ՀՀ ԱԱԾ-ի աշխատանքից գլուխ հանել հնարավոր չէ: Իզուր չէ ասված, որ այդ կառույցի եւ Աստծու գործերն անքննելի են: Մարդ բան չի հասկանում՝ մեկ կտեսնես՝ սատանային էլ են բնից հանում, մեկ էլ կտեսնես՝ լուր չունեն երկրում նախապատրաստվող հեղաշրջումից: Թե բա՝ CIVIK.am կայքը հեղաշրջման պլան է տեղադրել, ԱԱԾ-ն էլ իմացել է ու զեկուցել Նիկոլ Փաշինյանին: Արա, հո դուք օլուխ չե՞ք, թերթերի՞ց եք այդպիսի բաներն իմանում: Բա որ պարզվի՝ CIVIK-ը սխալվել է, CIVIK-ին ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրը սխալ ինֆորմացիա է տվել… Ի՞նչ եք անելու, Նիկոլին ի՞նչ բացատրություն եք տալու: Գուցե մտածում եք, որ Նիկոլը ձեր մեղքն իր վրա՞ կվերցնի: Նա իսկի իր մեղքերն իր վրա չի վերցնում, ուր մնաց՝ ձերը: ԱԱԾ-ի նորանշանակ տնօրեն ջան, գոնե տեղյա՞կ ես, թե Նիկոլն ինչ է հայտարարել Սուրբ Էջմիածնի վրա զենքով-զորքով ձեր հարձակումից հետո: Աներեւակայելի է, բայց նա ասել է, որ Էջմիածնի վրա գրոհելու հրաման ինքը չի տվել: Փորձեմ հիշողությամբ վերականգնել նրա ասածը… ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության կառույց է, ինձ զեկուցել է նախապատրաստվող հեղաշրջման մասին, ես էլ ասել եմ՝ կանխեք: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում Նիկոլը, ԱԱԾ նորանշանակ տնօրեն ջան: Նա ասում է՝ ես կապ չունեմ Էջմիածնի վրա ձեռնարկված գրոհի հետ: Ասում է՝ դե վարչապետին կից կառույց է, զեկուցել է, ես էլ ասել եմ՝ կանխել: Այսինքն՝ վաղը, երբ Նիկոլին դատեն, այս դրվագով թիվ մեկ մեղավոր ոչ թե նրան են նշանակելու, այլ՝ ԱԱԾ-ին, որ «գործել» հրամանի տակ հասկացել է՝ գնալ ու ինչ գնով էլ լինի, Սրբազանին բերել Էջմիածնից: Եվ դուք, ԱԱԾ նորանշանակ տնօրեն ջան, նույնիսկ շնորհք չունեցաք բերման ենթարկել «հանցագործ», մեր պետության համար «ազգային սպառնալիք» հայտարարված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Այս նույն մանիպուլյացիան Նիկոլ Փաշինյանը կիրառում է ողջ իրավապահ համակարգի նկատմամբ, թեեւ այդ համակարգում կան այնպիսի օղակներ, որոնք վարչապետին կից չեն եւ պարտավոր են գործել անկախ: Օրինակ՝ դատախազը: Երբ Փաշինյանին մի օտարազգի լրագրող նեղն էր դրել Պուտինին Հայաստանում ձերբակալելու մասին օրենք ընդունելու կապակցությամբ, Նիկոլը հեշտությամբ «ֆռռացրեց» այդ լրագրողին, թե՝ ՀՀ վարչապետը կապ չունի դրա հետ, եւ դա դատախազության, ՀՀ ոստիկանության եւ մյուս իրավապահների գործն է․ կձերբակալեն՝ կձերբակալեն, չեն ձերբակալի՝ չեն ձերբակալի… ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ես կապ չունեմ: Բայց մի հատ դատախազության եւ ՆԳՆ-ի աղջիկներին հարցնենք՝ առանց Նիկոլի ասելու դուք ռիսկ կանե՞ք Պուտինին բռնել: Ես մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե մեր ԱԱԾ-ն ինչպես է «ցեպիտ» տալու Պուտինի ինքնաթիռը, երբ այն վայրէջք կատարի «Զվարթնոցում»: Ավելին, ես նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, թե որտեղ կլինի Նիկոլն այդ պահին՝ իր աշխատակազմի ղեկավարի, Ալեն Սիմոնյանի, արտգործնախարարի եւ էն շիզոֆրենիկ գեներալի հետ: Այս ամենը, իհարկե, հասկանալի է, բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ Պուտինն իջնում է Երեւանում, եւ նրան Նիկոլի հրամանով ձերբակալում են: Ի՞նչ պետք է անեն հետո: Բնականաբար, պետք է տեղափոխեն ՔԿՀ-ի ժամանակավոր պահման վայր, մինչեւ մեղադրանք ներկայացնեն եւ բերեն դատարան: Նիկոլն այդ ընթացքում կհասցնի միջազգային լրատվամիջոցներին հայտարարել, որ ինքն այս ամենի հետ կապ չունի, որ, ահա, խնդրեմ, անկախ դատախազը մեղադրանք է ներկայացրել, անկախ դատավորն էլ արդեն հագնվում է, որ մտնի դատական նիստերի դահլիճ: Միջազգային ասպարեզներում էլ հո գիտեն, որ ՀՀ բոլոր դատավորներն անաչառ են, ու մեջները ոչ մի վնգստացող դատավոր չկա: Ու մեկ էլ դատական նիստերի դահլիճ է մտնում «սեքս մեքենա», ներողություն, «կալանքի մեքենա» Մ․ Մ.-ն (Մասիս Մելքոնյանը): Նայում ես նրան՝ անկախությունը վրայից թափվում է: Մի քիչ խոսում են, ու, թրը՜խկ, որ մուրճով սեղանին չի խփո՞ւմ՝ կալանք:
Չգիտեմ՝ հասցրի՞ք մի լա՜ա՜ա՜վ երեւակայել, թե ինչպես է Մասիս Մելքոնյանն առանց Նիկոլի հրահանգի կալանքի վճիռ կայացնում Պուտինի նկատմամբ: Այ, նույն ձեւով էլ Նիկոլի հրահանգով կալանքի վճիռ կայացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ: Սամվել Կարապետյանին նույնպես Նիկոլի հրահանգով են կալանավորել: Այդ մասին մի օր, երբ Նիկոլ չի լինի, Աբազյանը կխոսի: Եվ ինչո՞ւ միայն Աբազյանը: SMS ստացած բոլոր պաշտոնյաներն են խոսելու, որպեսզի մի հրաշքով պլստան Նիկոլի՝ իրենց համար պատրաստած կախաղաններից:
Դե, իսկ ամենամշուշոտը Մասիս Մելքոնյանի ապագան է՝ սուրբ հայրերի է դատել, ինչի համար պատասխան պետք է տա ոչ թե իր ներկայացրած հաստատությանը՝ ՀՀ դատարանին, այլ՝ Բարձրյալին, որի օրենքներն ու վճիռները մի փոքր այլ են, քան իրավաբանության դասագրքերում գրվածները: Եվ պատկերացրեք, պարոն Մելքոնյան, այս գործով անցնող բոլոր ֆիգուրանտները, այդ թվում եւ Նիկոլը, կգնան իրենց գործին, իսկ Ձեզ, ձեռնաշղթաներով, կառաջնորդեն Սադայելի մոտ: Երազում լինի, թե արթմնի: