Կարդում եմ Միքայել Սրբազանի խոսքը կալանավայրից և չեմ կարող իմ զարմանքը և հպարտությունը չարտահայտել նրա Մարդ տեսակի մասին։ Երբ սովորական մարդը փորձության է հանդիպում, սկսում է մեղադրել բոլորին, ներառյալ՝ Աստծուն։ Մեր աչքի առաջ են ապօրինի կալանավորված մարդիկ, որոնք փխրուն են կավի նման և փլվում են առաջին իսկ փորձության ժամանակ։ Նրանց առողջականը տեղի է տալիս, հոգեբանական առումով դառնում են խոցելի․․․ Ուզում եմ մեջբերել Սրբազանի մի խոսքը, որը կարող է մխիթարել, ուժ տալ կալանավայրում գտնվող մեր քաղաքացիներին, ովքեր անցնում են դժվարին ճանապարհ․
«Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է»: Ո՞ր քրիստոնյան հպարտություն չի զգա, որ իր հոգևոր հայրերը մխիթարվում են Աստծով, և նա դա Աստծո կողմից տրված փորձություն է համարում։ Փոքրանում է մարդու դերը․ նա դա համարում է ոչ թե իշխանության անարդար, քաղաքական որոշում՝ որակումներ տալով, այլ մտածում է, որ Աստված փորձության է ենթարկում իրեն՝ ստուգելու իր հոգու ամրությունը, նվիրվածությունը ու ամենակարևորը՝ Աստված մխիթարում և զորացնում է նրան՝ գալիք փորձություններին դիմակայելու։ Չխորանալով քաղաքականության մեջ, ասեմ, որ երանելի՜ է այն երկիրը, որտեղ ահաբեկիչը նման բարձր որակներով, Աստծո խոսքի մեջ ապրող Սրբազաններն են։ Դրական վարքը, Սուրբ հոգով լցված լինելը նույնպես ,,ահաբեկչություն է,, այն մարդկանց համար, որոնք դա չեն ընդունում։ Որպես ՀՀ քաղաքացի, որպես քրիստոնյա հայ կարող եմ ասել՝ եթե ահաբեկիչը Սրբազանի պատկերով է, խաղաղ եմ․․․