Քաղաքականություն

«Հրապարակ»․ Հռոմի պապը ո՛չ «բարձր է գնահատել», ո՛չ էլ որեւէ խոսք է ուղղել Փաշինյանին ու Ալիեւին

«Հրապարակ»․ Հռոմի պապը ո՛չ «բարձր է գնահատել», ո՛չ էլ որեւէ խոսք է ուղղել Փաշինյանին ու Ալիեւին

Նիկոլ Փաշինյանի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից շնորհվող մրցանակի արժանանալու իրողությունը հայաստանյան հասարակության վրա որեւէ տպավորություն չգործեց։ Արդյունքում, հերթական անգամ, դաժանաբար արհամարհված Փաշինյանին մնաց ավանդական ստախոսությամբ եւ լրատվական ձեռնածությամբ թյուր տպավորություն ստեղծել, թե իբր արտերկրում ինքն ուշադրության է արժանացել։ Հերթական քարոզչական փուչիկը մեր ուշադրությանը չէր արժանանա, եթե փաշինյանական քարոզչամեքենայի ստախոսությունը չհասներ Հռոմի պապին ինչ-որ մտքեր ու գործողություններ վերագրելուն։ 

Այստեղ, սակայն, մեկ կարեւոր ուղղում պետք է անել․ այնպես չէ, թե Միացյալ Էմիրություններում Նոբելյան մրցանակի նման մեկ անձի են ընտրել որպես Մարդկային եղբայրության Զայեդ մրցանակի դափնեկիր, եւ այդ անձը եղել է Նիկոլ Փաշինյանը։ ԱՄԷ-ի կողմից մի քանի տարի առաջ հիմնադրված ամենամյա այդ մրցանակին այս տարի արժանացել են չորս անհատ եւ կազմակերպություն` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները՝ համատեղ, Աֆղանստանը ներկայացնող իրավապաշտպան մի կին՝ Zarqa Yaftali, հանուն կանանց կրթության իրավունքի երկար տարիների պայքարի համար, եւ պաղեստինյան Taawon կոչվող կազմակերպությունը՝ Գազային գոտում, Պաղեստինի ինքնավարությունում եւ Լիբանանի փաստականների ճամբարներում ծավալած մարդասիրական գործունեության համար։ 

Այսինքն, ոչ թե համաշխարհային մասշտաբով մեկ անձնավորություն ընտրվել է այս տարվա մրցանակակիր, եւ այդ մեկ անձը եղել է Փաշինյանը, որքան էլ Փաշինյանի կանտորան աշխատում է Հայաստանում հենց այդ թյուր տպավորությունը ստեղծել, այլ իրականում ԱՄԷ-ի կողմից շնորհվել է երեք նույնարժեք մրցանակ, որոնցից մեկի կեսի հասցեատերը եղել է Փաշինյանը։ 

Հասկանալի է, Փաշինյանը երեք մրցանակից գոնե մեկ ամբողջականին արժանանա, թե միայն դրա կեսին՝ ինչպես պատահեց, թե առհասարակ ոչ մի մրցանակի չարժանանա՝ Հայաստանի հասարակության համար դա ոչինչ չի փոխում՝ ինչ ամոթանք, քննադատություն ու հայհոյանք պիտի տեղար Փաշինյանի գլխին, տեղաց։ Մարդիկ նրան հայհոյելու, անիծելու, թուքումուր տալու ընթացքում նաեւ արցախահայության էթնիկ զտումը հիշեցին, ե՛ւ այսօր բարբարոսաբար վնասվող, անգամ վերացվող հազարամյա քրիստոնեական ժառանգությունն Արցախում, ե՛ւ 44-օրյա պատերազմի զոհերը, ե՛ւ Բաքվում ընթացող դատավարությունը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ, եւ այլն։ Արդյունքում դատարկ տաշտակի առջեւ հայտնված Փաշինյանին եւ իր կանտորային ի՞նչ էր մնում, եթե ոչ ավանդական ձեռնածությանը դիմել՝ արտերկրից որեւէ հեղինակավոր անձի խոսքը խեղաթյուրելով՝ հայ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իբր արտերկրում Փաշինյանին արժեւորում են։ 

