Քաղաքականություն

Հայաստանի խնդիրը հայ-ռուսական եւ հայ-ամերիկյան հարաբերությունները չեն

Հայաստանի խնդիրը հայ-ռուսական եւ հայ-ամերիկյան հարաբերությունները չեն

Նախընտրական Հայաստանի գործընթացներում ամենամեծ փորձությունների ենթարկվողը ո՛չ ներհայկական զարգացումներից գլուխ չհանող ընդդիմությունը եւ ո՛չ էլ աշխարհաքաղաքական զարգացումներում ճիշտ չկողմնորոշվող իշխանությունն է: Ամենամեծ փորձությունների ենթարկվողը, թերեւս, Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստան պետությունն է:

Հարցն այն է, որ ստեղծված պայմաններում ոչ թե ուրիշին, այլ հենց իրեն՝ պետությանն է վիճակված՝ ինչպես դուգիններին ու սոլովյովներին, այնպես էլ Հայաստանի որոշ ռուսամետների հասկացնել, որ Ռուսաստանի՝ Թրիփից դուրս մնալը կամ չմնալը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի խնդիրն է: Իսկ Հայաստանի խնդիրն այս առումով Հայաստանը «հակառուս» չդարձնելն ու ռուսական ներկայության եւ ներդրումների համար դռները բաց պահելն է:
Սակայն «Թրամփի ուղուց Ռուսաստանի դուրս մնալ-չմնալը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի խնդիրն է»-ն հայաստանյան ռուսամետներին բացատրելուց բացի, նաեւ Նիկոլին ու հայաստանյան արեւմտամետներին պետք է հասկացնել, որ իրենց խնդիրը ոչ թե Թրիփն «անվտանգություն երաշխավորողի» գնով Հայաստանի ու հայ ժողովրդի վրա վաճառելն է, այլ ամերիկացիներին բացատրելը, որ Թրիփը խաղաղության խոստման գնով ԱՄՆ-ին վաճառելը ոչ միայն այն ամենանվազագույն գինն է, որով Հայաստանը կարող էր վաճառել Թրիփը, այլ նաեւ այն ամենանվազագույն գինն է, որով ԱՄՆ-ն կարող էր գնել այն: Եվ, հետեւաբար, այս գործարքից հետո Հայաստանն իրավունք ունի հույս ունենալու, որ ԱՄՆ-ն, հաշվի առնելով այս հանգամանքը, Հայաստանի տնտեսության այլ ոլորտներում այնպիսի ներդրումներ կանի, որ այդ ներդրումներով Հայաստանը, գոնե որոշակի չափով, կարողանա փոխհատուցել այն ցածր գինը, որով Հայաստանը ստիպված է եղել վաճառել Թրիփը:

Այս իմաստով, չնայած նրան, որ մեզ ու մեզ նմանների համար ամենահավանական վարկածը շարունակում է ընդդիմության եւ իշխանության կողմից պետությանը մենակ թողնելու վարկածը մնալ, այնուամենայնիվ, մենք ու մեզ նմաններն ուզում ենք հավատալ, որ այս երկրի իշխանությունն ու ընդդիմությունը, ի վերջո, կգիտակցեն, որ իրենք, քանի դեռ չեն կորցրել պետությանը մենակ չթողնելու հնարավորությունը, պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի սպասվող փոփոխությունները ոչ թե պետությանը մենակ թողնելու, այլ պետության հետ համագործակցելու տրամաբանությամբ արվեն:

Շարունակում ենք հուսալ, որ նրանք հենց այդպես էլ կվարվեն, որովհետեւ հավատում ենք, որ, ի վերջո, կգիտակցեն, որ հակառակ պարագայում կստացվի այնպես, որ Հայաստանի այսօրվա խնդիրը ոչ թե հայ-ռուսական կամ հայ-ամերիկյան հարաբերությունները, այլ հենց իրենք կլինեն:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image