Հարցազրույց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ։
- Ընդդիմադիր դաշտից քննադատություններ են հնչում, որ Բագրատ սրբազանը շարժումը չպետք է տաներ ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու ուղղությամբ, որովհետեւ ուսապարկերն այդքան համարձակություն չեն ունենա: Պայքարն ավելի ռադիկալ քայլերի պետք է գնար։
- Յուրաքանչյուր ոք, ով նման կարծիք է հայտնում, պետք է հասկանա, որ գործիքակազմը շատ չէ՝ կա՛մ իմպիչմենթն է, կա՛մ մասսայական ճնշմամբ հասնել վարչապետի հրաժարականին։ Ինքը որոշել է գնալ առաջին ճանապարհով, որը շատ ավելի խաղաղ, հանգիստ, հոգեւորականին սրտամոտ ու հարիր մեթոդ է, բայց երբեք էլ չի նշանակում, որ երկրորդ ճանապարհը բացառվում է։
- Նախորդ օրերը ցույց տվեցին, որ դժվար է կրիտիկական զանգված ապահովել, որը ճնշում կգործադրի խորհրդարանի վրա, անգամ եթե լինի, դժվար թե ՔՊ-ականները ճնշվեն։
- Այս պահի դրությամբ 3 անգամ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է եղել, երբեք այդպես չի եղել, բացառությամբ 2018-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել։
- Ուզում եք ասել՝ Սերժ Սարգսյանը հրաժարականը գրել է, երբ ավելի քիչ մարդ էր փողոց դուրս եկել, քան այսօ՞ր։
- Այո, փողոցներում ճանապարհները փակվում էին, մարդիկ կային, բայց այդպիսի հանրահավաք եղել է մե՛կ 2018 թ. մայիսի 9-ին (Փաշինյանը մայիսի 8-ին է ընտրվել վարչապետ՝ Լ․ Շ․), մե՛կ էլ 2024 թ. մայիսի 9-ին։ 2018-ի մայիսի 9-ից առաջ արդեն հայտարարվել էր հրաժարականի եւ այն մասին, որ մեկ հայի արյունը չարժե իշխանությունը, որ պետք է պահվի եւ այլն․․․ Այո, բոլորս հասկանում ենք, որ Նիկոլը չունի մարդկային նման բարձր հատկանիշներ, գիտակցում, բայց շարժման ղեկավարները թերեւս մտածում են՝ լավ, Նիկոլն է գժական գնում, բայց կարող է թիմում կան մարդիկ, որ չեն ուզում արյուն եւ հայրենադավության պատասխանատվություն կիսել իրենց ընտանիքների հետ, բարոյականություն, արժանապատվություն ունեն: Մարդիկ կան, որ մեջները դեռ հայի արյունը չի ցամաքել, ու վերջին պահին ուզենան ձերբազատվել Նիկոլից։ Իհարկե, չբացառենք, որ կարող են լինել գործընթացներ խորքային, եւ իշխող ուժն ինքն էլ ցանկանա նախաձեռնող լինի` ոչ միայն ընդդիմությունը: Մենք չգիտենք՝ ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, եւ ինչպես կառաջնորդվի իշխող մեծամասնությունը։
- Բայց եթե փողոցում այսքան մարդ չկար, ի՞նչը ստիպեց Սերժ Սարգսյանին՝ հանձնել իշխանությունը, այլ ոչ թե ճնշել շարժումը, ինչի համար էլ մեղադրում են, թե եղել է պայմանավորվածություն։
- Մենք հասկացանք, որ ժողովրդի մեծամասնությունն այլեւս դա է ուզում, եւ ավելորդ ջանքեր էին նրանց ինչ-որ բան բացատրելը, համոզելը, ժողովուրդը մեզ այլեւս չէր լսում․․․ Եթե քեզ այլեւս չեն լսում, ուզում ես ոսկյա ճշմարտություններ ասա, մեկ է։ Այո, կան տարակարծություններ, բայց գոնե այն ժամանակվա մեջ որոշումը ճիշտ էր, հաշվարկով՝ գուցե դա խաղաղություն բերի, միասնություն, համերաշխություն, մյուս կողմից՝ գուցե Ղարաբաղի հարցն այդպես չլիներ եւ այլն։ Իշխանությունից ավելի թանկ բան կար մեզ համար՝ հայրենիքը, որը, ցավոք, այսպես եղավ։
- Պատերազմից, պարտությունից, զոհերից, տարածքային կորուստներից հետո, երբ նաեւ փողոցն էր ակտիվ, ՔՊ-ում չգտնվեցին Ձեր նշած բարձր գիտակցում ունեցողներ, որոնք Փաշինյանին հեռանալու խորհուրդ կտային։ Եթե այդ ամենը մարսեցին, ինչո՞ւ պիտի հիմա հեռանան:
- Խնդիրն ազգի դավաճանի եւ այսքան հեղված արյան, հայրենիքի կորստի հետ չասոցացվելն է, գումարած՝ իշխանությունն առանց Նիկոլի պահելու․․․ զարգացման հազար սցենար կարող է լինել։ Եվ խնդրում եմ այս շարժումը չհամեմատել նախորդ որեւէ շարժման հետ։ Ճիշտ է՝ քաղաքական պրոցեսներ են, բայց տեսեք լեքսիկոնի տարբերությունը, սա վերկուսակցական է, ավելի արդյունավետ... հիմա շատ ավելի բարձր լեքսիկոն է կիրառվում, քարոզչություն է իրականացվում, քան քաղաքական դաշտն է անում։ Սա ազգային, հոգեւոր, վերկուսակցական շարժում է, այդ պատճառով էլ միավորում է բոլորին, ու դրանով է նաեւ պայմանավորված, որ հաղթանակի հավանականությունը շատ մեծ է։ Չկան կուսակցություններ այնտեղ, կան կուսակցականներ, ես, օրինակ, բոլոր միտինգներին, որպես սովորական քաղաքացի, մասնակցել եմ ու շարունակելու եմ մասնակցել, ինչպես նաեւ իմ կուսակցական ընկերները, մեր երիտասարդներն են շատ ակտիվ, բայց սա կուսակցական շարժում չէ։
- Բոլոր դեպքերում, անվստահության գործընթացը պետք է տեղի ունենա քաղաքական մարմնում՝ քաղաքական ուժերի կատարմամբ, այստեղ խնդիրներ են առաջ գալիս՝ ո՞վ պետք է լինի վարչապետի միասնական թեկնածուն, որ բոլորի համար ընդունելի լինի։ Արդեն տեղեկություններ կան անհամաձայնությունների մասին, ՀՀԿ-ն կողմ է Արման Թաթոյանին, «Հայաստան» դաշինքը՝ Գրիգորի Խաչատուրովին: Չի՞ պառակտվի շարժումը։
- Բոլոր քաղաքական ուժերը պետք է ամբիցիաները մի կողմ դնեն եւ ականջալուր լինեն շարժման ղեկավարին՝ հոգեւոր առաջնորդին, որն ամեն բան շատ ավելի լավ է տեսնում։ Դուք անուններ հնչեցրիք, բայց ես տեղյակ չեմ, չի էլ հետաքրքրում, հենց անուններ ասպարեզ բերվեն, դա կարող է տարակարծությունների, փոխադարձ անվստահության պատճառ դառնալ։ Ես կարծում եմ՝ քանի Նիկոլը չի հեռացել, չպետք է անուններ հնչեցնել, պետք է ամեն ինչ հասցնել կրիտիկական՝ անդառնալիության կետին, որից հետո անուններ տաս-չտաս, բան չփոխվի։
- Բայց շատ շարժումների ձախողման պատճառը հենց դա է եղել։
- Ես չգիտեմ՝ ում նկատի ունեք, բայց 2018-ից բոլորն են տեսել, որ ՀՀԿ-ն իր ռեսուրսներով եղել է հրապարակներում, ամենածանր տեղերում, բայց երբեք բեմում չի եղել, այսինքն՝ մեզ համար առաջնահերթություններն են կարեւոր։
- Սրբազանը հայտարարեց տարբեր ուժերի հետ քննարկումներ սկսելու մասին, ՀՀԿ-ի հետ եղե՞լ է հանդիպում։
- Ես չգիտեմ։