Երեկ հայաստանյան մամուլում եւ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Իտալիայի Կալաբրիա նահանգի Gioia Tauro նավահանգստում շուրջ երեք տոննա կոկաինի առգրավման մասին տեղեկությունը: Թմրանյութն առգրավվել էր բանան տեղափոխող երկու բեռնարկղերից, որոնք նախատեսված էին Հայաստանի համար: Որքան էլ Հայաստանում արտառոց եւ ուշագրավ էր տեղեկությունը, Իտալիայի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող, 1770-ին հիմնադրված Guardia de Finanza-ի (մոտավոր թարգմանությամբ` Ֆինանսական ոստիկանության) համար, որը հայտնաբերել, առգրավել եւ ոչնչացրել է 2700 կգ-ից ավելի թմրանյութը, դա առօրեական իրադարձություն է, ուշագրավն ու անսովորը միայն խմբաքանակի մեծությունն է:
Սովորաբար, որքան կարելի է հասկանալ, ավելի համեստ քանակներով են թմրամիջոցների միջազգային փոխադրումներ իրականացվում: Եվ Gioia Tauro-ով անցնող թմրանյութերի երթուղին սովորաբար Հարավային Ամերիկայից Սեւ ծով ձգվող նավարկություններն են լինում, որոնցով ամերիկյան էկզոտիկ մրգեր են արտահանվում: Մրգերը գնում են Հունաստան, Վրաստան, Խորվաթիա, այս անգամ` Հայաստան եւ այլն, բայց մրգերից բացի, բեռնարկղերը պատահում է փոխադրում են հարյուրավոր կիլոգրամներով թմրանյութ: Մեծ հավանականությամբ թմրանյութով բեռնարկղերը «անհետանում են» Միջերկրական ծովում եւ անցնում նարկոբարոնների տնօրինությանը: Ի վերջո, գլխավոր գործող անձը այդտեղ տրանսպորտային ընկերություններն են, տվյալ դեպքում Հարավային Ամերիկայից Սեւ ծով էկզոտիկ մրգեր բեռնափոխադրող ընկերությունները` միեւնույն է, թե այդ ճանապարհին գտնվող որ երկիր:
Որպեսզի Հայաստանին առնչված երեկվա տեղեկությունը համատեքստում ընկալվի` ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջական եւ պաշտոնական մամլո այդ հաղորդագրությունը, որը երեկ տարածել է Իտալիայի Կալաբրիայի շրջանի Ֆինանսական ոստկանությունը առգրավված 2700 կգ կոկաինի մասին, եւ որից կցկտուր տեղեկությունները տարածվել էին ռուսաստանյան եւ հայաստանյան մամուլում: Նաեւ տեղեկացնենք, որ երեկ հարցում ենք ուղարկել Իտալիայի Ֆինանսական ոստիկանություն` խնդրելով, եթե գաղտնիք չէ, հայտնել հայաստանյան ընկերության անունը, ում կողմից ներմուծվող բանանի խմբաքանակի միջից հայտնաբերվել է 2700 կգ թմրանյութը, եւ տրանսպորտային ընկերության անունը, որը իրականացրել է ծովային փոխադրումը:
GUARDIA DI FINANZA
(Ֆինանսական ոստիկանություն)
Comando Provinciale Reggio Calabria
(Կալաբրիայի նահանգի նահանգային հրամանատարություն)
Մամլո հաղորդագրություն
16/05/2023
Կալաբրիայի շրջանի Ֆինանսական ոստիկանություն.