Հայաստանյան լրատվադաշտ նետվեցին ձեւակերպումներ, թե իբր Հռոմի Լեւոն XIV պապը «բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընտրվել են որպես մրցանակակիրներ», կամ՝ «Դուք հույսի սերմնացաններ եք այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն, ասել է Հռոմի պապ Լեւոն XIV-ը՝ դիմելով Զայեդի մրցանակի դափնեկիրներ Փաշինյանին եւ Ալիեւին» եւ այլն։ Ձեռնածություններ եւ զեղծարարություն։ 

Հռոմի պապի ուղերձը Մարդկային եղբայրության համաշխարհային օրվա եւ Զայեդ մրցանակաբաշխության առիթով, բնականաբար, հրապարակված է Սուրբ Աթոռի կայքում (vatican.va), մի քանի լեզվով՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, պորտուգալերեն։ Ուղերձը հրապարակվել է փետրվարի 4-ին, սակայն ստորագրված է «22 հունվարի 2026» (From the Vatican, 22 January 2026)։ Ուղերձը կազմված է հինգ պարբերությունից, շուրջ 30-35 տող, որտեղ միայն նախավերջին պարբերությունում 3-4 տող է ներառված՝ 2026-ի Զայեդ մրցանակի դափնեկիրների մասին։ Պապը, թվարկելով մրցանակակիրներին՝ Ն․ Գ․ Իլհամ Ալիեւ, Ն․ Գ․ Նիկոլ Փաշինյան, տիկ․ Զաքա Յաֆթալի եւ պաղեստինյան Taawon կազմակերպություն, բոլորի մասին երրորդ դեմքով, հոգնակի թվով ասում է, որ նրանք հույս են տարածում այն աշխարհում, որտեղ շատ ավելի հաճախ պատեր են կառուցվում, քան կամուրջներ (Our laureates – His Excellency Ilham Aliyev, President of the Republic of Azerbaijan, His Excellency Nikol Pashinyan, Prime Minister of the Republic of Armenia, Ms. Zarqa Yaftali and Palestinian organization Taawon – are sowers of hope in a world that too often builds walls instead of bridges). Այնուհետ դարձյալ երրորդ դեմքով, դարձյալ բոլոր չորս դափնեկիրների մասին ասվում է երկու ֆրազ՝ By choosing the demanding path of solidarity over the easy path of indifference, they have demonstrated that even the most deep-seated divisions can be healed through concrete action. Their work bears witness to the conviction that the light of fraternity can prevail over the darkness of fratricide. Վերջ։ 

Ո՞ւր է այդտեղ որեւէ մեկին դիմելու, երկրորդ դեմքով խոսքն առհասարակ։ Ո՞ւր է Փաշինյանի-Ալիեւի որեւէ կերպ առանձնացում Yaftali-ից եւ Taawon-ից։ Ո՞ւր է տեքստում թեկուզ մի տառ կամ բառ, որ Փաշինյանի-Ալիեւի՝ Զայեդ մրցանակի դափնեկիր դառնալու հանգամանքը գնահատեր՝ բարձր կամ ցածր...
Լավ, այդքա՜ն էժանագին, այդքա՜ն ստախոս, այդքա՜ն մանիպուլյատոր... 

Պապն ակնհայտորեն իր ուղերձը գրել է հունվարի 22-ի ստորագրումից էլ շատ առաջ եւ գրել է այնքան ընդհանրական, որ ցանկացած մրցանակակրի վերաբերելի լիներ։ Մրցանակակիրների անունները հայտնի դառնալուց հետո, ընդամենը բաց թողնված տողում լրացվել են անունները, եւ ուղերձը ստորագրվել է։ Պապը ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալիեւին ակնհայտորեն արժանի չի համարել անհատապես անդրադառնալու կամ նրանց մասին առանձնահատուկ դիտարկում անելու։ Եվ նման մանիպուլյացիաներով այդ իրականությունը չի փոխվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image