Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ուղերձի առումով ուզում եմ մի քանի խոսք ասել: Առաջին, Ադրբեջանը Անգլիա չէ և դրա նախագահն էլ ՄԹ վարչապետը չէ, որպեսզի Ռուբենն իր մահվան գնով փորձի ինչ-որ հարց լուծել՝ ինչպես դա 1981-ին փորձել են անել Իռլանդական Հանրապետական բանակի 10 մարտիկները: Իլհամը խելքը կորցրել է 44-օրյա պատերազմի հաղթանակի ու 2023-ի Արցախի հայաթափման էյֆորիայից: Ինչը նշանակում է, որ նա թքած ունի բոլոր այն արժեքների վրա, հանուն որոնց իր կյանքի վերջին շրջանում ապրել և գործել է Վարդանյանը: Երկրորդ, էյֆորիայի մեջ ընկած ու դրանից դուրս չեկած Իլհամը Թուրքիայից բացի բանի տեղ չի դնում մնացած երկրների ղեկավարներին՝ էլ չասած ազդեցության որևէ լծակ չունեցող միջազգային կազմակերպությունների մասին: Ի դեպ, Իլհամը դուրս կգա էյֆորիայից միայն դաժան պարտության դեպքում, բայց Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի վարչապետության պարագայում դա չլինելու բան է: Ավելին՝ վարչապետի պաշտոնին վերջինիս մնալու դեպքում վերջնական ու դաժան պարտության կմատնվի հենց Հայաստանը: Եթե գա դրա համար հարմար պահը, կամ Իլհամը ենթադրի, որ այն արդեն առկա է:
Որպես Ռուբենից 10 տարով մեծ ու ոչ հարստությամբ, այլ մտածելու ունակությամբ ոչ պակաս անձնավորություն՝ ես նրան խորհուրդ կտայի, եթե ունենայի դրա հնարավորությունը, պայքարը շարունակել ապրելով և ոչ թե մահվան գնալով: Որովհետև իր մահը չի հանգեցնելու սրբազան այն զարթոնքին, ինչը կարող էր ոտքի հանել հայաստանցիներին: Նախ, որովհետև այստեղ ապրող հայության մեծամասնությունը մեկ անգամ արդեն (2021 թվականի հունիսին) իր քվեով ցույց է տվել, որ թքած ունի հայրենիքի ճակատագրի վրա: Կամ էլ չի գիտակցում, որ թշնամու կողմից խայտառակ պարտություն կրած ղեկավարը չի կարող ապահովել հանգիստ ու երջանիկ ապագա: Եվ երկրորդ՝ այդ մեծամասնությունը ոչինչ չի անի՝ հաշվի առնելով նաև իշխանության պարագլխի վախը Ռուբեն Վարդանյանից: Որովհետև վերջինս ոչ միայն մատը մատին չի խփի ինչ-որ բան փոխելու համար, այլև ամեն ինչ կանի, որպեսզի Վարդանյանի մահը՝ եթե այն տեղի ունենա, մոռացվի ճիշտ այնպես, ինչպես 2020-ին բազմահազար հայ երիտասարդներինը: Էլ չասած 2023-ին բենզինի պահեստարանի պայթյունի հետևանքով 200 արցախցիների մահվան մասին:
Մեր այս օրերում ոչինչ չի անի նաև ո՛չ Ռուսաստանի ղեկավարությունը, որի քաղաքացին է եղել Վարդանյանը, և ո՛չ էլ միջազգային հանրությունը: Որովհետև դրանց գլուխը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, խառն է: Ու բացի, որևէ բան անելու անընդունակ, առանձին անհատներից ու կազմակերպություններից, մնացածները կբավարարվեն հերթական ու ոչինչ չասող հայտարարություններով: Իսկ անհատները, ովքեր մրցանակներ են ստացել «Ավրորա» նախաձեռնությունից, միայն տխուր կօրորեն իրենց գլուխը՝ մտաբերելով Վարդանյանին: Եթե այս ամենը հաշվի առնենք, ապա այլ տարբերակ չի մնում, քան այն, որ Վարդանյանն իր հայրենիքին, հանունի որի հրաժարվեց ռուսական քաղաքացիությունից, անհաժեշտ է կենդանի: Ինչը նշանակում է, որ վերջինս պետք է օրինակ առնի ոչ թե 1981 թվականի իռլանդացի տաս մահապարտներից, այլ բուլղարացի կոմունիստ Գեորգի Դիմիտրովից, ով իր կամքի ուժով 1933 թվականին Բեռլինի նացիստական դատարանում մեղադրյալից վերածվեց մեղադրողի ու արդարացվեց: Ճիշտ է, վերջինս հիանալի տիրապետում էր գերմաներենին, ու դա իրեն շատ օգնեց, բայց ինչ-որ ձևով դա պետք է կոմպենսացվի:
ՀԳ. Ռուբեն Վարդանյանի ուղերձի առումով ընդամենը ասեմ, որ դրանում Խոջալուն չպետք է հիշատակվեր, նախ, հաշվի առնելով, որ թշնամին դա կդարձնի դրոշ, և երկրորդ՝ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովն է ժամանակին խոստովանել, որ Խոջալուն ադրբեջանական ընդդիմության կողմից կազմակերպված սադրանք էր: