Էկոնոմիկայի նախարար Պապոյան Գեւորգի ասելով, «ՔՊ-ն ունի էսպիսի հատկանիշ՝ մեր ժողովուրդը երբ ուզի, ՔՊ-ի ձեռքից կարող է իշխանությունը վերցնել, վաղն էլ, 2026-ին էլ…»: Դատողությունը, իհարկե, պապոյանական ծագում չունի` այն ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի սեւեռուն գաղափարն է՝ այն պահից սկսած, երբ գիտակցեց, որ ինքն այլեւս զանգվածների առաջնորդը չէ: Բայց բոլորս գիտենք, որ վաղը եթե ժողովուրդը ցանկանա էլ, միեւնույն է, չի կարող ետ վերցնել տեղապահին, իր բառապաշարով ասված, ժամանակավորապես տրված իշխանությունը: Դա մեծ բլեֆ է, ինչով արդեն քանի տարի կերակրում է ժողովրդին: Եթե բլեֆ չլիներ, ապա ժողովուրդը պետք է մի քանի անգամ ետ ստացած լիներ իշխանությունը: Վերջին անգամ նախորդ մայիսին, երբ Հանրապետության հրապարակը ծայրից ծայր լցված էր «իշխանության տեր» ժողովրդով: Բայց, որքան հասկանում եմ, նույն այդ ժողովրդի ինչ-որ մաս դեռ հավատում է այդ հեքիաթին: Որովհետեւ, եթե չհավատար, ապա ոչ միայն վարչապետ կոչվածը, այլեւ ըստ ոլորտների կամ տարածքների նրա տեղապահները չէին կրկնի այդ անհեթեթությունը: Որովհետեւ եթե ժողովուրդը, ըստ ժողովրդավարության սկզբունքների կարող է իշխանափոխություն կատարել միայն ու միայն ընտրությունների միջոցով, ապա ինչպե՞ս է հնարավոր հենց վաղը վերցնել իշխանությունը, եթե այդ օրը նշանակված չեն ընտրություններ: Միմյանց հակասող այդ նախադասությունների շարանը թողնենք առկախված, շարունակենք հետեւել նախարարի բարձր պաշտոնին արժանացած անձի մյուս մտավարժանքներին:
Ժողովրդավարությունը, նրա ասելով, պետք է պաշտպանի իրեն, ինչը կատարվում է ընտրողների՝ ընտրատեղամասեր գնալով ու քվեարկելով: Եվ այդ քվեարկության արդյունքն էլ պետք է կանխատեսելի լինի՝ ժողովուրդը պետք է ձայն տա այն ուժերին, ովքեր պաշտպան են կանգնում ժողովրդավարությանը: Որովհետեւ, նրա ասելով, ժողովուրդը կարող է նաեւ սխալ ընտրություն կատարել ու իր քվեն հանձնել բռնապետական ուժերին, որոնք տասնյակ տարիներ կպահեն իշխանությունը եւ այն չեն վերադարձնի իշխանության իրական տերերին, այսինքն` ժողովրդին: Ինչպես, իր ասելով, կատարվել է բազմիցս, ու դա կատարվել է նաեւ Հայաստանում: Բայց Պապոյանը, ենթադրաբար, «մոռանում» է, որ ՔՊ-ի առաջնորդը վարչապետ կարգվեց ժողովրդավարության նորմերի խախտումներով` փողոցի բիրտ ուժի ճնշման շնորհիվ: Դա իրենք անվանում են հեղափոխություն, բայց այդ անվանումը չի փոխում երեւույթի էությունը: Այն է՝ 2017-ին ընտրությունների գնացած ու քվեարկած ժողովրդից նրա իշխանությունը խլելը եւ դրան առանց ընտրությունների տիրելը:
Հաշվի առնելով, որ վերջինիս խոսքի համատեքստում Գյումրու ու Փարաքարի ընտրություններն էին, նշանակում է, որ թե՛ մեկում եւ թե՛ մյուսում պարտվեց ժողովրդավարությունը: Քանի որ ՔՊ-ն հաջողություն չգրանցեց, եւ «ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունը չկարողացավ տեր կանգնել «իրեն վստահված» իշխանությանը: Այսինքն, միայն մեկ անձի խնդրանք-հորդոր-հրահանգների հիման վրա կառուցված իշխանությունը հենց այն է, ինչն Արեւմուտքում դարերով մշակվել ու վերջնականորեն անվանվել է ժողովրդավարություն: Այդ դեպքում մեզ մնում է ընդամենը աղոթել, որ Աստված ազատի նման «ժողովրդավարությունից»:
ՀԳ. Ստիպված եմ անդրադառնալ նաեւ մեկ այլ երեւույթի, ինչն ամբողջությամբ բանասիրության ոլորտից է: Դա դարձվածքների մասին Պապոյանի ուսուցողական խոսքն էր՝ լրագրողներին ուղղված: Ասեմ, որ լավ է, որ մասնագիտությամբ տնտեսագետ էկոնոմիկայի նախարարը տեղյակ է նաեւ բանասիրությունից: Բայց ստիպված եմ նրան տխրեցնել՝ ասելով, որ իր իմացածը թերի է: Դարձվածքները լինում են երեք տեսակի, եւ առաջինը հենց նրա ներկայացրածն է, որի դեպքում խոսքային այդ արտահայտության բաղադրիչները կորցնում են իրենց ինքնուրույնությունը եւ մեկ միավոր ամբողջության մեջ ձեռք են բերում փոխաբերական իմաստ: Սակայն մյուս տեսակների դեպքում ավել կամ պակաս չափով պահպանվում է բաղադրիչների ինքնուրույն իմաստը: Ու խիստ վիճելի պնդում է, թե «Շները հաչում են, քարավանը գնում է» արտահայտությունը պատկանում է հենց առաջին տեսակին: