Քաղաքականություն

Մեղավորը սլովակ նախարարը չէ, այլ ՀՀ իշխանությունը

Մեղավորը սլովակ նախարարը չէ, այլ ՀՀ իշխանությունը

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակն այս տարվա փետրվար և մարտ ամիսներին հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել. պարզաբանում, բացատրություն չի ուզել, բողոքի հայտագիր (նոտա) Սլովակիային չի ներկայացրել: Ենթադրում եմ, որ պարոն Կալինյակը տեղյակ չէ, որ հայերն ապրել են Լեռնային Ղարաբաղում այն հնագույն ժամանակներում, երբ գրավոր աղբյուրներում սլավոնների վերաբերյալ դեռևս արձանագրումներ չեն արվել: Էլ չասած սլավոնների՝ հյուսիսային կամ հարավային, արևելյան կամ արևմտյան հատվածների տարբաժանման մասին: Շարունակենք, Ռոբերտ Կալինյակը դժվար թե իմանար, որ պատմական Հայաստանի (հա, վայ, Նիկոլի չսիրած արտահայտությունը կիրառեցի) այդ տարածաշրջանում է բացվել մեզ հայտնի առաջին հայկական դպրոցը: Ու դա տեղի է ունեցել ավելի քան 1500 տարի առաջ: Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված (այլ տարբերակով՝ հայտնաբերված) հայոց գիրն աշակերտներին հենց հեղինակի կողմից ուսուցանելու նպատակով: Ինչ մնում է Ադրբեջանին, այդ ժամանակաշրջանում աշխարհն ընդհանրապես չէր էլ պատկերացնում, որ Միջին Ասիայից իրենց ոչխարների հոտի հետ Հայկական լեռանաշխարհ գաղթած թյուրքախոս ցեղերից մեկի անվանումը 20-րդ դարի բռնակալներից մեկի կողմից «ադրբեջանական» է դրվելու: Որպեսզի այդ նորօրյա էթնոսի՝ 21-րդ դարի բռնակալ առաջնորդներից մեկն էլ հայության պատմական հայրենիքի մի մասը համարեր Ադրբեջանի անբաժան տարածք: Ու դա քաղաքական կոնյուկտուրայի հենքի վրա արձանագրեր Սլովակիայի պաշտպանության նախարարը:

Այնուամենայնիվ, դա չէ կարևորը, այլ այն, որ ժամանակին ինքն իրեն «դուխով» հռչակած անձն իր պատասխանատվությամբ ու, բնականաբար, մեղավորությամբ խայտառակ պարտությունից հետո ընդունեց անընդունելին. Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելը: Բայց այդ դեպքում ստացվում է, որ հայաստանցիներն ու արցախցիները ոչ թե Ադրբեջանից ազատագրել են պատմական Արցախի մի մասը, այլ Հայաստանն է օկուպացրել Ադրբեջանի անբաժան մաս Լեռնային Ղարաբաղը: Բայց դա էլ, իր հերթին, նշանակում է, որ դրա դեմ Հայաստանի գործող իշխանությունը ոչինչ ասել չի կարող՝ նույնիսկ եթե շատ ցանկանար: Ինչը, ինչպես տեղյակ ենք, իսպառ բացակայում է իշխանության միջանցքները չափչփող անձանց շրջանում: Եվ այդ իշխանությունը չի կարող բողոքել այն բանի դեմ, ինչի հնարավորությունը ստեղծվել է հենց իր գործողությունների արդյունքում:  
Եվ նույնիսկ դա էլ չէ էականը, այլ այն, որ երբեմնի «դուխով» անձի կողմից Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նշանակված Սիմոնյան Ալենի կարծիքով, արցախցի մեր հայրենակիցները հայ ժողովրդի մաս չեն կազմում: Դա նույնն է, որ ասվի, թե սյունեցիները հայ ժողովրդի մաս չեն կազմում: Ինչևէ, խնդրեմ վկայությունը. «Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. այն, ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու» (խոսքն ուղղված է արցախցի ինչ-որ անձանց)։ Չմոռանանք, որ ժամանակին Ակնայի (Աղդամի) այգիներում մի քանի նուռ ձեռքին նկարվող Սիմոնյանի կարծիքով այդ տարածքն իր հայրենիքն էր: Ինչը նշանակում է, որ այնտեղ բնակվող ժողովուրդն էլ հայ ժողովուրդ էր: Իսկ այսօր նույն այդ ժողովուրդը ներկայացնող առանձին անձինք Ալենի աչքում վերածվել են նրանց, ովքեր փորձելու են «Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել»։

Ճշմարտությունն, իհարկե, լրիվ հակառակն է. Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել փորձում հենց իշխանությունը՝ ազգը բաժանելով ու երկպառակություն մտցնելով նրա մեջ: 

Ալենին կրկնօրինակում է Կարապետյան Մարիա անունով մեկ այլ երեսփոխան՝ ասելով, թե իրենք «թույլ չեն տալու հիմա էլ Հայաստանում անել այն, ինչ Լեռնային Ղարաբաղում արեցին»: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ արեցին այդ մարդիկ Լեռնային Ղարաբաղում: Հայաստանի գործող իշխանության կողմից դավաճանված ու թշնամու կողմից շրջափակված Արցախում մարդիկ ամիսներով մաքառեցին սովի դեմ: Իսկ երբ թշնամին չորս կողմից անցավ զինված հարձակման՝ նրան պատճառելով այն աստիճանի վնասներ, որ ռազմական փորձագետների շրջանում դա հիացական գնահատականի էր արժանացել: Ինչ մնում է Հայաստանում գործող իշխանության ներկայացուցիչներին, ապա չեմ կարծում, որ նրանք ի վիճակի կլինեն անել արցախցիների արածների 10 տոկոսը՝ եթե, Աստված չանի, Հայաստանը հայտնվի Արցախի վիճակում: Եվ փախուստի կամ թուրքի առջև ծունկ չոքելու շարքում դրանք կլինեն առաջինները:     
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image