Հարցազրույց

Ժողովրդական խոսք կա՝ եթե մարդը չի ամաչում, ամոթն ի՞նչ կանի նրան

Ժողովրդական խոսք կա՝ եթե մարդը չի ամաչում, ամոթն ի՞նչ կանի նրան

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՀԿ անդամ, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ 
Հարությունյանը
:

- Հասարակությունն այլ բան չունի անելու, քան պահանջատեր լինելը: Մարդիկ դեռ չեն պատկերացնում, թե իրականում ինչպիսի աղետի առաջ ենք կանգնած: Հասարակությունը պատրա՞ստ է դիմակայելու երկրում տիրող մարտահրավերներին, եւ, առհասարակ, Ձեր կարծիքը հասարակության վերաբերյալ՝ մինչ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո:

- Մինչեւ այս հեղափոխությունը հանրությունը մտածում էր իր առօրյա հոգսերի, իր աշխատանքի, մանր-մունր առօրյա հոգսերի մասին: Նա երկրի ճակատագրի մասին խորհելու, պայքարելու խնդիր չուներ: Երբ նրա ուսերին դրվեց պետության համար պատասխան տալու պարտականությունը, նա պատրաստ չէր, չգիտեր իր անելիքը: Եթե լավ հիշում եք, անգամ դպրոցական երեխաները հաճույքով դասերից փախչում, գնում էին միտինգների, որպեսզի տեղի ունենար, այսպես կոչված, հեղափոխությունը: Եվ տեղի ունեցավ: Պետությունը պատասխանավություն է կրում յուրաքանչյուր քաղաքացու համար, նրա բարեկեցիկ կյանքի, նրա ապագայի նկատմամբ ունեցած հավատի, նրա զավակների ապագայի նկատմամբ: Բայց այսօր ի՞նչ է տեղի ունենում: Պատերազմեցինք՝ ունեցանք զոհեր, գերիներ, փաստորեն, այդ գերիները ոչ մեկին պետք չէին, ոչ ոք ոչինչ չուզեց անել գերիներին փրկելու համար: Իսկ ո՞րն է պետության ֆունկցիան այս պահին, ինչպե՞ս պետք է վարվեր իր քաղաքացիների ճակատագրերի հետ, պիտի անտարբերությա՞ն մատներ, թողներ այս կամ այն պետության կամ այլ քաղաքական գործիչների հույսի՞ն: Եվ բոլորովին էլ զարմանալի չէր, որ հեղափոխություն ապրած երկիրն ունեցավ այդքան շատ կորուստներ: Մենք պարտվեցինք, մինչ օրս էլ պարտություն ենք կրում: Ավաղ, մեր երկիրը դարձել է Քաջ Նազարի երկիրը:

- Շատ է խոսվում եւ քննարկվում, որ մենք իշխանություն չունենք, ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկող դերակատարներ․ ի՞նչ կասեք այս մասին:

- Դա վաղուց էր հայտնի, որ այդպես էր: Ինչո՞ւ էինք ասում, որ թուրքական ծրագրեր են իրականացնում: Ես տեսել եմ, թե որքան գումարներ են Ադրբեջանից կամ Թուրքիայից մտել Հայաստան, ո՞ւր են այդ գումարները: Ուրիշ բան չասեմ, սեպտեմբերի եռօրյա պատերազմի ժամանակ մի քանի ադրբեջանցիներ ընկան շրջափակման մեջ, եւ ի՞նչ արեցին՝ բաց թողեցին, չփոխանակեցին գերիների հետ: Կամ՝ իրավունք չունի զինվորը կրակելու թուրքի վրա, ինչո՞ւ: Ես աշակերտներ ունեմ, երբ հարց եմ տալիս, թե ինչու չեք կրակում, նրանք ասում են, որ մեզ հրամանատարներն արգելում են կրակել: Ինչո՞ւ, թուրքին կարելի է սպանել, հայն իրավունք չունի՞ սպանելու: Ինչո՞ւ թուրքը եկավ հասավ մինչեւ Ջերմուկ: Ի սկզբանե նրանք ասացին, որ մեր զավակները զոհվել են հանուն ոչնչի, ներկան ի՞նչ է ցույց տալիս, որ մեր երեխաները զոհվեցին հանուն ոչնչի: Երբ լսում ես զինվորականների հարցազրույցները, մասնավորապես Մովսես Հակոբյանի եւ Սերյան Օհանյանի, արդեն պարզ է, որ նրանք մեկուսացված էին եւ իրավունք չունեին խառնվել պատերազմին: Ես այն կարծիքին եմ, որ դա իրենց քաղաքական համոզմունքներն էին, որ պետք է Ղարաբաղը տան թուրքին, դա իրենց վաճառքի ապրանքն էր, վաճառեցին, հիմա էլ շարունակում են վաճառել, եւ կյանքը ցույց կտա, թե հանուն ինչի վաճառեցին այս ամենը: Երկու տարբերակ կա՝ կա՛մ չեն հասկանում, չգիտեն ինչ անեն, կա՛մ կատարում են նրանց պատվերները:

- Չեն հասկանում՝ թող հրաժարական տան, եւ երկիրը ղեկավարի այն անձը, ով կարող է Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից:

- Երկու տարի պատերազմը շարունակվում է: Ինչո՞ւ է շարունակվում՝ որովհետեւ այս իշխանությունների ցանկացած սխալի դեպքում, ցանկացած երկրում կառավարությունը հրաժարական էր տալու՝ վարչապետի գլխավորությամբ: Երբ իրենք իշխանության հասան, մի գիրք էր լայն տարածվում. «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Երբ այդ գիրքը կարդացի, հասկացա, թե ինչու էին այդ գիրքը թարգմանել: Գիրքը սովորեցնում էր, որ ինչը քեզ դուր չի գալիս, դու կարող ես թքած ունենալ դրա վրա: Իշխանական թիմը թքած ունի բոլոր տեսակի պայքարի ձեւերի վրա: Սեպտեմբերի պատերազմից հետո Բաղրամյան փողոցը լիքն էր մարդկանցով, ինքնաբուխ մարդիկ դուրս եկան եւ նրա հրաժարականը պահանջեցին, բայց ո՞վ լսեց, նա եւ իր թիմը թքած ունեն ամեն բանի վրա: Մի ժողովրդական խոսք կա՝ եթե մարդը չի ամաչում, ամոթն ի՞նչ կանի նրան: Եվ սարսափելին այն է, որ իրենց ներսում բոլորն իրար նման մտածում են, իրար նման գործում, եւ ոչ մեկն ինքնուրույն կարծիք չունի, եւ իրենք գործում են իրենց բոլոր ասածներին հակառակ:

- Հայաստանի իշխանությունները խաղաղության դարաշրջան բացելու մասին են խոսում։ Առկա մարտահրավերների ու զարգացումների պայմաններում որքանո՞վ է իրատեսական խաղաղություն ունենալը մի պետության հետ, որտեղ սպանվում են մեր գերիները, պղծվում սպանվածների մարմինները:

- Ժողովրդական մի հեքիաթ կա, դա չեմ պատմում, բայց օձի պատասխանն եմ ասում. «Քանի աչքդ կընկնի քո տղայի գերեզմանին, իմ աչքն էլ կընկնի իմ կտրած պոչին, մեր միջեւ բարեկամություն չի կարող լինել»: Քանի դեռ մեր աչքը կընկնի Եռաբլուրին, Ծիծեռնակաբերդի հուշարձանին, քանի դեռ մեզ համար մեր երկիրը կմնա Ավետյաց երկիր, մենք չենք կարող սեղմել այդ ձեռքը: Մենք չենք կարող սեղմել այն ձեռքը, որից դեռ արյուն է կաթում, հայ կնոջ, հայ զինվորի արյունն է կաթում: Այսօր մենք մեր հողն ու ջուրը տվել ենք թուրքին՝ մեր միամտությամբ, եւ ինքը, զորացած մեր հողի, ջրի ուժով, գալիս է մեզ վրա կռիվ: Մենք հերթական ցեղասպանությունն ենք պատրաստում, երբ Հայաստանի սահմանից ենք հող տալիս թուրքին, ասում ենք՝ առ, ուժեղացիր եւ արի մեզ սպանիր:

- Հայաստանի իշխանություններն այսօր չեն բարձրացնում Նախիջեւանի հարցը, ի՞նչ նպատակ ունի այս քաղաքականությունը։

- Չի կարող բարձրացնել, եթե Արցախը սկուտեղի վրա, ձեւավորված, ծաղիկները վրան՝ նվիրում են թուրքին, ի՞նչ Նախիջեւանի հարց, ո՞նց կարող են պահանջել: Խոսում են Կարսի պայմանագրի մասին, որ ժամկետը լրանում է, այս 18 թիվը եկավ, որպեսզի Կարսի պայմանագիրն առաջ չգա, որովհետեւ համաշխարհային հզոր խաղացողներին դա ձեռք չէր տալիս: Հիմա էլ որոշ մարդիկ ամեն բան անում են Ռուսաստանին նեղացնելու համար, գոնե մեր շահերը համընկնում են, եւ ռուսական զորքն է այսօր մեզ պաշտպանում: Հանեն ռուսական զորքը, հաջորդ օրը թուրքը կնստի Երեւանում: Ես հավատում եմ մեր ժողովրդի առողջ մտքին, որ կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ, ուղղակի ափսոս էին մեր տղաները: Ժամանակն է՝ կանգնեցնել երկու տարի անընդհատ շարունակվող ստորացուցիչ պարտության քաղաքականությունը, տեր կանգնել մեր հայրենիքի իրական սահմաններին, վերականգնել մեր երկրի միջազգային հեղինակությունը՝ պաշտպանելով Արցախի ինքնորոշման իրավունքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image