Հասարակություն

Անասնաֆերմայում իրարանցում էր…

Անասնաֆերմայում իրարանցում էր…

Կենդանիներն անհանգիստ էին: Նապոլեոնը մի հարց էր բերել օրակարգ, որ ոչ մի աղերս չուներ իրենց հետ: Օրը հինգշաբթի էր, ու այդ հարցը պետք է քննարկվեր:
-Ես գնացի պեդիկյուր անելու,- հայտարարեց Մոլլին՝ թեթևամիտ և աշխատանքից մշտապես խուսափող զամբիկը, և թռավ դեպի անտառի փեշին փռված մարգագետինը:

Մյուսները նայեցին Դմբուզին: Ակնհայտ էր, որ սպասում էին, թե ինչ է ասելու նա: Ազնվացեղ հովատակը, սակայն, շարունակում էր ռունգերն ուռցրած հետևել հեռացող Մոլլիի գեղեցիկ, խելքահան անող շարժումներին:
-Այ տղա քեզ ի՞նչ եղավ,- լռությունը խախտեց Երեքնուկը՝ Դմբուզի հավատարիմ ընկերուհին,- մի բան ասա, շուտով նիստը կսկսվի, իսկ մենք չգիտենք, թե Նապոլեոնն ինչ հարց է բերել օրակարգ: Ասում են՝ ինչ-որ ակադեմիայի մասին է: Ակադեմիան ի՞նչ է, նոր արոտավա՞յր:

Դմբուզը գլուխը տարուբերեց՝ չգիտեմ, առաջին անգամ եմ լսում:

-Դուք չգիտեք ինչ է ակադեմիա՞ն… Ես կարծում եմ, որ դա մի դժվարամատչելի բլրակ է, որի վերին մասը կանաչ է և հրապուրում է կենդանիներին: Նապոլեոնը, հավանաբար, որոշել է այնպես անել, որ մեզ այնտեղ հասցնեն տրանսպորտով, իսկ երեկոյան բերեն տուն,- խոսեց Բենիամինը՝ ծեր ավանակը, որ ֆերմայի ամենաերկարակյաց կենդանին էր և ամենաթերահավատը ինչպես հեղափոխության և խոստացված բարեկեցության, այնպես էլ Նապոլեոնի մնացած որոշումների հանդեպ:

Վերջապես զանգը հնչեց: Բոլորին հրավիրեցին նիստի: Կենդանիները ոտքի վրա սպասում էին Նապոլեոնին, որ ներս մտավ առանց ավելորդ հանդիսությունների և գրավեց իր տեղը:
-Նստեք,- առաջարկեց մյուս կենդանիներին և հայտարարեց օրակարգը,- ունենք 43 հարց, որից զեկուցվող է միայն մեկը: Հասկացա՞ք:
-Հուի՜, հա, հա, հա,- վրնջաց Դմբուզը:
-Դե ուրեմն քվեարկում ենք մնացած 42 հարցերը: Ովքե՞ր են կողմ…
-Ի՜աա, Ի՜աա, Իա՜, Իա՜…
-Ի՞նչ պատահեց քեզ Բենիամին,- զարմացավ Նապոլեոնը,- դե՞մ ես:
-Ոչ, բայց ես կուզենայի իմանալ՝ բլրի մասին հարցը զեկուցվո՞ղ է, թե՞ չզեկուցվող:
-Ի՞նչ բլուր, Բենիամին:
-Այն բլրի, որի վերևի մասը կանաչ է, բայց դժվար է այնտեղ հասնելը:
-Չեմ հասկանում քեզ, Բենիամին,- նեղսրտեց Նապոլեոնը,- ի՞նչ բլուր: Մենք այսօր մի զեկուցվող հարց ունենք՝ գիտությունների ցեղական ակադեմիայի կարգավիճակի հարցը: Կզեկուցեմ ես, որովհետև սագերը բացակայում են նիստից: Գնացել են լճափ՝ կարևոր գործով:
-Դուք ասացիք գիտությունների՞… Իսկ դա ի՞նչ է, խո՞տ, գարի՞,- անհամբերությամբ հարցրեց Երեքնուկը:
Դմբուզը բշտեց նրան՝ լռիր, ախչի, կբարկացնես Նապոլեոնին:

Բայց Երեքնուկի հարցից Նապոլեոնի տրամադրությունը, ընդհակառակը, բացվեց, ու նա սկսեց երկար-բարակ խոսել գիտության ու դրա նշանակության մասին: Իսկ վերջում ավելացրեց.
-Մինչ օրս գիտությամբ զբաղվում էին մարդիկ՝ մեր նախկին տերերը, և իրենք էլ յուրացնում էին դրա արդյունքները՝ կատարելագործելով մեզ շահագործելու ձևերը: Եվ ահա, ես որոշել եմ փոխել իրավիճակը: Այսուհետ մենք կզբաղվենք գիտությամբ և գիտությունը կծառայեցնենք մեզ: Եվ խոտը առատ կլինի և գարին, իսկ մարգագետինները միշտ կանաչ կլինեն: Ի դեպ՝ ո՞ւր է Մոլլին՝ մարգագետինների սիրահարը, ես նրան այստեղ չեմ տեսնում:
-Նա գնաց մարգագետին, մեծարգո Նապոլեոն, պեդիկյուրի,- ասաց Երեքնուկը՝ Մոլլիի հասցեին ընդգծված քանահրանքով:
-Դմբուզ, նիստից հետո Մոլլիին կբերես ինձ մոտ, խոսելիք ունեմ հետը: Այսպես չի կարելի: Մեզ կարգապահություն է պետք:
-Լսում եմ մեծարգո Նապոլեոն: Գնա՞մ բերեմ:
-Ասացի՝ նիստից հետո:
-Հասկացա:
-Իսկ գիտությունով ինչպե՞ս են զբաղվում: Ես երբեք այդ գործով չեմ զբաղվել,- հարցրեց Բենիամինը:
-Գիտությունով ոչ մեկդ էլ չեք զբաղվել: Դա նորություն է Անասնաֆերմայի համար: Առայժմ միայն ես կզբաղվեմ դրանով, կհասկանամ ինչ բան է, հետո կբացատրեմ ձեզ, լա՞վ,- հարցը փակեց Նապոլենը:
-Հուի՜, հա, հա, հա,- ճիշտ ա ասում:
-Ի՜աաա, Ի՜աա, իա՜, իա՜,- ուրեմն կանաչ բլուր չենք գնալո՞ւ:
-Այդ ի՞նչ կանաչ բլուր ես մտցրել բեինդ, այ Բենիամին, խոսքը գիտությունների ազգային ակադեմիայի մասին է: Ես որոշել եմ այն անվանել գիտությունների ցեղական ակադեմիա, դարձնել ինքնաֆինանսավորվող հիմնադրամ, որ այլևս փող չծախսենք և միայն օգտվենք արդյունքներից: Հասկացա՞ր,- հունից դուրս եկավ Նապոլեոնը:
Լռություն տիրեց: Քիչ անց Նապոլեոնը կրկին խոսեց.
Գնացեք սագերին կանչեք… Հենց այսօր թող անասնաֆերմայում տարածեն իմ որոշումը, որպեսզի ոչխարները լայնորեն քննարկեն այն ու հավանություն տան:
-Մեծարգո Նապոլեոն, իսկ ակադեմիայում գիտե՞ն այդ մասին,- հետաքրքրվեց ծեր ագռավը, որ նիստի ընթացքում ոչ մի ծպտուն չէր հանել:
-Իսկ ի՞նչ տարբերություն՝ ակադեմիայում տեղյակ են,թե տեղյակ չեն: Որոշողը ես եմ, իսկ ես որոշել եմ՝ ակադեմիան պետք է դառնա ցեղական հիմնարկ:
-Մեծարգո Նապոլեոն, Դուք գիտեք, որ ես արտասահմաններում շատ եմ եղել և շատ բան գիտեմ օտար անասնաֆերմաներում տիրող իրավիճակների մասին: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ ակադեմիային էլ տեղյակ պահել, այլապես կարող ենք ծիծաղելի վիճակի մեջ ընկնել: Գիտնականներն անկանխատեսելի մարդիկ են, նրանցից ինչ ասես՝ սպասելի է:
-Օրինակ՝ ի՞նչ:
-Օրինակ այն, որ կարող են լցվել փողոց ու մեզ վռնդել անասնաֆերմայից:
-Իա՜, իա՜, իա՜… Չեն կարող, մեզ քվե են տվել ոչխարները և միայն ոչխարները կարող են մեզ հեռացնել անասնաֆերմայի իշխանությունից:
-Բենիամին, դու շատ քիչ բան ես հասկանում այս ամենից, այնպես որ լռիր, կըռռռռ:

Նապոլեոնը մտքերի մեջ ընկավ: Ուզում էր հասկանալ, թե որտեղ է ինքը սխալ թույլ տվել, որ մի ակադեմիայի անուն էլ չի կարողանում միայնակ փոխել:
-Սագերին կանչեք, շտապ,- ձայնեց անասնաֆերմայի ղեկավարը:
-Մենք արդեն այստեղ ենք, մեծարգո Նապոլեոն:
-Հենց հիմա գնացեք ու ոչխարներին բացատրեք իմ որոշումը՝ ակադեմիան պետք է դառնա ցեղական հիմնադրամ…

Ջորջ Օրուել
(Էս ի՞նչ եմ ասում, արա…)

Էդիկ Անդրեասյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image