ԱԺ-ում Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թ․ կատարողականի քննարկման ժամանակ հարց բարձրացվեց, որը հուզում է Հայաստանի բնակչության, կարելի է ասել՝ կեսին: Ինչո՞ւ է «Յանդեքս» տաքսի ծառայությունը կամայական գներ սահմանում եւ, օրինակ, անձրեւի ժամանակ կարող է կրկնակի բարձրացնել ծառայության գինը: Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը փոխանակ գոնե համաձայներ, որ կա նման խնդիր, որն իրենք չեն կարողանում լուծել, բայց աշխատում են, արդարացրեց «Յանդեքսին», ինչպես կարդարացներ, ասենք, «Յանդեքսի» PR բաժնի մենեջերը: Ասաց, որ անձրեւի ժամանակ Ա-ից Բ կետ հասնելու համար վարորդն ավելի շատ ժամանակ է ծախսում: «Դրանից բացի, կա գործակից, որն առաջարկ-պահանջարկի հիման վրա է: Առավելագույն գործակիցը մենք սահմանափակել ենք եւ սարքել ենք 2 անգամ, եւ 2 անգամից ավելի գործակցի պարագայում «Յանդեքս» ընկերությունն ընդհանրապես գումար չի աշխատում, այսինքն՝ եթե նույնիսկ գինը բարձրացավ, ամբողջ գումարը մնում է տաքսու վարորդին»,- ասաց նա:
Երեւի Գեղամ Գեւորգյանը կյանքում «Յանդեքսից» չի օգտվել: Չի պատկերացնում, որ, օրինակ, 900 դրամանոց ճանապարհը կարող է արժենալ ոչ թե առավելագույնը 2 անգամ ավելի՝ 1800 դրամ, այլ՝ 2 հազար 200, նույնիսկ՝ 2 հազար 700 դրամ, եւ ոչ միայն անձրեւի ժամանակ, այլեւ ամեն օր՝ 16.30-18.30-ի սահմաններում: Երկրորդ․ մի՞թե հարգարժան պարոնը չի հասկանում, որ սպառողի համար միեւնույն է՝ հավելվա՞ծն է իրենից լրացուցիչ գումար քերում, թե՞ վարորդը: ՄՍՇՊՀ նախագահին տնտեսագետ Հրայր Կամենդատյանն առաջարկում է ինքնավնասում անել, քանի որ հենց իր թողտվությամբ է «Յանդեքսը» երկրում գերմոնոպոլիզացված դիրքում հայտնվել: Նա եւ իր ընկեր տնտեսագետները հաշվարկել են, որ «Յանդեքսը» Հայաստանից տասնյակ միլիոններով գումարներ է տանում: «Հանդիպել ենք վարորդների պաշտպանության կազմակերպությունների հետ, եւ նրանք՝ բոլորն էլ դժգոհ են: Բայց ով որ խոսում է «Յանդեքսի» դեմ, քրեական գործեր են հարուցում: Փաստացի, ՄՍՇՊՀ-ն օգնում է ռուսական կապիտալով գործող այս ընկերությանը, մյուս կողմից էլ ասում են՝ «ռսի սապոգ», «Պուտլեր» եւ այլն։ Ամոթ է: Պետք չէ այդքան ստել»: Ելնելով սեփական փորձից՝ տնտեսագետը վստահեցնում է, որ ընկերության համակարգչային ծրագիրը հաճախ նույնպես ստում է: «Երբ վարորդը վարում է մեքենան, ցույց է տալիս, որ պահանջարկը շատ է, խցանումները մեծ են, բայց նստում ես ավտոմեքենա, ամբողջ ընթացքում կանաչ գծով գնում ես: Այս համակարգչային խորամանկությունները նշանակում են փող քերել, ոչ թե փող աշխատել»,- ասում է նա:
Օր-օրի վատանում է նաեւ «Յանդեքսի» կապը սպառողների հետ: Հազարավոր «կլիենտներ» ունեցող այս ընկերությունը փաստացի անհաղորդ է: Եթե քաղաքացին տարրական հարցով փորձում է դիմել ղեկավարությանը, օրինակ, երբ մոռացել է իրերը մեքենայում, ապա հույսը միայն վարորդի բարեխղճությունն է: «Մի օր ինձ թվաց՝ դրամապանակս թողել եմ տաքսու մեջ, որի համարն ունեի: Զանգեցի գրասենյակ, ասում եմ՝ էսինչ համարի տաքսու վարորդի հետ խոսեք, տեսեք՝ թողե՞լ եմ, թե՝ չէ, ասացին՝ մեյլով նամակ գրեք, մենք ոչ մի բան չենք խոստանում»,- մեզ պատմեց Երեւանի մի բնակիչ: