Հասարակություն

Արհեստական բանականությունը կարող է գործազուրկ դարձնել շատ լրագրողների

Արհեստական բանականությունը կարող է գործազուրկ դարձնել շատ լրագրողների

Արհեստական բանականության զարգացումը կարող է ապագայում գործազուրկ դարձնել բազմաթիվ լրագրողների։ Այս մասին հայտարարել է Blick Group-ի ներկայացուցիչ Լադինա Հեյմգարթները՝ Եվրոպական հրատարակչական այս տարվա կոնգրեսի ժամանակ, որն ընթանում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Նա նշել է, որ լրատվամիջոցները վերջին 20 տարում երեք շրջադարձային փոփոխություն են կրել։ Առաջինը համացանցի զարգացումն էր 2000-ականներին, երկրորդը՝ սոցցանցերի զարգացումն էր 2010-ական թվականներին եւ երրորդը, որ կապված է արհեստական բանականության հետ, տեղի է ունենում արդեն մեր օրերում։ Այս բոլոր փոփոխությունները, ըստ Լադինա Հեյմգարթերի, ազդել են թերթերի գովազդից ստացվող եկամուտների վրա, սակայն լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ կարողացել են հարմարվել առաջին երկու փոփոխություններին։ Եւ հիմա, երբ խոսքը երրորդ՝ ավելի գլոբալ փոփոխության մասին է, շատ լրագրողներ պարզապես կարող են դառնալ գործազուրկ։

Սրանով հանդերձ, նա նշել է, որ արհեստական բանականությունը կարող է նաեւ շատ սխալ եւ չստուգված տեղեկություններ հեղինակել, եւ եթե լրատվությունը վստահվի միայն արհեստական բանականությանը, ապա հնարավոր է, որ մարդիկ կորցնեն իրենց վստահությունը մամուլի նկատմամբ։ Հեյմգարթերը նշում է, որ ցանկացած կոնտենտ, որը ստեղծվում է արհեստական բանականության կողմից՝ որպես լրագրային նյութ, հարկ է, որ ստուգվի եւ ճշգրտվի մարդկանց կողմից։ Նշենք, որ այս տարվա Եվրոպական հրատարակչական կոնգրեսի օրակարգային հարցերն այս կամ այն կերպ վերաբերել են ոլորտի վրա արհեստական բանականության հնարավոր ազդեցություններին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image