Միշտ զարմացել եմ այն քաղաքական գործիչների վրա, որոնք սրտատրոփ սպասում են, թե իրենց քայլին ոնց կարձագանքի հանրությունը` ինչ կասեն, ինչ կգրեն: Հետո ահավոր նեղվում են բացասական արձագանքներից, ընկնում դեպրեսիայի մեջ...
Չէ, իհարկե, հանրային կարծիքը շատ կարևոր է, բայց հանրությունը հազար շերտից է կազմված և դու պետք է արժեքավոր արձագանքը էժան արձագանքից, արժեք ունեցող մարդու արձագանքը` ֆեյքի ու ծախու քոմենթչիի արձագանքից տարբերես: Առաջինի համար ուրախանաս, երկրորդի համար չտխրես...
Ես իմ ստատուսների և թերթի արձագանքներին հետևում եմ որպես սոցիալական հոգեբանություն ուսումնասիրելու մեծ հնարավորություն: Հատկապես ֆեյսբուքյան արձագանքներն են ուշագրավ...
Ուրեմն ստատուսը գրելուց հետո առաջին 2 ժամում ամենաարժեքավոր, գաղափարակից մարդկանց արձագանքներն են, որոնք հատ հատ կարդում եմ, երբեմն պատասխանում: Երբ լայքերի թիվը գերազանցում է 500-ը, հայտնվում է, կներեք արտահայտությանս համար, սբրոդը` լատինատառ, տգետ, գրածս չհասկացած` քոմենթներ են գրում, հայհոյում, ծաղրում, վիրավորում: Ամենից տարածվածը` փողն առել ես, գրել...ռոբասերժական ունեցվածքն ես պաշտպանում...ռսաստրուկ, ուզում ես մեզ Ռուսաստանի տակ մտցնես...Անպայման մի տարիքով կին գրում է` «քո մի տեղն ինչի է մռմռում»...ֆանտազիայից զուրկ մի տղամարդ սեռական հայհոյանք է գրում ու փախչում, մյուսը մտնում է անձնական կյանքդ` պարզում, թե դու ում մայրն ես, ում կինը, ում զոքանչը...
Այս բոլորը բնականաբար չստացած կրթության, չունեցած ուղեղի, վատ դաստիարակության և բնածին չարության հետևանք է և ես շատ վերևից` Մեծ Արջի համաստեղությունից ժպիտով եմ «հետևում» մարդկային այս արատներին ու ինքնահաստատման տխուր փորձերին...
Բայց կա նաև իբրև թե գրագետ (իրականում` տգետ), իբրև թե կայացած (իրականում` աբիժնիկ), իբրև թե էլիտար (իրականում` ռաբիզ ու խղճուկ) մի զանգված, որը գրածդ բոլոր տողերի մեջ իրեն է տեսնում, նաև մտածելու, քննադատություն լսելու ու տարրական անալիզ անելու ունակ չէ...
Ցավոք սրտի, այսպիսին է մեր քաղաքական գրեթե ողջ դաշտը` ճղճիմ, փոքրոգի, թերի կրթությամբ ու մտավոր կարողություններով, չար, չկայացած: Եվ առավել ցավալի է, որ իշխանության ու ընդդիմության միջև այս առումով տարբերությունը մեծ չէ: Կասեք` իշխանության պահվածքը միանգամայն հասկանալի է, իսկ ինչո՞վ բացատրել ընդդիմության պահվածքը, որին ամեն ինչով աջակցել ենք այս տարիներին, ես` անձնապես, «Հրապարակը»` մասնավորապես:
Ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմում չեն մոռանում ոչ մի մանրուք (օրինակ, Էգեյան ծովի ափին իր հանգստի մասին գրած մեր լուրը) ու նաև դա է պատճառը, որ Քոչարյանից հարցազրույց վերցնող լրատվամիջոցների կազմը փոխվում է, բայց «Հրապարակի» լրագրողն այդպես էլ չի հրավիրվում: Կաթողիկոսը չի մոռանում մեր հին ու նոր հրապարակումները և իր ասուլիսին, նաև Մայր տաճարի օծմանը «Հրապարակից» ոչ ոք չկա:
Դե իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է. սրանք իրենց պաշտոնական էջում արդեն իմ դեմ ստատուսներ են դնում` բացահայտելով...ուշադրություն` իմ նիկոլական լինելը:
Տհասության ինչ աստիճանի հասած լինեն մարդիկ, որ որպես ապացույց մեջբերեն իմ իսկ ելույթը` մեծ լսարանի առաջ, որտեղ ծաղրել եմ Ռուբեն Ռուբինյանին, պատմելով, որ մտածված համաձայնել եմ ՔՊ-ի նախընտրական բանեռը տեղադրել իմ կայքում, որ երբ Ռուբինյանը հերթական անգամ հարցնի մեր լրագրողին` «իսկ ո՞վ է ձեզ ֆինանսավորում», պատասխանենք` ՔՊ-ն...))) Եվ այս ուղեղով էլ սրանք քաղաքականությամբ են զբաղվում, «ինստուտուցիոնալ» կուսակցություն իրենց կոչում...
Ինչ վերաբերում է սրա նրա ստրուկը լինելուն, երկիրը որևէ պետության ստրուկը դարձնելուն...էդ քոմենթները գրողներն իրենց ամենալուսավոր երազներում անգամ չեն կարողանա պատկերացնել անձամբ իմ և մեր խմբագրակազմի ազատության աստիճանը: Իսկ եթե իրականություն դառնային մեր պետության մասին մեր երազներն ու պատկերացումները, ապա Հայաստանը կլիներ աշխարհի ամենաանկախ ու ինքնուրույն պետությունը...մի կասկածեք...