Պայքար թմրամիջոցների շրջանառության դեմ. Բեռնարկղերում թաքցված ռեկորդային` ավելի քան 2700 կգ թմրամիջոցների առգրավում Ջոյա Տաուրո (GIOIA TAURO) նավահանգստում
Կալաբրիայի նահանգի ֆինանսական ոստիկանները եւ Ջոյա Տաուրո նավահանգստի մաքսային ծառայության աշխատակիցները Կալաբրիայի նահանգի դատախազության համակարգման և ղեկավարության ներքո, ավարտին են հասցրել թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության դեմ իրականացված բարդ օպերացիա` առգրավելով 2734 կգ մաքուր կոկաին:
Բացառիկ արդյունքը ձեռք է բերվել հետախուզական գործողությունների եւ առեւտրային երթուղիների մշտական վերլուծության արդյունքում, որոնք Հարավային Ամերիկայից ձգվում են Սև ծով եւ անցնում են Կալաբրիայի նավահանգստով:
Քննիչները տարանցման մեջ գտնվող հազարավոր բեռնարկղերի (կոնտեյներ) մեջ կարողացել են նույնականացնել երկուսը, որոնք եկել էին Էկվադորից եւ նախատեսված էին Հայաստանի համար, որտեղ ժամանելու էին Վրաստանի Բաթումի նավահանգստով:
Գտնված փաստաթղթերի մանրազնին ուսումնասիրությունները եւ առեւտրային ձեռնարկի մեջ ներգրավված ընկերությունների` տվյալների բազաների միջոցով իրականացված խաչաձև ստուգումները հաստատել են առաջ քաշված հետաքննական վարկածները եւ անհրաժեշտությունը` ստուգելու 12 մետրից ավելի երկարությամբ 78 տոննա բանան պարունակող երկու սառնարանային բեռնարկղերը:
Կոկաինը հայտնաբերվել է երկար եւ բարդ հետախուզական գործողությունների արդյունքում՝ ADM-ին փոխանցված հատուկ սկաներների օգնությամբ, Guardia di Finanza-ի շների ստորաբաժանումների եւ թմրամիջոցներ հայտնաբերելուն վարժեցված Ջոել շան ներգրավմամբ
Ընդհանուր առմամբ, Ջոյայի Fiamme Gialle-ի եւ Խարդախության դեմ պայքարի դեպարտամենտի պաշտոնյաների կողմից առգրավված թմրանյութը ունեցել է շատ բարձր մաքրություն, գտնվել է կատարյալ վիճակում, եւ մաքսանենգությունն իրականացնողներին կարող էր բերել ավելի քան 800 միլիոն եվրոյի եկամուտ:
Հաշվի առնելով առգրավված թմրանյութի մեծ քանակությունը՝ Guardia di Finanza-ի 30 մասնագիտացած զինվոր է ներգրավվել խմբաքանակի փոխադրման եւ հետագա ոչնչացման համար` հոգալով նաեւ անվտանգության մասին:
Այս առգրավմանը նախորդած օրերին իրականացված ռիսկերի համալիր վերլուծությունը, փաստացի բացահայտումները հարավ-ամերիկյան մայրցամաքից եկող հազարավոր բեռարկղերում, թույլ են տվել Ֆինանսական ոստիկանության զինվորներին եւ մաքսային ծառայողներին հայտնաբերել կոկաինի եւս մի հավելյալ խմբաքանակ` շուրջ 600կգ: Այս դեպքում թմրանյութը խելամտորեն թաքցված է եղել 6 բեռարկղերի մեջ` յուրաքանչյուրում տարբեր կերպ. ապրանքների մեջ, կեղծ հատակների տակ, արկղերի արտաքին խոռոչներում:
Բոլոր բեռնարկղերը էկզոտիկ մրգեր էին տեղափոխում Էկվադորից, եւ Gioia Tauro-ի տարանցումից հետո ժամանելու էին տարբեր նավահանգիստներ, ինչպես Իտալիայում, այնպես էլ արտերկրում՝ Խորվաթիա, Հունաստան, եւ նորից` Վրաստան:
Թմրանյութերի քողարկման մեթոդները տարբեր են եւ հետեւողականորեն զարգացվում են, ինչը հարկադրում է քննիչներին ժամանակ առ ժամանակ կատարելագործել նաեւ քննչական գործողությունների մեթոդաբանություն։
Ծառայողական գործողությունը, որ իրականացվել է Կալաբրիայի շրջանի դատախազության համակարգմամբ և ղեկավարությամբ, վկայում է Guardia di Finanza-ի եւ Մաքսային ու մենաշնորհների գործակալության միջեւ առկա շարունական եւ արդյունավետ համագործակցության մասին, որ էլ ավելի է ամրապնդվել երկու կառույցների միջեւ 2023թ. ապրիլի 3-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով:
Մասնավորապես թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ Ջոյա Տաուրո նավահանգստում 2021թ. հունվարից առ այսօր՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 37 տոննա կոկաին: