Բաց նամակ
Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Տեր Դանիել Պատրիարքին
Ամենապատիվ Պատրիարք Հայր,
Որդիական սիրով համբուրում եմ Ձեր սուրբ աջը, ով մինչև ոչ շատ վաղ ժամանակները Ձեզ հայտնի էր, որպես Եզրաս Բոգդան անունով՝ Ռումինիայում Հայ Եկեղեցու թեմի նախկին փոխանորդը։
Խնդրում եմ ներել իմ համարձակությունը՝ դիմելու Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու Առաջնորդին որպես պարզ աշխարհական և կարգալույծ քահանա։ Ես դա չէի անի, եթե խորապես համոզված չլինեի, որ այն, ինչ համարձակվում եմ ներկայացնել Ձեր Գերաշնորհի ուշադրությանը, կարող է հետևանքներ ունենալ նաև Սուրբ և Առաքելական Ռումեն ուղղափառ Եկեղեցու համար։
Չգիտեմ՝ արդյոք Ռումինիայում Հայոց թեմի առաջնորդը Ձեզ տեղեկացրե՞լ է այն ամենի մասին, ինչ ես կպատմեմ, կամ օգնություն խնդրե՞լ է Ձեզնից։ Այնուամենայնիվ, բնական երկյուղով, թե չլինի Ձեզ նեղացնեմ, համարձակվում եմ դիմել
Ձեզ։
Պատրիարք Հայր,
Եվրոպական ժողովրդավարությունը փոփոխում է իր արժեքային բովանդակությունը։ Պետություններում, որոնք հավակնում են իրավական պետության կարգավիճակի և միջազգային ճանաչման, իշխանությունները խախտում են Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների խարտիայով երաշխավորված իրավունքները՝ ուղղակիորեն և բռնի կերպով հարձակվելով Սուրբ Եկեղեցու վրա։ Այդպիսին է նաև Հայաստանի օրինակը, Ձերդ Սրբություն, որտեղ ժամանակավոր վարչապետը գործեր է կատարում, որոնք հիշեցնում են բոլշևիկյան կամ նացիստական վարչակարգերին բնորոշ մեթոդներ։
Սուրբ Եկեղեցու հեղինակությունն ու ազդեցությունը հավատացյալ ժողովրդի շրջանում թուլացնելու նպատակով վարչապետը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք արտաքինից ուղղված են առանձին անձանց, մասնավորապես՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Պատրիարքին, սակայն իրականում դրանք հանդիսանում են պետության ծանր միջամտություն Եկեղեցու ներքին կառավարմանը և Սուրբ Եկեղեցու կանոնական կարգի խաթարմանը։
Նրա քաղաքականության դեմ կանգնած եպիսկոպոսների ձերբակալությունը, բանակում հոգևոր ծառայության վերացումը, ինչպես նաև Սուրբ Սինոդի անդամների նկատմամբ դատախազական քննության հարուցումը՝ Սինոդում ընդունված որոշումների համար, այս գործողություններից միայն մի քանիսն են։ Այդ ամենի պսակումը պետք է լինի Նորին Սրբության ձերբակալությունը, որն արդեն իսկ պաշտոնապես հայտարարված է, և կառավարության կողմից Կաթողիկոսի ընտրությունների կազմակերպումը։
Չգիտեմ նաև, Պատրիարք Հայր, արդյոք Սուրբ Աթոռը կապ հաստատե՞լ է Ձեզ հետ։ Հավանաբար՝ ոչ, քանի որ իրենց խոնարհության մեջ հայ հոգևորականները չեն ցանկանում վտանգը տարածել նաև Քրիստոսով իրենց եղբայրների վրա։ Սակայն աղաչում եմ Ձեզ, Ձերդ Սրբություն, կարգադրել կապ հաստատել Էջմիածնի Սուրբ Աթոռի հետ և Քրիստոսով աջակցել նեղության մեջ հայտնված Հայ Եկեղեցուն։
Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը Հայաստանի մեջ տեղի ունեցող իրադարձությունների դեմ ոչ միայն եղբայրական օգնություն և քրիստոնեական սիրո վկայություն կլինի, այլև կգրավի այն մարդկանց ուշադրությունը, ովքեր բռնի կերպով վերաձևում են ժողովրդավարության էությունը՝ ցույց տալով, որ Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցին ժողովրդավարական արժեքների պաշտպան է։
Խնդրում եմ ներողամիտ եղեք իմ համարձակության համար։
Խոնարհությամբ համբուրում եմ Ձեր Սուրբ Աջը,
Պողոս Բոգդան (Եզրաս)