Քաղաքականություն

Մենք մեզ մեղավոր չենք համարում․ ՔՊ-ն՝ Գյումրիում ստեղծվածի մասին

Մենք մեզ մեղավոր չենք համարում․ ՔՊ-ն՝ Գյումրիում ստեղծվածի մասին

Ինչպես գիտենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզել է  «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։ Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։Ըստ ՔՊ-ի՝ նման որոշման պատճառը եղել է այն, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, եւ թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:

Այսօր ՔՊ երկու նախկին փոխքաղաքապետեր Արթուր Պապիկյանը, Վահագն Մկրտչյանը եւ խմբակցության ավագանու ղեկավար Քնարիկ Հարությունյանը մամուլի ասուլիսով ներկայացրեցին իրենց հետագա անելիքները։

«Մենք մեր գործունեությունը շարունակելու ենք ավագանու 11 մանդատով»,- ընդգծեց ՔՊ-ն՝ ըստ երևույթին , հռչակելով իրեն ընդդիմություն։ Ըստ էության, ողջ ասուլիսը ՔՊ-ի արդարացմանը, սեփական մեղքերը մյուսների վրա բարդելուն էր ուղղված։ Իսկ լրագրողների գրեթե բոլոր հարցերն էլ լիարժեք պատասխան չստացան։ Նախ՝ թե ինչու միայն երկու տարի անց ՔՊ-ն որոշեց խզել հուշագիրը, իսկ մինչ այդ երբեք խնդիրների մասին չբարձրաձայնեց, արդարացան․ երկու տարի փորձել են համագործակցել, եզրեր գտնել, չի ստացվել, ավելին՝ ծրագրերը, որոնք իրենք են ներկայացրել, երբեք չեն ընդունվել, եւ ՔՊ-ի առաջարկներն ու գաղափարներն անկատար են մնացել, խիստ կախում են ունեցել «Բալասանյան դաշինք»-ից: Վստահեցնում են, թե այսօրվա որոշումը ամենևին նպատակ չի հետապնդում  «Բալասանյան դաշինք»-ը մաշեցնել ու իշխանությունը զավթել։ Խմբակցության ավագանու ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ չափազանց լուրջ հայտարարեց․ «ՔՊ-ն երբեք իշխանություն չի զավթել, դա մեր կուսակցության համար ինքնանպատակ չի եղել»։

Հուշագիրը, որը, ըստ երևույթին, կախվածություն էր, այժմ ձերբազատվեցին, եւ ազատ կարող են գործել, փորձելու են ինչ-որ բան փոխել Գյումրիում։ Դիտարկմանը, թե իրենք ձախողել են այս երկու տարիների ընթացքում եւ քաղաքային իշխանության տապալման մեղքի բաժինը նաև ՔՊ-ինն է, միանշանակ չընդունեցին․ «Մենք մեզ մեղավոր չենք համարում»,-հայտարարեց ՔՊ-ական նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Իսկ ամենից անհեթեթը շարունակ պնդել, թե ստվերային կառավարում էր, ինչ-որ արտաքին ուժեր էին քաղաքը կառավարում, եւ զավեշտն այն էր, որ  անգամ «Բալասանյան դաշինք» -ն էլ չէր այդ ուժը, սա առաջացրեց լրագրողների ծիծաղը․  «Այնպիսի տպավորություն էր, թե այդ արտաքին ուժերը ԱՄՆ-ից կամ այլ մայրցամաքից էին»: Թեպետ նկատենք, որ մինչ այդ պնդեցին, թե քաղաքը միանձնյա «Բալասանյան դաշինք» -ն էր կառավարում:  

Արձանագրենք, որ ասուլիսի ողջ ընթացքում ՔՊ-ն հակասական արդարացումներ էր ներկայացնում, այդպես էլ չկարողանալով համոզել , թե ինչու ընտրեց նման քաղաքական կեցվածք եւ իրականում որն է նպատակը։ Փաստեցին, որ 11 ավագանու անդամով քաղաքապետին անվստահություն հայտնելն անիրատեսական է, իսկ մյուս ավագանու անդամների հետ դեռևս ոչ մի պայմանավորվածություն չունեն, վստահեցրին նաև, որ «Բալասանյան դաշինք»-ի հետ կուլիսային որևէ պայմանավորվածություն չի եղել, Բալասանյանի որդու՝ Միսակ Բալասանյանի՝ Իրաքի դեսպան մնալու հարցը ցանկալի է ճշտել անձամբ նրանից:

 Երկու ՔՊ-ական փոխքաղաքապետերը երկու տարի պաշտոնը յուրացնելուց հետո էլ հստակ պատասխան չտվեցին, թե ինչպես եղավ, որ լրատվամիջոցներից շարունակ խուսափելով, աշխատելով ծածուկ, այդպես էլ տուժող իրենք դուրս եկան, եւ ինչպես Վահագն Մկրտչյանն էր պնդում՝ Արցախից տեղահանվածների հարցով անգամ իրեն բանի տեղ դնող չեղավ՝ այն դեպքում, երբ համակարգողն ինքն էր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image