Քաղաքականություն

«Իմ քայլ»-ի ներսում կլինի բազմակարծություն

«Իմ քայլ»-ի ներսում կլինի բազմակարծություն

Արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովն արդեն իսկ իր առաջին նիստերն է հրավիրել, ընտրվել է ԱԺ-ի ղեկավար կազմը, մոտավորապես հայտնի է նաեւ, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ-ի մշտական հանձնաժողովները, կարճ ասած՝ ում ինչ դեր է վերապահված։ 

Քաղաքագետներից, վերլուծաբաններից ոմանք դեռ խուսափում են կարծիք հայտնել՝ սպասելով, թե նոր ԱԺ-ն ու կառավարությունը  ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններով, քաղաքական ծրագրերով են հանդես գալու։ Իսկ նրանք էլ, ովքեր չեն առաջնորդվում «սպասենք՝ տեսնենք»-ի տրամաբանությամբ, փորձում են ներկայացնել սեփական դիրքորոշումը։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը հիշեցնում է, որ մինչեւ ընտրությունները որոշ տեսաբաններ կանխատեսում էին, որ ԱԺ-ում չի լինելու  ընդդիմություն։ Սակայն, ըստ նրա, ԱԺ-ի առաջին նիստերն արդեն ցույց տվեցին, որ կա ընդդիմություն, կա քննադատություն կառավարող ուժի նկատմամբ։ Սրանից զատ, ըստ քաղաքագետի, ընդդիմությունն էլ միատարր չէ, կան տարբեր ընդդիմադիրներ։

«Տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր ընդդիմադիրներ տարբեր դիրքորոշում են արտահայտելու։ Որոշ հարցերի վերաբերյալ «Լուսավոր Հայաստանն» է հանդես գալու իր ընդդիմադիր դիրքորոշմամբ, որոշ հարցերում «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա որպես ընդդիմադիր։ Չի բացառվում, եւ շատ հավանական է, որ հենց «Իմ քայլը» դաշինքի ներսում լինեն տարբեր մոտեցումներ եւ ժամանակ առ ժամանակ դա կարող է արտահայտվել հենց քվեարկության եւ դեբատների ժամանակ։ Իսկ այն փաստը, որ առաջին քվեարկության ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվեարկել միասնական կերպով, ցույց է տալիս, որ կոնկրետ այդ հարցի (նկատի ունի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը) վերաբերյալ եղել է կոնսենսուս։ Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հարցերի վերաբերյալ կարող է լինել կոնսենսուս։ Մենք, կարծում եմ, ականատես կլինենք, որ այլ հարցերում կլինի ազատ քվեարկություն»,- ասաց քաղաքագետը։

«Իմ քայլը» քաղաքական դաշինքում ընդգրկված են տարբեր ոլորտների մասնագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Որքանո՞վ նրանք ունեն հստակ դիրքորոշում արտաքին, ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ։ 

«Ձեր նշած գործոնն ապահովելու է բազմակարծությունն «Իմ քայլ»-ի ներսում։ Մյուս կողմից էլ՝ դա ցույց է տալիս, որ նրանք ունեն ընդհանրական պատկերացում, հակառակ դեպքում նրանք չէին ներառվի «Իմ քայլ»-ի նախընտրական ցուցակի մեջ։ Այսինքն՝ որոշ հարցերի վերաբերյալ եղել է միասնական մոտեցում։ Ընթացքը ցույց կտա, թե որքանով են տարբեր հարցերի վերաբերյալ միասնական մոտեցում ցուցաբերում ԱԺ պատգամավորները։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ կարեւորագույն, սկզբունքային հարցերում կլինի կա՛մ կոնսենսուս, կա՛մ «Իմ քայլը» կունենա միասնական մոտեցում»,- մեր հարցին արձագանքեց Էդգար Վարդանյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image