Քաղաքականություն

Ո՛չ կաշառք կա, ո՛չ «վերեւից» զանգ․ դատավորները շվար վիճակում են

Ո՛չ կաշառք կա, ո՛չ «վերեւից» զանգ․ դատավորները շվար վիճակում են

Թավշյա հեղափոխությունը դաժան փորձաքար դարձավ մեր դատաիրավական համակարգի համար։ Հատկապես ծանր փորձության առջեւ կանգնեցին այն դատավորները, որոնք նախկին իշխանությունների օրոք վճիռներ էին կայացնում Բաղրամյան 26-ից ուղղորդված հրահանգներով։ Եթե նախկինում հանրային հնչեղություն ունեցող գործերի դեպքում նրանք ուղղակի առաջնորդվում էին նախագահականից կատարված զանգերով, ապա վերջին ութ-ինն ամիսներին բոլորովին այլ է պատկերը։ Կա փողոց փակելու պրակտիկան կիրառող հանրություն, կան սոցիալական ցանցեր, որի օգտատերերը հարկ եղած դեպքում անարգանքի սյունին են գամում անցանկալի դատավորներին, պաշտոնյաներին, տարբեր անհատների։

Դժվար չէ հիշելը, թե «Ֆեյսբուք»-ում  ինչ «թուք ու մուր» էին տալիս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որն ազատ էր արձակել  մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարվեցին եւ  ինքնաբացարկ հայտնեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, Դավիթ Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը։ Մամուլում շրջանառվում էին այդ գործով ինքնաբացարկ հայտնած այլ դատավորների անուններ եւս։  Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ լրագրողների հետ զրույցում «անկեղծացել» էր, որ դատավորները ամեն հնարավոր տարբերակ գտնում են՝ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից խուսափելու համար։ 

Փաստաբան Աշոտ Սարգսյանը, որը հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյանների շահերի պաշտպանն էր, մեզ հետ զրույցում, անդրադառնալով դատաիրավական ոլորտի խնդիրներին,  նշեց․ «Դատական համակարգը շուտափույթ պետք է փոխվի։ Նրանք քսան տարի ինքնուրույն աշխատանք չարած մարդիկ են։ Խոսքը վերաբերում է նրանց ութսուն տոկոսին։ Քաղաքացին երբ հիվանդանում է, իրավունք ունի՞, չէ՞, ընտրելու բժշկին։ Բայց դատավորի դեպքում չի կարող ասել, չէ՞, որ այս դատավորին չեմ ուզում, մեկ ուրիշ դատավորի եմ ուզում։ Լավագույն դեպքում ինքը կարող է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, որ գա մյուս դատավորը։ Դրա համար, կարծում եմ, դատական համակարգը պետք է շուտափույթ լուծարվի, համալրվի այն դատավորներով, որոնք կարող են անաչառ քննություն իրականացնել»։  

Փաստաբանը հիշում է, որ նախկինում կար երկու գործոն՝ կաշառք եւ «վերեւից» զանգ։ Եվ , ըստ նրա, հիմա քանի որ ո՛չ կաշառք կա, ո՛չ «վերեւից» զանգ, խեղճ դատավորները հայտնվել են շվարած վիճակում։

«400 հազար դրամով ինչի՞ պետք է մեղադրական եզրակացություն կարդան։ Օրերով, շաբաթներով աշխատում են, վճիռ գրում, 30 միլիոն դրամով քաղհայցը բավարարում են, իրենք ստանում են 400 հազար դրամ, ինչո՞ւ պետք է այդ գումարով գլուխ ուռացնեն, վարույթում վերցնեն 30 գործ։ Այս մտածելակերպով են աշխատում մինչեւ հիմա»,- նշեց փաստաբանը։ Մեր դիտարկմանը, թե դատավորների աշխատավարձը բարձրացվել է, նա արձագանքեց․ «700 հազարով դատավորը 32 վարույթում գտնվող գործը դատավորը կարո՞ղ է քննել։ Դրա համար էլ այդ որակի դատավճիռներ ենք ստանում»։ 

Համեմատելով նախկին իշխանությունների օրոք դատավորների աշխատանքը ներկայի հետ՝ Աշոտ Սարգսյանը հիշեցնում է․ «Ոչ թե թավշյա հեղափոխությունից հետո, այլ մինչ այդ էլ կային իրենց վրա աշխատող, կարդացող դատավորներ, որոնք փաստաբանին համոզել են, որ իրավական տեսանկյունից իրենք ճիշտ են։ Եվ երբ ասում ենք՝ դատական համակարգ, չի կարելի պիտակավորել։ Քանի՞ դատավորի հանեցին գործից, Պարգեւ Օհանյանին չհանեցի՞ն»։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image