Խոսել այն մասին, որ Փաշինյանն ինչ-ինչ կարմիր գծեր է անցել, այլեւս ժամանակավրեպ է եւ նույնիսկ ծիծաղելի: Փաշինյանը կարմիր գծեր չունի, որ մի հատ էլ անցնի կամ չանցնի: Իսկ եթե, այնուամենայնիվ, շատ պեղենք, կարող ենք հայտնաբերել, որ նրա, այսպես կոչված, «կարմիր գծերը» Թուրքիան ու Ադրբեջանն են՝ իրենց ղեկավարներով հանդերձ, որոնց շրջանցել կամ որոնց վրայով անցնել Փաշինյանն ուղղակի չի կարող: Մարդն Ալիեւից պարտվել, Էրդողանի թեւի տակ է ծվարել, ի՞նչ սպասես նրանից: Այստեղ նույնիսկ քաղաքական համոզմունքների հարց չկա: Սեփական կաշին փրկելու խնդիր է լուծում Փաշինյանը: Ո՞ւմ հաշվին՝ դա էլ դուք փորձեք հասկանալ:
Հայկական հին սովորություն կա՝ ամեն անգամ ջուրը ջաղացը տանում է, մենք սկսում ենք չախչախը փնտրել: Սա այն սովորություններից է, որ շատ ազգերի ու ժողովուրդների է հասցրել թանգարանների դուռը, որոնցում այդ ազգերից ու ժողովուրդներից մեկական օրինակ է պահպանվում՝ որպես ցուցանմուշ: Մենք այսօր այդ թանգարանի ճանապարհին ենք, մինչդեռ շարունակում ենք ձեռքի հետ փնտրել այն հիմար հարցի պատասխանը, թե ով բերեց Նիկոլին ու «ջառմա» սարքեց մեր գլխին: Ում ասես՝ չմեղադրեցինք, ինչ տարբերակ ասես՝ առաջ չքաշեցինք, բայց մեջներս չգտնվեց մեկը, որ ասեր՝ ի՞նչ տարբերություն, թե ով է բերել, եկել է, չէ՞, փաստ է, չէ՞, որ եկել է ու մեզ տանում է կործանման, ուրեմն կանգնենք, չգնանք այդ ճամփով: Չէ, եղբայր, փնթփնթալով, ինքներս մեզ ուտելով, գլուխներս կախ գնում ենք՝ ուր մեզ քշում են: Հա՝ ու ձեռքի հետ էլ այդ ճանապարհին փնտրում ենք մեզ համար «ամենակարեւոր հարցի» պատասխանը:
Դուք լսած կա՞ք, որ վրացիներն ասած լինեն, թե Սահակաշվիլուն «հզոր ուժերը» բերեցին: Այդ մարդն ընդամենը Բաթումից քայլելով հասել էր Թբիլիսի եւ վարդերը ձեռքին մտել խորհրդարան: Վրացիներն ուրախացան, ծափ տվեցին, բայց երբ հասկացան, թե ով է Սահակաշվիլին եւ ինչ գնով է փորձում պահպանել իր իշխանությունը, իսկույն, առանց ավելորդ սեթեւեթանքների, հեռացրին նրան: Ո՞վ ժամանակ ուներ պարզելու, թե ինչ ուժեր բերեցին Սահակաշվիլուն… Ամեն ինչ այնքան պարզ էր: Իսկ մենք, հայ ենք ու մինչեւ չպարզենք, թե ով բերեց Նիկոլին, մի մետր էլ առաջ չենք գնա:
Առավել ինֆորմացվածներն ասում են՝ հզոր ուժերն են բերել Նիկոլին: Մի հատ անուն տվեք, կոնկրետացրեք, ի՞նչ կլինի, որ մենք այդ հզոր ուժերի կոկորդից բռնենք ու ասենք՝ էս ի՞նչ արիք, արա… Մյուս կողմից էլ, եթե այդ ուժերն այդքան հզոր էին, ինչո՞ւ է նրանց բերածը որբի պես ընկել Ալիեւի եւ Էրդողանի դռները՝ մեկ սրա մոտ է վազում, մեկ՝ նրա: Բա զոհն իր դահճի մոտ այդքան ելումուտ կանի՞:
Գողգոթա… Արամեերենից հայտնի է որպես գուլգուտա, բառացի՝ գանգ: Դա մի բարձունք է Երուսաղեմում, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը: Այդ վայրում, որտեղ գտնվել է Հիսուսի խաչափայտը, կառուցվել է Սուրբ գերեզմանի եկեղեցին: Այսօր «Գողգոթա» հասկացությունը փոխաբերաբար զուգահեռվում է ինքնազոհության եւ բարոյական տառապանքների հետ: Մենք հիմա ազգովի բռնել ենք այդ ճանապարհն ու գնում ենք, բայց, ի տարբերություն Հիսուսի, չգիտես՝ հանուն ում խաչվելու, չգիտես՝ ում համար բարոյապես տառապելու: Խաչ էլ չկա ուսներիս, որ ասենք՝ մեր խաչն ենք տանում… Մի ստախոս, պարծենկոտ, վախկոտ, պղծաբերան երեւույթ մեզ քշում է դեպի վերջին բարձունքը, ու մենք գլխահակ գնում ենք՝ թփերի մեջ փնտրելով նրա ձեռքով կործանված մեր ջրաղացի չախչախը…
Քիչ մնաց այս տարօրինակ էքսկուրսիային, տեղ ենք հասնում: Բայց արժե՞, արդյոք, հասնել գագաթին, որտեղ, ի տարբերություն Հիսուսի, մեզ համար ավարտվում է ամեն ինչ: Խաչ էլ չենք բերել մեր ուսին, որ գոնե խաչվենք, եւ մարդկությունը գոնե մի բացատրություն ունենա, թե այսպես ու այսպես, մի ողջ ժողովուրդ գնաց այդ սոսկալի զոհողությանը, որ աշխարհի մյուս ազգերն ու ժողովուրդներն ապրեն: Մեր մասին ասելու են՝ էշ նահատակներ: Մի Նիկոլ չկարողացան հեռացնել, որ չկործանվեն ու այս արեւի տակ իրենց երկիրը պահեն:
Հրեն, Նիկոլը թուրը քաշել՝ արշավում է Սուրբ Էջմիածնի ու հոգեւոր հայրերի վրա… Առաջնորդում է իր պիղծ հորդաները՝ քանդելու եւ ոչնչացնելու երկուհազարամյա մեր հավատը, որ չլինի թե մեկնումեկը մեր թափորից ուշքի գա ու կանգնեցնի անգիտության մեջ Գողգոթա բարձրացող այս ժողովրդին: Ծեծուջարդ է ամեն տեղ, շչակները միացրած հատուկ մեքենաների ոռնոց, քաուս, պրկված նյարդեր, մի բուռ դիմադրություն միայն: Իսկ հոտն իր համար, լուռ որոճալով, փարախ առ փարախ անջատ խմբերով ելնում է ի վեր, հետն էլ ինքն իրեն հարցնում մեկ-մեկ՝ ո՞վ բերեց սրան…