Առավոտյան արթնացա ծանր զգացողություններով: Հակառակի պես երազ էլ չէի տեսել, թե այդ ամենը վերագրեի երազին: Բակում, ինչպես միշտ, առաջինը հանդիպեցի մեր հարևան Շմավոնին.
-Էս ի՞նչ ա վիճակդ այ տղա, հո հիվանդ չե՞ս:
-Եսիմ, առավոտից մի տեսակ ծանր զգացողություններ ունեմ:
-Սա զգացողությունների բան չի, երեսիդ գույն չկա… Հենց հիմա ավտոդ խոդ տուր, գնանք բժշկի:
Ծիծաղեցի.
-Դե լավ, հա, բժշկի… Կանցնի:
-Դու գիտես, որ բժշկի չես ուզում գնանք, գոնե խոստովանահայր կանչենք:
-Շմավոն, վերջ տուր, քո հավեսը չունեմ… Ի՞նչ մեղք եմ գործել, որ մի հատ էլ խոստովանահայր կանչեմ: Մարդիկ իմանան՝ ի՞նչ կասեն:
Շմավոնին լավ օր մաղթեցի ու խոդ տվի ավտոս: Իջնում եմ Մյասնիկյան պողոտայով, ռադիոն միացրած, որ ցրվեմ: Բայց չի օգնում: Խոստովանահոր մասին Շմավոնի առաջարկը հետապնդում է ինձ: Ուշքի եկա, երբ աջ ու ձախից սկսեցին սիգնալ տալ, ձեռքները լուսամուտից հանել՝ ո՞վ ես, արա, էս ո՞նց ես քշում… Հետևից մի «պրոբկա» էր բռնել՝ էլ դու սուս: Մի կերպ հասա Հանրապետության հրապարակ: Տիգրան Մեծի կողմից որ մոտենում ես, կառավարության տան ստայանչիկները հատուկ «սունկեր» են շարել մայթեզրին, որ ոչ մի ավտո չկանգնի: Էլ չնայեցի… Դրանցից մի քանիսը տրորեցի ու կանգնեցի ծառի շվաքում: Ոստիկանը վազելով եկավ՝ քաղաքացի, այս ինչ եք անում, այստեղ չի կարելի կանգնել:
-Ո՞վ ասաց, այստեղ կայանելն արգելող նշան չկա:
-Նշան չկա, բայց բաներ ենք շարել, որ չկանգնեն: Պետական գույքը փչացրեցիք: Գնացեք, թե չէ «պադկրիպլենի» կկանչեմ:
-Հանգստացիր, ես Նիկոլի մոտ եմ եկել:
-Նիկոլի՞:
-Հա:
-Դու Նիկոլի ի՞նչն ես:
-Ես չէ, Նիկոլն ա իմ ինչը:
-Ի՞նչն ա:
-Վարչապետը:
-Թույլտվություն ունե՞ք (անցավ Դուք-ի):
-Այո, ասացի ու ցույց տվեցի միջազգային սիմպոզիումի մասնակցի բեյջս՝ ամբողջը անգլերեն:
Սրա աչքերը կլորացան… Ձեռքն ինքնաբերաբար տարավ քունքին.
-Ես հիմա կզեկուցեմ, որ Ձեզ ուղեկցեն վերև:
-Կարիք չկա, ես Նիկոլի կաբինետի տեղը լավ գիտեմ: Եթե կարող ես՝ Նազոյին ասա՝ 2 հատ սուրճ դնի, մեկը՝ դառը: Ուրիշ բան պետք չէ, Նիկոլի մոտ երկար չեմ լռվելու:
Ժողովուրդ ջան, ես գլուխ չեմ գովում: Ինձ համար կառավարության շենք և Նիկոլի կաբինետ մտնելու արգելքներ չկան: Հիշում եմ, մի անգամ այնպես հանկարծակի հայտնվեցի Նիկոլի կաբինետում, որ սա լեղաճաք եղավ, կարծեց՝ ահաբեկիչ եմ: Կարճ ասած՝ մտա ընդունարան, տեսա Նազոն, սկուտեղի վրա երկու սուրճ, Նիկոլի դուռն է թակում:
-Էն ո՞վ ա,- լսվեց ներսից:
-Պարոն վարչապետ, էն մարդն ա, բեղերով, որ անցյալ անգամ եկել էր:
-Ախչի, քեզ քանի՞ անգամ պիտի ասեմ՝ սովորիր մարդկանց անունները հիշել, ինձ մոտ օրական 100 հատ բեղերով մարդ ա գալիս:
-Դե էն մարդն էլի, որ ամեն անգամ առանց արարողակարգի է գալիս:
-Հա՜… Հիշեցի, ներս թող:
Երբ սենյակում երկուսով էինք, հարցրեց.
