Թվում է՝ ընտրությունների համար քաղաքական առաջարկների պակաս չկա, սակայն ընտրողների մեծ մասը՝ այդ առաջարկների «սպառողները», իրականում ընտրություն չունեն։
Սոցիոլոգիական հարցումների արդյունքներով՝ ընտրազանգվածի մոտ կեսը չկողմնորոշված է և չունի նախընտրելի թեկնածու։ Ըստ երևույթին, այս մարդիկ դեռ չեն կայացրել նաև ընտրություններին մասնակցելու որոշում։ Սակայն հենց նրանցից է կախված ընտրությունների արդյունքը, քանի որ այս ընտրությունները գնահատվում են որպես աննախադեպ վճռորոշ։
Անցած շաբաթ ավարտվեց ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը։ Արդյունքում ունենք հունիսի 7-ի ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած 19 հավակնորդ ուժ։ Հիշեցնենք, որ 2021 թվականին ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրել է 26 միավոր՝ 4 դաշինք և 22 կուսակցություն։ Դրանցից մեկը մինչև քվեարկության օրը ներկայացրել էր ինքնաբացարկ, և արդյունքում պայքարեցին 25-ով, բայց խորհրդարան անցավ ընդամենը երեք ուժ․ երկուսը՝ ստացած ձայների շնորհիվ, իսկ երրորդը՝ օրենքի ուժով։
Այսինքն՝ սկզբնական 26 մրցակիցներից իրականում անցողիկ շեմը հաղթահարեցին միայն երկուսը, իսկ հաջորդ ամենաշատ ձայներ ստացած, բայց շեմը չհաղթահարած ուժը մտավ խորհրդարան որպես անհրաժեշտ երրորդ խմբակցություն։
Այսպիսով, չնայած ընտրության թվացյալ առատությանը՝ փաստացի պայքարը երկու ուժերի միջև էր։ Սա կարելի է բնութագրել որպես «սև ու սպիտակ» դիմակայություն, որտեղ ընտրողը այլ տարբերակներ կամ այլ երանգներ չդիտարկեց։ Այս անգամ էլ գրեթե նույն պատկերն է լինելու։ 19-ից միայն մի քանիսը կարող են հավակնել ընտրական շեմի հաղթահարման, մյուսները դուրս են մնալու՝ փոշիացնելով իրենց տրված ձայները։ Բայց իշխող ուժի դեպքում այս անգամ շատ ավելի բարդ է լինելու հաղթելը, առավել ևս՝ սահմանադրական մեծամասնություն ունենալը, որովհետև այս անգամ ընտրողին ներկայացված ընդդիմադիր առաջարկում կա լուրջ բազմազանություն։
Այս անգամ նաև նկատելի է, որ ընտրազանգվածը հիմնականում գիտակցում է այս ընտրությունների աննախադեպությունը։ Ընդ որում, իշխող ուժը կորցրել է հասարակության զգալի մասի վստահությունը՝ պահպանելով միայն իր հիմնական աջակիցներին։ Տիգրան Քոչարյանի հաշվարկներով մոտ 400 000 մարդ աջակցում է Նիկոլ Փաշինյանին և հենց նրանց շուրջ էլ կառուցվում է Փաշինյանի ամբողջ նախընտրական ռազմավարությունը։
Նոր ընտրողներ ներգրավելու հնարավորությունները սահմանափակ են․ նրանք, ովքեր արդեն երես են թեքել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, դժվար թե վերադառնան դեպի ՔՊ, բայց կարևոր է, որ նրանք գան ընտրեղամաս։ Ուստի Նիկոլ Փաշինյանի հիմնական թիրախը շարունակում են մնալ այն մարդիկ, ովքեր դեռ վստահում են իրեն, և նա ամեն ինչ կանի, որպեսզի այդ մոտավոր 400 000 հնարավոր ամբողջական կազմով ներկայանա քվեարկության։
Այս պահին դեռ պարզ չէ՝ հայտ ներկայացրած 19 ուժերից քանիսը կգրանցվեն ընտրություններին մասնակցելու համար, և հետո դրանցից քանիսը կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայ այս անգամ ընդդիմադիր ձայների փոշիացումը կարող է ունենալ շատ ավելի վտանգավոր հետևանքներ։
Եթե ընտրություններում հաղթի ՔՊ-ն, ապա այն կդառնա Հայաստանի ամենաերկար կառավարած քաղաքական ուժը։ Հենց դա կանխելու համար է կարևոր, որ ընդդիմադիր դաշտը կարողանա արդյունավետ գործել։ Ընդդեմ իշխող ուժի քվեն փոշիացնելը ամենամեծ թշնամությունն է պետությանը, որը կարող են անել ընդդիմադիր ուժերը, ասում է Տիգրան Քոչարյանը։ Ընդ որում, նա կողմնակիցն էր, որ ընդդիմությունը ներկայանա ընտրություններին մի քանի խոշոր բլոկով և միավորվի արդեն խորհրդարանում։ Դա, նրա կարծիքով, ավելի ապահով է՝ թեկուզ գրանցման փուլում հիմնական ընդդիմությանը վտանգի չենթարկելու առումով։ Բայց տարբեր մանր-մունր ընդդիմադիրները կամ ընդդիմություն ձևացող անհայտ ուժերը, բնականաբար, մասնակցելով ընտրությանը՝ այս պահին չունեն հաղթանակի հույս կամ հավակնություն։ Նրանց նպատակը ընդդիմադիր հավաքական քվեն ջլատելն է։
Նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը խորապես հիասթափված է, որ ընդդիմությանը չհաջողվեց ձևավորել մեկ միասնական ճակատ։ Նրա համոզմամբ՝ կատարյալ համախմբումը կարող էր ապահովել անկասկած հաղթանակ։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հասարակության մտածող հատվածը մերժում է իշխող ուժին՝ ոչ այնքան ընդդիմության ճիշտ մարտավարության շնորհիվ, որքան հենց իշխանության ներկայացուցիչների գործողությունների պատճառով։ Իշխանության պատգամավորներն ու պաշտոնյաները իրենք են իրենց ընտրազանգվածի կորստի պատճառը՝ իրենց քայլերով, իրենց ելույթներով, գրեթե առանց ընդդիմադիրների ջանքերի։ Նրանք ստիպեցին, որ մտածող մարդը հեռանա իրենցից, հասկանա, որ այն, ինչ խոստացել էին, չարվեց, մինչդեռ արվեց այն, ինչ չէին խոստացել…
Դժվար է չհամաձայնել։ Ուղղակի նայեք ձեր շուրջը, դիտարկեք մարդկանց, ովքեր այսօր դեռևս գոհ են իշխող կուսակցության վարքից, ոճից, կերպարից, նրանց ասածներից ու արածներից, ովքե՞ր են գոհ, ինչպիսի՞ մարդիկ են գոհ, մտածո՞ղ են արդյոք՝ դատեք ինքներդ։ Իսկ մտածող մարդիկ ռացիոնալ մարդիկ են։ Նրանց պետք էր ցույց տալ պրոֆեսիոնալների, գիտակների ու փորձառուների միասնական թիմ՝ ներկա իշխանության փոխարեն, և մտածողները միանշանակ կգնային այդ ընտրությանը։ Այդպիսի միասնական թիմ, ըստ Հարությունյանի, այսօրվա ընդդիմությունը հանգիստ կարող էր ձևավորել, քանի որ, ի տարբերություն մինչհեղափոխական Հայաստանի, հիմա պրոֆեսիոնալները և փորձառուները ընդդիմության մեջ ավելի շատ են, քան իշխանության շարքերում։
Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք․ չգործեց ոչ «միասնական թիմի» տարբերակը, ոչ «երկու-երեք մեծ դաշինքների» տարբերակը։ Իհարկե, դեռևս կա նաև ինքնաբացարկի հնարավորությունը։ Ընտրական գործընթացում իրենց իրական կշիռը գնահատելուց հետո հնարավոր է, որ որոշ կուսակցություններ ինքնակամ դուրս գան պայքարից։ Դա դեռ կերևա և ի ցույց կդնի, թե ովքեր են իրականում պայքարում իշխանության դեմ, իսկ ովքեր՝ ծպտյալ աջակցում։
Եվ այսպես, առայժմ 19, բայց հույս կա, որ քվեարկության օրը այս թիվը ավելի փոքր կլինի։ Ակնհայտ «կես տոկոսանոց» ուժերը, գոնե դրանց մի մասը, ինքնաբացարկով դուրս կգան ընտրապայքարից՝ «ընդդեմ քվեն» չփոշիացնելու ազնիվ մղումով։
Ինչևէ, դեռ նրանք պետք է հաղթահարեն գրանցման փուլը․ մայիսի 4-ին վերջնական պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք։ Իսկ նախընտրական քարոզչությունը, որը ձեզ թվում է, թե վաղուց է սկսվել և արդեն «զահլա» է տարել, իրականում պաշտոնապես սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24։00-ն։
Այսինքն՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Այս ամենը, ինչ տեսանք, դեռ նախերգանքն էր․ հիմա մրցակիցները, ու հատկապես աթոռ պահելու մոլուցքից խենթացածները, ավելի են սաստկացնելու քարոզչական գրոհը՝ անամոթության և անսկզբունքայնության այս շքերթից շվարած հանրության վրա։