ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գրեց, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել Ադրբեջանի եւ Հայաստանի, այսպես կոչված, «խաղաղության փաստաթղթի» տակ: Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ճշգրտում կատարեց՝ դա խաղաղության պայմանագիր չէ, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, ավելի խայտառակ պայմանագիր, քան 2020 թվականի կապիտուլյացիան:
«Ադրբեջանը պահանջների երկար ցուցակ ունի, որը նշանակելու է Սյունիքի կորուստը եւ Հայաստանի՝ որպես պետական միավորի, անհետանալը: Հայաստանն այլեւս չի լինի որպես անկախ պետություն: Սա երեւի պետք է անցնի ինչ-որ ռատիֆիկացիայի պրոցես` դա կուղարկվի Ազգային ժողով, որովհետեւ նրանք ունեն մեծամասնություն, եւ մեր անզոր ընդդիմությունը ոչինչ չի կարողանալու անել: Նրանք արդեն երկար տարիներ ձեւ են անում, որ խանգարում են, կամ փորձում են փոխել, բայց ոչինչ չի ստացվում: Հարցեր պետք է տալ այն մարդկանց, ովքեր երկրորդ անգամ ընտրեցին այս խմբին, եւ այս դժբախտությունները գնալով ավելանում են մեր կյանքում, մեր տանջանքը շարունակվում է այն մարդկանց պատճառով, ովքեր իրենց ձայները տվեցին այս խմբին, կամ այն մարդիկ, ովքեր չմիացան որեւէ բողոքի շարժման՝ կարծելով, որ տանը նստելով կխուսափեն հետեւանքներից»,- ասաց Խաչիկյանը:
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ խոսակցությանն անդրադառնալով, նա ասաց, որ խաղաղություն հաստատելու կամք առկա է, սակայն մեծ դժվարություններ կան: «Ուկրաինական կողմը հայտարարել է, որ չի ընդունի այն պայմանները, որն առաջարկել է Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունից չի հրաժարվի, տարածքներից չի հրաժարվի, եւ մի շարք այլ խոչընդոտներ կան: Այսինքն՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես այս երկու կողմերը կգան խաղաղության: Արեւմուտքն էլ իր մտադրության մասին է հայտարարել՝ նորից զինել ուկրաինացիներին, մինչեւ վերջ զինել: Սա դեպի նոր պատերազմ է գնում, եւ ես այդքան էլ չէի սպասի, որ մենք մոտակա ժամանակներում կտեսնենք կայուն խաղաղություն Ուկրաինայի շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ քաղաքականությանը, քաղաքագետը նկատում է․ Թրամփն ուզում է հարձակվել Իրանի վրա, քանի որ Թրամփի եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Իսրայելի լոբբիի կողմից, սա ԱՄՆ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի, սա Իսրայելի լոբբին է անում․ «Այո, նա ուզում է հարձակվել կամ այնպիսի պայմանագիր ստորագրել, որը մեծ վնաս կհասցնի Իրանին, Իրանի միջուկային ծրագրին, դիվանագիտությանն ու ազդեցությանն այս ռեգիոնում»: Ռուսաստանը կփորձի միջնորդի դեր կատարել, որպեսզի խաղաղ ձեւով այս հարցը լուծվի: Հնարավոր է որոշ զիջումներ առաջարկի Իրանին, սակայն Ռուսաստանի շահերից չի բխում, որ այնտեղ պատերազմ սկսվի, հարձակում լինի, եւ Ռուսաստանը ստիպված լինի ընտրել՝ պաշտպանե՞լ, թե՞ չպաշտպանել մի երկրի, որն իրեն Ուկրաինայում զգալի օգնություն ցուցաբերեց, եւ որի հետ ունի ստրատեգիական պայմանագիր: «Ռուսաստանի շահերից բխում է, որ Իրանի վրա հարձակում չլինի, եւ սա խաղաղ ձեւով լուծվի, եւ որ Իրանը չկորցնի իր ազդեցությունը: Հնարավոր է, որ Իրանի հաշվին ինչ-որ զիջումների գնան, քանի որ Ուկրաինան շատ ավելի կարեւոր է Ռուսաստանի համար: Բայց Ուկրաինայում էլ առայժմ որեւէ համաձայնություն չկա երկու կողմերի միջեւ, թե խաղաղությունն ինչպես են հաստատելու»,- ասաց Խաչիկյանը:
Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի անվտանգային հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի կողմից Հաջիեւի հետ զրույցում հայ գերիների ազատ արձակման մասին հնչած պահանջին, մեր զրուցակիցը ողջունում է այդ կոչը, սակայն հարց է, թե որեւէ ռեալ լծակ, ճնշում գործադրվո՞ւմ է Ադրբեջանի վրա: «Մի բան, որն Ադրբեջանի համար կարեւոր է՝ Միացյալ Նահանգներն ազդեցություն գործո՞ւմ է դրա վրա, ես դա չեմ լսել։ Տեսնենք՝ արդյոք դա ռեալ հետեւանք կունենա՞, ես չեմ կարծում, թե կունենա»,- ասաց Արթուր Խաչիկյանը։