-Էս ի՞նչ ա վիճակդ, պարոն…
-Անդրեասյան…
-Պարոն Անդրեասյան, երեսիդ գույն չկա, հո երազումդ գել ու հարամի չե՞ս տեսել:
-Չէ, ուղղակի ծանր զգացողություններ ունեի, հարևանս էլ խորհուրդ տվեց խոստովանահայր կանչել:
-Կանչեցի՞ր:
-Ոչ, իհարկե, հիմա այնպիսի ժամանակներ են, որ մարդ չի իմանում, որ խոստովանահայր կանչի, ով կգա. ամուսնացյալ կլինի, չի լինի. զավակ կունենա, չի ունենա, Աստվածաշունչը մինչև վերջ կարդացած կլինի, չի լինի, պատվիրանները պահող կլինի, չի լինի…
-Ճիշտ ես ասում, այդ հոգևորականներին վստահել չի կարելի… Իսկ ես ինչո՞վ օգնեմ քեզ:
-Եկել եմ քեզ խոստովանեմ մեղքերս: Ի՞նչ վատ խոստովանահայր ես՝ ամուսնացյալ չես, Աստվածաշունչը կարդացել ես, Պահքն ու պատվիրանները սրբորեն պահում ես… Կարծում եմ՝ քեզնից լավը չկա:
-Բայց ես…
-Ոչ մի բայց, մի հատ անցիր վարագույրի հետևը, ես էլ այս կողմում կնստեմ ու քեզ ամեն ինչ կխոստովանեմ:
-Չգիտեմ…
-Ասումա՝ չգիտեմ… Այ մարդ, քեզ ասի՝ անցիր վարագույրի հետևը, ես դուռը ներսից կփակեմ, որ մարդ չմտնի: Նստեցի՞ր: Սկսե՞նք:
-Սկսիր, որդյակ իմ, պատմիր ինձ թե ինչ մեղքեր ես գործել նախկինների օրոք, ես թողություն կտամ քո մեղքերին, քանզի Աստված թույլ է տալիս ներել բոլոր մեղավորներին:
-Տեր վարչապետ Փաշինյան, եկ քաղաքականությունը դնենք մի կողմ: Ես նախկինների ժամանակ գործածս մեղքերի համար լիուլի ապաշխարել եմ արդեն: Խնդրանքս է՝ թողություն տալ իմ վերջին 7 տարվա մեղքերին:
-Հարց չկա որդյակ իմ, ես դրան էլ եմ պատրաստ:
-Տեր վարչապետ Փաշինյան, մի անգամ ինձ ասացին՝ վարչապետը դու ես, և ես էշի պես հավատացի ասողին:
-Որդյակ իմ, եթե դա է քո գործած ամենամեծ մեղքը, կարող ես համարել, որ արդեն ներված ես… Շարունակիր:
- Հետո, երբ ես հասկացա, որ խաբված եմ, սկսեցի մանրից հայհոյել ինձ խաբողներին, չհավատալ նրանց խոսքերին, նրանց առաջարկած 100 քայլերին, ապագայի մասին նրանց կեղծ պայծառատեսություններին:
-Ասում ես՝ թեթև էիր հայհոյո՞ւմ:
-Այո, թեթևի մեջ, քանի դեռ հույս ունեի, որ խելքի կգան, ու կսկսեն երկիրը ծաղկեցնել:
-Հայհոյելը լավ չէ, բայց որ թեթև ես հայհոյել, դա էլ կներվի քեզ: Աստված մեծ սիրտ ունի, որդյակ իմ… Շարունակիր:
-Հետո 44 օր պատերազմ եղավ, ամեն ինչ խառնվեց իրար. զոհեր, պարտություն, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվեց… Իմ ֆազերը քցեցին, տեր վարչապետ Փաշինյան, և ես սկսեցի ավելի թունդ հայհոյել, պահանջել պարտված իշխանությունների հրաժարականը, այնպիսի բառեր օգտագործել, որ ամենաքար իշխանությունն էլ փուլ կգար՝ դավաճան, հողատու, կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս… Հազիվ էի ինձ զսպում, որ սեռական բնույթի հայհոյանք չտամ…
-Հանգստացիր, որդյակ իմ, և հիշիր, որ ամեն պարտություն չէ, որ պարտություն է: Մենք, ճիշտ է կորցրեցինք Արցախը, բայց գտանք Հայաստանի Հանրապետությունը: Այդ կապակցությամբ ես թողություն կտամ նաև քո մեղքերի այս բաժնին, որ ուղեկցվել է հայրենի իշխանությունների հասցեին կոշտ խոսքերով:
-Վայ, անչափ շնորհակալ եմ տեր վարչապետ, բայց մի մեղք էլ կա, որի ընթացքի մեջ եմ այսօր:
-Խոսիր ազատորեն, որդյակ իմ, ի՞նչն է խռովում քո հոգին ու այդպես տարել է երեսիդ գույնը:
-Սուրբ Էջմիածինը, տեր վարչապետ քահանա, սև ամպեր են կախվել Մայր աթոռի ու Վեհարանի վրա: Արդեն որքան ժամանակ է անգամ քաղաքի մայթերին շնացող իշխանությունները հայհոյում ու պղծում են իմ հավատը, իմ եկեղեցին, սպառնում են գրոհով վերցնել այն, ասպատակել ինչպես մոնղոլ-թաթարներն ու թուրք-սելջուկները: Պայթում եմ արդեն, հիմա-հիմա կսկսեմ 7-8 հարկանի հոգևոր հայհոյանքներ տեղալ Մայր աթոռի մոտ մեծ ոչխարահավաք հրավիրող իշխանությունների հասցեին: Ես գիտեմ, որ Աստված մեծ է ու կների այդ մոլորյալներին, բայց արդյո՞ք նա այնքան մեծ է, որ կների նաև ինձ՝ հոգևոր հայհոյանքներիս համար, չէ՞ որ նա պատվիրել է սիրել մերձավորներին, եթե նրանք նույնիսկ ոչխարներ են:
-Չեղավ, չեղավ, որդյակ իմ, դու արդեն սկսում ես հայհոյել հենց խոստովանահորդ ներկայությամբ: Դա ծանր մեղք է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ես եմ առաջնորդում այդ հավաքը:
-Ո՞վ, դո՞ւ…
-Այո, որդյակ իմ:
Նրա այս «այո»-ի վրա ես կորցրեցի ինքնատիրապետումս…
-Տո հլա դուրս արի էդ վարագույրի հետևից,- գոռացի…
Աչքերիս առաջ սևացել էր, բան չէի տեսնում արդեն: Միայն այն լսեցի, որ ինչ-որ մեկը ձայն էր տալիս՝ Նազո, հասիր, սպանում են, ո՞վ կա այդտեղ, դուռը կոտրեք, հասեք, փրկեք…
Երբ ուշքի եկա, արդեն դրսում էի: Ծանոթ ոստիկանը թևիցս բռնած ինձ ուղեկցում էր դեպի մեքենաս…
-Հոպար, բորդյուր է, զգույշ, բանալին տուր՝ դուռը բացեմ: Կարա՞ս քշես, թե՞ տղերքին ասեմ ուղեկցեն…
-Շնորհակալ եմ, տղա ջան, դուք գնացեք խոստովանահորը ուղեկցեք, մինչև հիմա օգնություն է կանչում…