Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին վերջին օրերի անկարգությունների ֆոնին ընդգծել է, որ անհրաժեշտ է ճնշել այն գործողությունները, որոնք սպառնալիք են ստեղծում երկրի անվտանգությանը։ Նա նշել է, որ դատական իշխանությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի նրանց դեմ, ովքեր վնասում են մարդկանց և հանրային գույքը։ Լարիջանին հավելել է, որ բողոքի ցույցերը պետք է տարբերակել զանգվածային անկարգություններից, քանի որ որոշ մարդիկ օրինական պահանջներ էին ներկայացնում, մինչդեռ կործանարար ուժերը փորձում էին խառնել իրավիճակը։ Իրանի բանակը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է ուժով պաշտպանել ռազմավարական ենթակառուցվածքները և հանրային սեփականությունը։ Բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ նրանք մոնիթորինգ են իրականացնում տարածաշրջանում հակառակորդի գործունեության նկատմամբ և պատրաստ են պաշտպանել ազգային շահերը։ Այս հայտարարությունները գալիս են այն ժամանակ, երբ երկրում տեղի են ունենում զանգվածային անկարգություններ, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը և կարող են հանգեցնել տնտեսական ճգնաժամի։
Իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Իրանում տեղի ունեցող պրոցեսներին, ասում է. «12-օրյա պատերազմից հետո, երբ ԱՄՆ-ն Իսյարելի ձեռքով հարձակում գործեց Իրանի վրա, ուներ մեկ բուն նպատակ` Իրանում հասնել իշխանափոխության: Ինչպես տեսանք` Իրանում բնակչությունը չտրվեց այդ սպառնալիքներին, չհետևեց Ամերիկայի կոչերին և քայլ չարեց իր իշխանությունների դեմ: Իսրայելը պատերազմի արդյունքում չկարողացավ իր նպատակին հասնել` Իրանում հասնել իշխանափոխության, այժմ Իսրայեը ունի մեկ նպատակ` մասնատել Իրանը: Այժմ Իրանը կանգնել է լուրջ սահմանափակումների առաջ, ԱՄՆ-ն այդ քայլերով իրանական կողմին լուրջ տնտեսական խնդիրների մեջ է ներքաշել: Այս ամենին էլ ինչպես գիտենք տեղի ունեցավ արտարժույթի նոր, թռիչքային բարձրացում: Իրանում այժմ իրավիճակը լարված է բոլոր առումներով: Թանկացումներ են ու մի շարք այլ պրոբլեմներ»: