Լոնդոն, մեր օրեր․ պատկերասրահի սեփականատեր Լորա Սանդերսը, որի կերպարը մարմնավորել է անկրկնելի Ռոբին Ռայթը, ոչինչ չի խնայի հանուն որդու՝ Դենիելի (Լորի Դեւիդսոն)։ Որդին Լորայի կյանքի իմաստն է ու աշխարհի կենտրոնը։ Նույնը կարելի է ասել նաեւ Լորայի ամուսնու՝ Հովարդի մասին (Վալիդ Զուեյթեր)։ Չէ՞ որ նրանց երկրորդ երեխան՝ դուստրը, մանուկ հասակում մահացել է, եւ Դենիելը նրանց միակ հույսն է։ Լորան եւ Հովարդն ունեւոր լոնդոնցիներ են։ Դենիելը պատրաստվում է ծնողներին ներկայացնել ընկերուհուն՝ Չերիին (Օլիվիա Կուկ), որի հետ «ամեն բան լուրջ է»։
Սակայն Չերին դասակարգային առումով իրենց հավասար չէ։ Ու թեեւ 21-րդ դարի երկրորդ տասնամյակն արդեն կիսվել է, բայց նրանց մտածողությամբ՝ դասակարգային տարբերություններ կան, ինչպես 19-րդ դարում՝ Վիկտորյանական դարաշրջանում։ Լորան առանձնապես լավ չի տրամադրված այդ հանդիպմանը, եւ երբ Չերին ներկայանում է «իր ողջ շուքով ու փայլով», մոր մտավախությունները հաստատվում են․ աղջիկը թեեւ թանկ հագուստ է կրում, բայց այդ հագուստը շատ վուլգար է, իրենց խավին ոչ հարիր։ Բացի այդ՝ պահվածքն ու շարժուձեւը վատն են, աղջիկը նորմալ չի կարողանում զրուցել, իրեն պահել լեդիի նման ու, բացի այդ էլ, կրում է ապարանջան, որը վերջերս հենց Լորան էր կորցրել։ Սերիալը միանգամից փոխում է ռակուրսը, ու նույն հանդիպման ընթրիքը հիմա էլ ներկայացվում է Չերիի աչքերով։ Աղջիկը պատրաստվում է ամենայն ջանասիրությամբ, որ դուր գա ընկերոջ ծնողներին, գնում է թանկ զգեստ, սակայն հենց շեմին լսում է, թե Լորան ու ընկերուհին ինչպես են քննարկում իրեն եւ ծիծաղում իր անվան վրա։ Ու որպեսզի համապատասխանի ընկերոջ ընտանիքի կարգավիճակին, ստում է ու փոխանակ ասելու, որ սովորական դպրոցում է սովորել, ասում է, որ թանկարժեք կրթական հաստատություն է հաճախել, հայրն էլ «լավ գործի» է եւ ոչ թե հասարակ շինարար։
Սերիալը հիանալի տեղավորվում է ներկայում թրենդային համարվող սոցիալական անհավասարության քննարկումների շրջանակում, որոնք սկսվել էին դեռ «Մեծ փոքր սուտ»-ում (2017) եւ ներկայում էլ շարունակվում է ակտիվորեն առաջ մղվել «Սպիտակ լոտոս»-ում (2021)՝ արդեն երեք սեզոն։ Սերիալի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ կարողանում է շատ վարպետորեն միեւնույն իրադարձությունը ներկայացնել տարբեր դիտակետերից՝ դիտողին ստիպելով, որ ապրումակցի մե՛րթ հերոսուհիներից մեկին, մե՛րթ՝ մյուսին։