Հասարակություն

Բագրատ Սրբազանի գործով կհրապարակվեն իրական ձայնագրությունները

Բագրատ Սրբազանի գործով կհրապարակվեն իրական ձայնագրությունները

Քննչական կոմիտեն մի շնչով ավարտել է աղմկահարույց եւ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի քննությունը, դրանք ուղարկել դատախազություն՝ հաստատելու։ Դատախազությունն էլ ափալ-թափալ հաստատել է մեղադրական եզրակացություններն ու ուղարկել դատարան՝ քննության։ Եւ Բագրատ ու Միքայել Սրբազանների, ընդդիմադիր Ռուբեն Հակոբյանի եւ այլ ընդդիմադիրների գործերն արդեն հասել են դատարան՝ ընդամենը մեկ ու կես ամիս տեւած նախաքննությունից հետո։

34 հատոր, 18 մեղադրյալ պարունակող Բագրատ Սրբազանին առնչվող քրեական գործն ինչպե՞ս կարողացան 50 օրում քննել-զննել, հիմնավորել, որ նրանք «ահաբեկիչներ» են ու ավարտելով` ուղարկել դատարան։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը քաղաքական գործերով նախաքննության հապշտապ ավարտ հայտարարելու վերաբերյալ իր կարծիքն ունի, ասում է․ «Առաջինը՝ իրենց հետաքրքրությունների տիրույթում է, եւ երկրորդ, իմ կարծիքով, իրենք վստահ չեն, որ երկրորդ անգամ կալանավորման համար կկարողանան մտնել դատարան։ Իմ ենթադրությունն է, որը կյանքի իրավունք ունեցող է, որովհետեւ 2 ամսվա քննության ընթացքում ոչ մի նոր բան չեն ավելացրել գործում, ակտիվ  գործողությունների իմիտացիա են ստեղծել՝ խուզարկություններ, հարցաքննություններ, բայց ոչ մի նոր տվյալ չկա, ամենայն հավանականությամբ, դատարանները կարող էին` նույնիսկ մեր օրերի պայմաններում, ընդդիմանալ՝ առանձին անձանց բաց թողնել։ Հիմա գործն ուղարկվում է, Քննչականի տիրույթում չէ, դա էլ արդեն 6-7 տարվա փորձված մեթոդ է, որ երբ դատավորը մեկին բաց է թողնում, ասում են՝ նախկինների կոռումպացված դատարաններն են, չեն ասում՝ քննչականներն ու դատախազությունն այնքան վատ են աշխատել, որ դատարանն այլ ելք չունի, քան այդ գործողությունն անելը»։

Նախաքննության որակը չի՞ տուժել այսքան արագ ավարտելու պատճառով, փաստաբանն ասաց․ «Մարդկանց նպատակը եթե լինի հանցագործություն բացահայտել, ավելի ինտենսիվ գործողություններ կանեն, ավելի շատ կխորանան, նոր մարդկանց պետք է փորձեն բացահայտել, փորձաքննություն նշանակել եւ այլն, այս մարդկանց խնդիրն է՝ առաջնային շոու ապահովել, մարդկանց արագ տանել կալանքի, ենթադրվում է, որ փողոցային պայքար չլինելու համար էր արվում՝ համաձայնագրի ստորագրման դեմ, հիմա այդ հարցը լուծվել է, արդեն կարելի է գործն ուղարկել դատարան եւ մոռանալ դրա մասին»։

-Գիտենք, որ գործով մի ձայնագրություն մոնտաժված է, մյուս ձայնագրություններին եւս «ձե՞ռք են տվել»։

- Այո, իրականում այդպես է, ու առաջիկայում պարբերաբար առանց ընդհատվածները ներկայացնելու եմ, որ երբ է արվել, ինչ կոնտեքստում։

-Ապացույցը ձեւափոխելու, ընդհատելու, ձայնագրությունը մոնտաժելու հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում չեք ներկայացնելո՞ւ։

-Չէ իրականում, որովհետեւ իմաստ չունի, հրապարակային ներկայացնում ենք, իրենք իրենց արածի վրա ոչինչ չեն անի։

ՀԳ, հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այս գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաեւ Արթուր Սարգսյանը։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, հետագայում Հրայր սարկավագն ազատ արձակվեց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image