պետական եւ համայնքային գրադարանները՝ բազմաբովանդակ կրթական, գիտական եւ մշակութային միջոցառումներով: Նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է՝ բարելավել առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար Հայաստանի գրադարանների մատչելիությունը:
Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում կանցկացվեն տարաբնույթ մրցույթներ, հանդիպումներ, վարպետության դասեր, սեմինարներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, փոխադարձ այցեր ՀՀ մարզային, համայնքային եւ մասնագիտացված գրադարաններ:
Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 21-ին: «Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրը կազմակերպվում եւ անցկացվում է 2002 թվականից, որը նաեւ արդյունավետ հարթակ է՝ գրադարանային ոլորտի խնդիրները, զարգացման ճանապարհները քննարկելու, լուծումները գտնելու համար: